Աղքատներն են մեղավոր, որ իրենք աղքատ են.1in.am

Մենք հոգնել ենք, բայց հոգնել ենք ոչ միայն երևույթների շարունակականությունից, այլ նաև դրանց փոփոխման հեռանկարների բացակայությունից: Հոգնել ենք կյանքի մռայլությունից, աղքատությունից, վատ կրթությունից, պատերազմից, բժիշկներից ու էլի նմանատիպ ճգնաժամային երևույթներից: Բայց ամենից շատ մենք հոգնել ենք լոզունգներից ու աֆորիզմներ հիշեցնող ձևակերպումներից: Այո՛, ընդամենը 9 ամսում հասցրել ենք հոգնել ու զզվել դրանցից ու ավելի շատ, քան մռայլ կյանքից, աղքատությունից, պատերազմից, վատ կրթությունից ու բժիշկներից, որոնք 9 ամսվա չէ, 9 տարվա չէ, այլ, ոչ ավելի ոչ պակաս, 30 տարվա ընթացք ունեն:

Խնդիրն այն է, որ մռայլ կյանքի, աղքատության ու պատերազմի մեջ կենդանության ինչ-որ հատիկներ կան, որոնք գործողություն են հիշեցնում, իսկ լոզունգներն ու աֆորիզմները սահմանափակված են չակերտներով, մեռած են, բայց թաղած չեն, ու այդ չակերտներից այն կողմ կյանք չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորը հասկանում են այս ճշմարտությունը, բացի կառավարությունից ու վարչապետից: Վերջիններս շարունակում են հանրության հետ խոսել չակերտներով սահմանափակված լոզունգներով ու հպարտ աֆորիզմներով: Իհարկե, հեղափոխության ժամանակ համանման հռետորաբանությունը ընկալելի ու ընդունելի էր, ավելին՝ առանց դրա հնարավոր էլ չէր: Բայց հիմա, ինչպես սիրում են հաճախ կրկնել հեղափոխությունից ժառանգություն մնացած հեղափոխական բյուրոկրատները, իրավիճակ է փոխվել ու այնպես է փոխվել, որ այլևս հնարավոր չէ ժողովրդին կերակրել հեղափոխական լոզունգներով, բոցաշունչ ճառերով ու աշխարհացունց տրակտատներով:

Հայաստանցին ընդամենը մի շատ պարզ հարցի պատասխան է ուզում ստանալ. ի՞նչ է լինելու հետո: Հեղափոխությունը զիլ էր, լավ էր, մարդիկ վերջապես հասան իրենց նպատակին, բայց միևնույն է, նրանք տրամաբանական հարցադրում են առաջ քաշում. ի՞նչ է լինելու հետո:

Եթե այս հարցը բաժանենք ենթահարցերի ու փորձենք հերթով ու ըստ կարևորության դրանց պատասխանները գտնել, ապա, աստիճանաբար, մասնիկ առ մասնիկ կուրվագծվի Հայաստանի Հանրապետության զարգացման ու հետագա ընթացքի ծրագիրը: Սա, իհարկե, մեր գործը չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործողությունն այս պետք է իրականացվեր կառավարության կողմից: Այսինքն՝ կառավարիչները պետք է հարցադրումներ առաջադրեին ու փորձեին գտնել դրանց պատասխանները: Ու այս համալիր գործընթացի արդյունքում կծնվեր այն փաստաթուղթը, որը մենք անվանում ենք կառավարության ծրագիր:

Իհարկե, կառավարության ծրագիրն արդեն կա ու այն քննարկվում է ԱԺ-ում: Բայց խնդիրն այն է, որ ծրագրում չկան հարցադրումներ ու պատասխաններ, չկան կոնկրետացված նպատակներ ու մարտահրավերներին պատասխանելու մեխանիզմներ:

Եթե ամենն այս բացակայում է ծրագրում, ապա ընթերցողը կարող է կարծել, թե կառավարությունը դատարկ թուղթ է ներկայացրել, բայց ո՛չ, փաստաթուղթը գոնե տառերի ու բառերի ներկայացվածության իմաստով դատարկ չէ: Այն ողողված է լոզունգներով ու աֆորիզմանման ձևակերպումներով, որոնք էլ իրենց հեթին սահմանափակված են չակերտներով: Դե, գործում է հետևյալ սկզբունքը. «Եթե անգամ ասեիք, որ ամեն ինչ լավ է լինելու, ես կողմ կքվեարկեի»: Այո՛, այո՛, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այսպիսի միտք է արտահայտել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը: Կարծես թե պատգամավորն էլ է հոգնել լոզունգների ժողովածուից ու առաջարկում է ընդամենը մեկ առավել ճշգրիտ լոզունգով փակել անհետաքրքիր խոսակցությունը: Սա է կառավարող ուժի գաղափարական իրականությունը: Մի ուրիշ պատգամավոր էլ, օրեր առաջ վարչապետի մասին խոսելիս, նրան դիտարկում էր որպես իր վերադաս: Սա, թերևս, ամենածիծաղելին է:

Բայց այս ամենից անդին, միևնույն է, ՀՀ քաղաքացուն շարունակում են հետաքրքրել այս պարզ հարցադրումները. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս են իրենք ապրելու, ի՞նչ ուղղությամբ է շարժվում պետությունը՝ ա՞ջ, թե՞ ձախ և այսպես շարունակ: Բայց հարցերն այս մնում են անպատասխան ու օդից առկախված:

Վարչապետ Փաշինյանը այսօր նորից կրկնեց իր այն հայտնի ձևակերպումը, իբրև թե իրենք մերժում են բոլոր «իզմ»-երն ու պարտադրված չեն ընտրություն կատարել ու սահմանափակվել որևէ գաղափարական հոսանքի շրջանակներում, լինի դա լիբերալիզմ, սոցիալ-դեմոկրատիա, թե պահպանողականություն, սոցիալիզմ ու ազգայնականություն: Փաշինյանի խոսքերով՝ իրենք գտնվում են մտածողության բոլորովին այլ հարթության վրա: Լա՛վ, հասկանալի է, բայց այդ ի՞նչ մտածողություն է, այդ ի՞նչ հարթություն է: Այ սրա մասին վարչապետը չխոսեց, ու մենք կարծես թե գուշակում ենք, թե մտածողության ինչ հարթություն է դա: Պոպուլիզմը, ահա և այդ մտածողության ձևը, որը դարձել է կառավարության շարժիչ ուժն ու կառավարության ծրագրի բարի ցանկությունների փիլիսոփայական հիմնասյունը:

Կարծես թե վարչապետը լավ չի պատկերացնում որևէ գաղափարական հոսանքի պատկանելու իմաստն ու բովանդակությունը: Ոչ ոք չի ասում, թե Փաշինյանը պետք է մոլեռանդ մարքսիստ կամ էլ պահպանողական դառնա: Խոսքը սրա մասին չէ, և այս գաղափարական հոսանքներն էլ ինքնանպատակներ չեն ու ոչ էլ նորաձևության դրսևորումներ: Մարդիկ ընդամենը պահանջում են, որ վարչապետը հստակեցնի ու գաղափարական-փիլիսոփայական հիմնավորումներով ցույց տա, թե դեպի ո՞ւր է շարժվում Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի՞ պետություն ու հասարակարգ են ուզում իրենք ստեղծել, որքա՞ն է լինելու պետության ներգրավվածությունը բիզնեսում, հարկային ի՞նչ քաղաքականություն է նախատեսվում, ինչպես են հանգուցալուծվելու Ամուլսարի շուրջ ընթացող դրամատիկ զարգացումները: Պատասխանել վերոհիշյալ հարցերին նշանակում է արդեն իսկ կողմնորոշվել գաղափարական պատկանելիության հարցում, քանի որ հարցերի պատասխանները այս կամ այն կերպ առնչվելու են կամայական գաղափարական հոսանքի առաջադրած սկզբունքների հետ: Մի՞թե բարդ է հասկանալ այս պարզ ճշմարտությունները:

Եվս մեկ անգամ կրկնենք, որ կառավարության ծրագրում բացակայում էին ինչպես այս հարցադրումները, այնպես էլ դրանց պատասխանները: Նույնիսկ միտում էլ չի նկատվում համանման դիսկուրս նախաձեռնելու համար:

Փոխարենը գործ ունենք հարմարվողական ու կայուն ծանր վիճակը լեգիտիմացնող ծրագրի հետ, որտեղ հայերեն տառերով Փաշինյանն ու կառավարությունը փորձ են անում անուղղակիորեն խուսափել տնտեսական քաղաքականության պատասխանատվությունից: Ապակենտրոն տնտեսական զարգացման ու մարդկանց տնտեսական վարքագծի փոփոխության մասին գեղեցիկ տեքստերը հենց պատասխանատվության բացակայության պարզ օրինակներ են: Այսինքն՝ պետությունը շահագրգռված չէ ճկուն ու կենսունակ հարկային-տնտեսական համակարգ ստեղծել, բայց փոխարենը քաղաքացիներից տնտեսական արդյունք է ակնկալում: Իսկ եթե քաղաքացիները ձախողվեն, ապա կառավարությունը որևէ պատասխանատվություն չի կրելու, քանի որ ծրագրի համաձայն՝ մարդիկ չեն կարողացել փոխել իրենց տնտեսական վարքագիծը: Փաստորեն աղքատներն են մեղավոր, որ իրենք աղքատ են: Անարդարության հիմքի վրա սահմանված հարկերն ու տնտեսական գործունեությունը խոչընդոտող հանգամանքները մեղավոր չեն, ընդհակառակը՝ քաղաքացին է մեղավոր, ինքը ծույլ է ու չի ուզում փոխվել: Ահա, սա է կառավարության ծրագրի փիլիսոփայությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով