«Անտրամաբանության դեմ կա միայն մեկ զենք՝ տրամաբանություն, մենք փորձելու ենք տրամաբանորեն հասկացնել, որ սրանք սխալ որոշումներ են». Ռուբեն Բաբայան

«Մեր օրերում սկսել են չտարբերակել առաջնային և երկրորդական խնդիրները։ Սխալ են ըմբռնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում թատրոնը, ո՞վ է որոշում թատրոնների քանակը և ինչպե՞ս պետությունը կարող է աջակցել այդ թատրոնների պահպանությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության որոշման նախագծին, որով պետք է լուծարվեն մի շարք մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր ընթանում են թեժ քննարկումներ՝ կապված Համազգային թատրոնի և մշակութային որոշ հաստատություների լուծարման հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բան այն է, որ մշակութային հաստատությունների լուծարման մասին նախագիծն օրեր առաջ հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Պարզաբանելով այդ ամենը, Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ասել էր, որ մշակութային հաստատությունների և Համազգային թատրոնի լուծարման մասին փաստաթղթերն ընդամենն առաջարկների փաթեթ է, և ամեն ինչ դեռևս վերջնական չէ։ Նրա բնորոշմամբ, Համազգային թատրոնի առանձնահատկությունն էլ այն է, որ հիմնադրել է Սոս Սարգսյանը։

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ պետությունը երբեք չի կարող որոշել, թե քանի թատրոն է պետք ունենալ, որոշողը հանրությունն է, իսկ պետությունը կարող է անել միայն մեկ բան՝ աջակցել հանրության պահանջներին, ստեղծվող թատրոններին, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։

«Մեզանում հաճախ խառնում են երկու հասկացողություն՝ պետական թատրոն և պետական աջակցություն ստացող թատրոն։ Իրականում պետական թատրոն, որպես այդպիսին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում՝ Հայաստանում չկա։ Պետական թատրոն նշանակում է՝ թատրոն, որը 100 տոկոսով հիմնված է պետական դոտացիայի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս բոլոր թատրոնները՝ լինեն մասնավոր, համայնքային, հասարակական կազմակերպությունների և այլն, բոլոր երկրներում այս կամ այն չափով ստանում են պետական աջակցություն։ Որևէ պետություն չի կարող իր բյուջեից պահել այդքան շատ թատրոններ, դրա համար էլ գալիս է երկրորդ կարևոր հարցը, որի դեպքում պետք չէ հնարել հայկական հեծանիվ՝ դա օրենքն է մեկենասության և հովանավորչության մասին։

Մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի թատրոններն ինքնուրույն օգտվելով այդ օրենքներից՝ կարողանան ապահովել իրենց գոյությունը։ Հայաստանում այդ օրենքները չկան, քանի դեռ այդ օրենքները չկան, որոնք անհրաժեշտություն են մշակույթում և մեր պարագայում թատերական գործունեություն ծավալելու համար, խոսել լուծարելու, միացնելու կամ կարգավիճակը փոխելու մասին՝ անիմաստ է։ Անհրաժեշտ է ստեղծել այդ օրենքները, որից հետո միայն անդրադառնալ հարցին, թե պետությունը որ թատրոնն է համարում առաջնային՝ պահելու պետական բյուջեի հաշվին, և որ թատրոնը կարող է օգտվելով այդ օրենքներից՝ պահպանել իր գոյությունը»,- նշեց Ռ. Բաբայանը։

Չցանկանալով առանձնացնել որևէ թատրոն, Ռուբեն Բաբայանը նկատեց՝ այն, որ Սոս Սարգսյանը ստեղծել է Համազգային թատրոնը՝ շատ լավ է, քանի որ լավագույն թատրոնները ստեղծվում են անհատի շուրջ, օրինակ՝ Վախթանգովի, Տագանկայի և այլ թատրոններ։

«Թատրոնները ստեղծվում են թատերական գաղափարի շուրջ՝ իր կրողի կողմից, իսկ այստեղ կրողը եղել է Սոս Սարգսյանը։ Երկրորդը՝ կա խառնաշփոթ, չգիտեմ՝ այդ տեղեկատվությունն ով է տվել, որ թատրոնը Սոս Սարգսյանը ստեղծել է իր ուսանողական խմբի հիման վրա, եթե այդպես էլ լիներ, ապա այդտեղ վատ բան չկա, բայց այս թատրոնի պարագայում այդպես չի եղել։ Համազգային թատրոնը ստեղծվել է պատերազմական տարիներին, հիմնադիրներից են եղել մեր լավագույն դերասաններից Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը և այլք։ Թատրոնում բեմադրություններ են արել հրաշալի ռեժիսորներ՝ Սոս Սարգսյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Դավիթ Հակոբյանը, Հրաչյա Գասպարյանը և ուրիշներ։

Այդ թատրոնն իր պետական ստատուսը վաստակել է, քանի որ այն եղել է նորանկախ Հայաստանում ստեղծված առաջին թատրոնը։ Այն ժամանակ, երբ Երևանում ոչինչ չէր աշխատում, ստեղծվեց թատրոն, ահավոր պայմաններում թատրոնն ուներ և՛ հանդիսատես, և՛ իր հերթին բերեց նոր գեղագիտություն»,- շեշտեց Ռուբեն Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ տեղի է ունեցել թատրոնների ղեկավարների ժողով, որի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել թատրոնների ղեկավարների խորհուրդ, որտեղ ներգրավված մարդիկ ոչ միայն դեմ կկանգնեն այս կամ այն սխալ որոշմանը, այլև կառաջարկեն խնդիրների լուծման իրենց տարբերակները։

«Այն մարդիկ, որոնք ամեն օր առնչվում են այս գործողությունների հետ, լավ հասկանում են այն բոլոր վտանգները, որոնք վերաբերում են ոչ միայն թատրոն բացել-փակելուն, այլև այն հարցերին, որ հունվարի 1-ից թատրոնները դրված են այնպիսի ֆինանսատնտեսական վիճակում, որ փաստորեն արգելափակում է մեր գործունեությունը։ Խոսքը վերաբերում է «Գնումների մասին օրենքին», պլանավորմանը և այլն։

Ավելին՝ որևէ երկրում թատրոնները չեն գտնվում այնպիսի խայտառակ իրավական վիճակում, ինչպիսին Հայաստանում են։ Գնումների և պլանավորման մասին օրենքը պարզապես թարգմանված է Ռուսաստանի օրենքից, որից այսօր հրաժարվում է Ռուսաստանը։ ՌԴ մշակույթի նախարարությունը մտել է Պետդումա, որպեսզի թատրոններին այդ կարգավիճակից դուրս բերեն, քանի որ դա հակասել է թատրոնների ստեղծագործական աշխատանքի բնույթին։

Ի՞նչ է ստացվում. ստացվում է Հայաստանը մնում է «հպարտ» դրության մեջ, օրենք է արտագրել մի երկրից, որը փաստարկված դրանից հրաժարվում է»,- ընդգծեց Ռուբեն Բաբայանը։

Նրա կարծիքով՝ Մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է ղեկավարի, այլ պաշտպանի մշակույթը։ Եթե նախարարությունն իր ֆունկցիաներից հանում է մշակույթի պաշտպանությունը, ապա մշակույթը զբաղվում է ինքնապաշտպանությամբ։

«Երբ պետությունը չի պաշտպանում երկիրը, ստեղծվում են ինքնապաշտպանական ջոկատներ, այս նույնը պետք է լինի մշակույթում։ Թատրոնների ղեկավարների խորհուրդը հրապարակային է լինելու, և փորձելու ենք դիմել բոլոր օղակներին՝ Ազգային ժողովի համապատասխան հանձաժողովին, Երևանի քաղաքապետարանին, քանի որ ժողովին ներկա էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թատրոնների ղեկավարները, և Մշակույթի նախարարությանը բացատրել իրավիճակը։ Սա ընդհանուր խնդիր է, և միայն Տիկնիկային կամ Պատանի հանդիսատեսի թատոններին չի վերաբերում. այս սխալ վիճակը վերաբերում է բոլորիս։

Անտրամաբանության դեմ կա միայն մեկ զենք՝ տրամաբանություն, մենք փորձելու ենք տրամաբանորեն հասկացնել, որ սրանք սխալ որոշումներ են։ Ես բացարձակապես չեմ ուզում մեղադրել տարբեր օղակների, Ֆինանսների նախարարարությանը կամ հարկային մարմնին, և այլն, նրանք կարող են այդքան էլ չգիտակցել խնդիրը, քանի որ այն իրենց մասնագիտական հետաքրքրություններից դուրս է։ Դրա համար կա Մշակույթի նախարարություն, որը պետք է կարողանա ապացուցել, որ այն որոշումը, որն ընդունել են՝ հակամշակութային է, իսկ որպեսզի լինի մշակութային, պետք է անեն այս կամ այն քայլերը։ Յուրաքանչյուր ոլորտային նախարարություն ունի մեկ կարևոր խնդիր՝ ինչպես անել, որպեսզի իրենց ոլորտը զարգանա։

Նույն պատասխանատվությունը պետք է ստանձնի Մշակույթի նախարարությունը, ինչ անի, որպեսզի զարգանա մշակույթը։ Մենք փորձում ենք մեր աջակցությունը բերել, կընդունե՞ն՝ շատ լավ, չե՞ն ընդունի՝ կմտածենք մեր հաջորդ քայլերի մասին»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան  168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով