Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա. փաստեր պետության հաշվին ճոխ ծախսի մասին.

Загрузка...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեցյարիայի Ցյուրիխ քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ  Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց.«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեր տևական հրապարակումներից հետո փետրվարի 21-ին ի վերջո հրապարակային խոսեց Շվեյցարիա մեկնելու մասին։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է․«Իրականությունը հետևայլ է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել»։

Լավ է, որ ի վերջո Աննա Հակոբյանը որոշեց հանրությունից չթաքցնել իր այցը Շվեյցարիա, բայց իր հայտարարության և իրականության միջև կա անհամապատասխանություն, որը կփորձենք միասին բացահայտել։

Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ունեցել և չի եղել ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում

Նախ սկսենք նրանից, որ Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ունեցել ու ընդգրկված չի եղել ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին մենք տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որտեղ հստակ նշված են բոլոր այն անձիք, ովքեր ընդգրկված են եղել պաշտոնական պատվիրակության կազմում։


Ինչպես տեսնում եք՝ վարչապետի հրամանագրում չկա Աննա Հակոբյանի անունը։ Աննա Հակոբյանի անունը չկա նաև հաջրոդ հրամանագրում, որը վերաբերում է վարչապետի՝ Ցյուրիխից  Մոսկվա կատարած այցին։ Եթե իրականում Աննա Հակոբյանը ունեցել է պաշտոնական հրավեր, ապա նրա անունը պարտադիր պետք է լիներ պատվիրակության կազմում, ինչպես դա եղել է Գերմանիա կատարած այցին առնչվող հրամանգրում։ Եվ, ինչպես պրակտիկայում ընդունված է՝ երկրների ղեկավարները նման միջոցառումների չեն գնում իրենց տիկնանց հետ։

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը հերքում է նրա Դավոս մեկնելու փաստը

Ինչպես վերևում և մեր նախորդ հրապարակումներում նկատել էիք, Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հայտարարում է, որ վարչապետի տիկինը չի եղել Դավոսում․«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»,-ասել էր Հասմիկ Հարությունյանը։ Այս նույն մեկնաբանությունը Հասմիկ Հարությունյանը մեր կայքին տվել է մի քանի անգամ։ Այսինքն՝ դա չէր կարող լինել շփոթմունք։

Պաշտոնական հաղորդագրություններում չի նշվել Աննա Հակոբյանի այցի մասին

Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում կատարած այցերից առաջ նախապես տեղեկացրել էր հանրությանը, որ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը ուղեկցելու է նրան։ Վարչապետի Գերմանիա կատարած այցից առաջ տարածված հաղորդագրությունում նշվել էր, որ երկրի ղեկավարը  գնում է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ (մանրամասն՝ այստեղ

Իսկ ահա Դավոս կատարված այցից առաջ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը անգամ չի գրել, որ վարչապետին ուղեկցելու է Աննա Հակոբյանը (մանրամասն՝ այստեղ):

Թանկարժեք հյուրանոցի մասին

Աննա Հակոբյանը Դավոս մեկնել է վարչապետին սպասարկող ինքնաթիռով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կանգ են առել Ցյուրիխի «SAVOY HOTEL BAUR EN VILLE» հյուրանոցում՝ նախագահական  համարում։ Ըստ էության՝ այդ ծախսերը ևս կատարվել են պետության հաշվին: Տեղեկատվությունը մենք զանգով փորձեցինք ճշտել հյուրանոցից, սակայն հյուրանոցից հրաժարվեցին կոնկրետ տեղեկություն տրամադրել։

Մի քանի օր անց հյուրանոցի [email protected]  պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ գրեցինք, որում ներկայացանք Աննա Հակոբյանի օգնական և խնդրեցինք գտնել գիրքը, որը վարչապետի կինը մոռացել է իր համարում։ Մի քանի ժամ անց մեր նամակին արձագանքեց հյուրանոցի ամրագրման և ընդունման կորդինատոր Վալերի Բուդեն։ Պատասխան նամակում Բուդեն ցավով տեղեկացնում է, որ չի կարողացել գտնել տիկին Աննա Հակոբյանի՝ իրենց մոտ կրցրած գիրքը և հույս հայտնում, որ բարձրանուն հյուրերը կրկին կօգտվեն իրենց ծառայություններից։

 

Մեր նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հոկբյանի և Նիկոլ Փաշինյանի հետ Ցյուրիխ է գնացել նաև նրանց դուստր Մարիամ Փաշինյանը։ Հյուրանոցի կորդինատորի հետ նամակագրության արդյունքում պարզեցինք, որ իրականում Մարիամ Փաշինյանը չի ուղեցկել վարչապետին և տեղեկատվության այդ մասը չհաստատվեց։

Մեր հաջորդ նամակով մենք փորձեցինք հյուրանոցի կորդինատորից ճշտել, թե ինչ կարժենա վարչապետի և նրա տիկնոջ զբաղեցրած համարը, եթե նրանք մարտին կրկին ցանկանան երեք օրով իջևանել նույն համարում։ Պատասխան նամակում Վալերի Բուդեն տեղեկացնում է, որ նույն համարը երեք օրով զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 4470 Շվեցարական ֆրանկ, որը կազմում է 4469 դոլար։ Ստացվում է՝ մեկ օրվա համար միայն գիշերակացը Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի իջևանած սենյակում արժե 1489 դոլար։ Հունվարի 20-24, ըստ էության  Փաշինյանի և Հակոբյանի գիշերակացի համար  վճարվել է մոտ 6000 դոլար։

Մեր աղբյուրների պնդմամբ՝ Աննա Հակոբյանը Ցյուրիխում ճոխ գնումներ է իրականացրել, բայց քանի որ չունենք հստակ փաստեր, ապա իմպերատիվ պնդում չենք իրականացնի այս մասով և կթողնենք ընթերցողների դատին տեղեկատվության այս մասը։ Հավատալ մե՞զ, թե՞ մեկ ամիս իր այցը գաղտնի պահած Աննա Հակոբյանին, թող ընթերցողը որոշի։

Մեր կողմից վարչապետի տիկնոջ՝ պետության հաշվին կատարած այցի մասին տեղեկատվության հրապարակումից հետո Փաշինյանի շատ թիմակիցներ քարկոծեցին մեզ՝ մեր հրապարակումը անվանելով ապատեղեկատվություն և կեղծիք։ Հիմա, երբ Աննա Հակոբյանն ինքն է հաստատել, որ մեկնել է Շվեյցարիա և մեր այս հրապարակման մեջ ներկայացված փաստերը տեսնելուց հետո իրենց օբյեկտիվ համարող գործիչները, փաստերի ստուգմամբ զբաղվող գործիչները իրենց նեղություն կտան հարցնելու Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինայնին, թե ինչու՞ են այցից միայն մեկ ամիս անց հանրությանը տրամադրում անհարաժեշտ տեղեկատվություն, և այն էլ մեր հետևողական հրապարակումներևից հետո միայն։ Կհարցնե՞ն, թե Աննա Հակոբյանը ինչու՞ պետք է պետական միջոցների հաշվին մեկներ և իջևաներ Շվեյցարիայում, երբ պաշտոնական հրամանագրով չի եղել պատվիրակության կազմում։ Կհարցնե՞ն, թե ինչու են իջևանել ամենթանկ հյուրանոցներից մեկի ամենաթանկ համարում։

Հ․Գ․ Առնվազն, հարցեր են առաջանում, թե ինչու՞ թափանցիկության ջատագով Փաշինյանի կառավարությունը 1 ամիս շարունակ թաքցրել էր Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցը: Եվ այցից՝ հունվարի 20-ից միայն մեկ ամիս անց՝ փետրվարի 21-ին է պաշտոնապես խոսում դրա մասին:

Մենք հույս ունենք, որ ծանրակշիռ այս փաստերից  հետո մեզ քննադատող գործիչները կունանան այնքան արժանապատվություն, որպեսզի ներողություն խնդրեն մեզնից և պարզաբանումներ պահանջեն իշխանություններից։

Աղբյուրը՝ politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...