H1N1-ը հասավ երեխաների՞ն. «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել. lurer.com

Գիշերը «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխայի հարազատներից Ռոբերտ Գևորգյանը։

Վերջինս իր վրդովմունքը հայտնեց Առողջապահության նախարարության նկատմամբ, որը հիվանդանոցները չի ապահովում անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով տարբեր հիվանդանոցներում երեխաների մահվան դեպքեր են գրանցվում․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեխան՝ Կամո Մարտիրոսյանը, 38 աստիճան տաքությամբ տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ։ 2 օր վերակենդանացման բաժանմունքում պարալիզացված վիճակում է գտնվել, չի շարժվել։ Միայն երեկ բժիշկները հասկացան՝ մի դեղ կա, որը հնարավոր է օգնի, սակայն չկա Հայաստանում։ Ռուսաստանում գտնվող բարեկամները  գտել, ուղարկել էին դեղը, բայց մինչև գնացել են օդանավակայան վերցնելու, զանգել-ասել են՝ երեխան մահացել է։ Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չունի, ասում են՝ դրսից բերեք, բայց մինչև բերում ես՝ ուշ է լինում։ Մինչև հիմա բժիշկները ոչ մի բան չեն ասել, անգամ չենք իմանում, թե ինչ խնդիր է եղել երեխայի մոտ։ Ենթադրում ենք H1N1 տարածված վիրուսն է պատճառը»,- ասաց փոքրիկի հարազատը՝ ցավով նշելով, որ պարզապես ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ չեն կարողանում փրկել երեխաներին։

Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստացանք նաև «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից։ Վերջինս հերքեց երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին կասկածները։

«Երեխան 3 օր տանը գտնվել է հիվանդ վիճակում, արդեն 39 ջերմաստիճանով, բոլոր ծայրանդամները պարալիզացված, ոչ թև, ոչ ոտք չի շարժել, թուլացած վիճակում ընդունվել է միանգամից վերակենդանացման բաժանմունք։ Նա հիվանդանոց է ընդունվել է ծանր վիրուսային ախտահարում՝ ուղեղի և ողնուղեղի բորբոքումով, ինչը հանգեցրել է մահվան։ Արհեստական շնչառական ապարատին է միացվել և համապատասխան բոլոր գործողություններն իրականացվել են, բոլոր դեղերը ստացել է։ Նրա մոտ խոզի գրիպ և առհասարակ գրիպ չի եղել։ Իմունոգլոբին դեղը Հայաստանում չկա, ծայրահեղ դեպքում, եթե ծնողները պատրաստակամ են գտնել, բերել այլ երկրից՝ բերում են, բայց աշխարհում կան շատ դեղամիջոցներ, որոնք տարբեր երկրներում գրանցված չեն և ենթակա չեն վաճառքի, եթե երկրում ընդունված չէ»,- ասաց Դալլաքյանը՝ նշելով, որ ծնողը մշտապես երեխայի կողքին է եղել և տեղեկացվել է, թե ինչ վիճակում է գտնվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ երեխային հիվանդանոց են բերել ծայրահեղ ուշ․ «Սրա համար ենք մշտապես ասում՝ շուտ դիմեք բժշկի օգնությանը, որպեսզի նման դեպքեր չլինեն»։

Նշենք, որ նույն հիվանդանոցում հունվարի 15-ի առավոտյան ևս մեկ երեխայի մահվան դեպք է գրանցվել, այս անգամ՝ 12 տարեկան։ Բժշկական կենտրոնի տնօրենը պարզաբանեց՝ երեխան մանկատան սան է եղել՝ ի ծնե խնդիրներով․ «Երեխան երկար տարիներ խնդիրներ է ունեցել։ Պարազլիզված վիճակում էր, ողնաշարը ծռված, թոքերի խռոնիկական բորբոքումով, որը տարիներ շարունակ բուժումներ է ստացել։ Սակայն այս դեպքը ևս կապ չունի H1N1-ի, բժշկական կենտրոնի կամ Առողջապահության նախարարության աշխատանքի հետ»,- նշեց «Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ի տնօրենը։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով