88 պատգամավորների ճնշող մեծամասնությունը հասարակության համար անհայտ «կատուներ են» մութ սենյակում.1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է։

-Պարոն Հովհաննիսյան, արդեն իսկ հայտնի է նորընտիր Ազգային ժողովի կազմը, մամուլում նաև հաստատվել է, թե ովքեր են գլխավորելու օրենսդիր մարմինը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք այս խորհրդարանին կհաջողվի իրականացնել հեղափոխական թիմի խոստումները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Այդ հարցը Դուք պետք է հասցեագրեք խորհրդարանական մեծամասնությանը՝ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությանը: Իրենք ունեն բոլոր անհրաժեշտ լծակները սեփական խոստումները կատարելու համար:

Այստեղ՝ իհարկե, պետք է հստակեցնել, որ խոսքը գնալու է ոչ միայն այն խոստումների մասին, որոնք տրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի վարչապետի պաշտոնը 2018 թվականի մայիս ամսից ստանձնելուց հետո, այլ բոլոր այն խոստումների կատարման մասին, որոնք տվել է հայ ժողովրդին հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դեպի իշխանության Օլիմպոս տանող սեփական երկարատև ընդդիմադիր պայքարի ճանապարհին: Այո, այո՝ այդ 88 պատգամավորներից եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հասարակության համար անհայտ «կատուներ են» մութ սենյակում: Նրանց ժողովուրդն ընտրել է միջնորդավորված՝ Նիկոլ Փաշինյանի երաշխավորությամբ՝ անվերապահորեն հավատալով հեղափոխության առաջնորդի ազնվությանը: Եվ անկախ այն բանից, որ, օրինակ, 2007 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն առաջ էր քաշել իր հայտնի կարգախոսը՝ «Ո՜չ ռոբերտացմանը, ո՜չ սերժանտացմանը, ո՜չ դոդացմանը», իշխանության ղեկն այսօր ստանձնած ԱԺ մեծամասնության ներկայիս կազմի այդ 95 տոկոսը կամ անչափահաս էր, կամ դեռ կարճ վարտիքներով հարևանների երեխեքի հետ բռնոցի էր խաղում բակում, նրանք այսօր հեղափոխության առաջնորդի հետ միասին կիսում են ամբողջական պատասխանատվությունը 1998 թվականին՝ իմ աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի վերադարձով մեծ քաղաքականություն սկիզբ առած և այսօր վճռական հանգրվան տեղափոխված համաժողովրդական պայքարի վերջնական արդյունքների համար: Որպես 1999 թվականի հոկտեմբերի 27-ին դավադիր կրակոցներից մազապուրծ եղած և հրաշքով ողջ մնացած այդ սրբազան պայքարի ռահվիրաներից մեկն՝ ես այսօր պատրաստ եմ իմ ուժերի ներածի չափով սատարել պատասխանատվություն ստանձնած երիտասարդներին, և հույսով եմ, որ նրանք կարդարացնեն Նիկոլ Փաշինյանի վստահությունը: Նրանք Նիկոլ Փաշինյանի և մեր օգնությամբ պետք է գիտակցեն, որ նորանկախ հայոց պատմության մեջ ընդդիմությունն առաջին անգամ կարողացավ հաղթել իշխող ուժին, հեռացնել նրան իշխանությունից ու հասնել իշխանության: Առաջին անգամ ընդդիմությունը հնարավորություն ունի՝ տիրանալով իշխանության բոլոր լծակներին, ամբողջ ծավալով կյանքի կոչել այն գաղափարները, որոնք հռչակում էր տարիներ շարունակ, բայց հնարավորություն չուներ իրականացնել: Հիմա եթե պարզվի, որ իշխանության գալուց հետո երեկվա ամենահետևողական, բանտերի պատերի միջով անցած, ամենաարմատական «հիմայի» ջատագով, դոդացման դեմ մարտնչած և այնքան սկզբունքային դիրքերից մարտնչած, որ ընդվզեց Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի դեմ, երբ նրանք Գագիկ Ծառուկյանին համեմատեցին Իվանիշվիլու հետ ու լծվեցին նրա բիզնես-հետաքրքրությունները սպասարկելու սայլին, հիմա եթե հաղթանակած հեղափոխության այդ հաջողակ առաջնորդը ստիպված լինի հայտարարել, որ հրաժարվում է իր արժեհամակարգային սկզբունքներից ու գաղափարներից, որ այս երկրում ընդդիմությունը դատապարտված է իշխանության գալուց հետո հրաժարվել իր դավանած արժեհամակարգային համոզմունքներից և շարունակել ավանդական կարծրատիպերին հավատարիմ մնալու նախորդների ուղեգիծը, ապա այդ դեպքում ընդդիմության համար սա կդառնա մեր երկրում առաջին և վերջին անգամ իշխանության հասնելու փորձը: Եթե համաձայն եք իմ այս գնահատականին, ապա պետք է ընդունեք, որ այսօր դուք ԱԺ-ում ու կառավարությունում որոշումներ եք կայցնելու ոչ միայն ձեր անունից, այլ այս արատավոր համակարգի դեմ պայքարում մեծ զոհողություններ տված նախորդ տարիների չծախված ու սկզբունքային, այս օրը իրենց պայքարով մոտեցնող ընդդիմադիր քաղաքական գործիչների անունից: Եվ ինչն ամենակարևորն է՝ դուք որոշումներ եք կայացնելու նաև ապագայի ընդդիմադիրների անունից, քանզի ձեր որոշումներից՝ հեղափոխության առաջնորդի կողմից իր ընդդիմադիր պայքարի տարբեր շրջաններում ժողովրդին տրված խոստումներին ձեր հավատարմությունից է կախված մեր երկրում ժողովրդավարության և ժողովրդավարության հիմնական պատվարի՝ գաղափարական ու պատասխանատու ընդդիմության, ապագան:

-«Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոխնախագահի համար առաջարկել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իշխող ուժը, սակայն հայտարարել է, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է անցնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Բարգավաճ Հայաստանին»։ Նման պահանջ, սակայն, սահմանադրությունը չունի։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է այդ որոշումը բխում նոր իշխանությունների տված խոստումներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Բայց սահմանադրական պահանջ է պատգամավորին հրամայական մանդատով չկաշկանդելու և սեփական խղճի մտոք քվեարկելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության մասին դրույթը: Հույսով եմ, որ, օրինակ, սփյուռքի գործերով նախարարը, ով նախարարության լուծարումից հետո դարձավ պատգամավոր, արդեն հասցրել է կարդալ Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» հակաուտոպիական վեպը և կիսվել տպավորություններով գործընկերների հետ՝ կբացատրի նրանց ինչն ինչոց է: Ազգային ժողովը չի կարելի վերածել «ախոռապանների» կողմից «անասունների» օրինակով առաջնորդվող հոտերի: Եթե Մանե Թանդիլյանն առաջադրվի ու իր նախընտրական ելույթում խոստանա ավարտին հասցնել ու հաղթանակով պսակել օլիգարխների տիրապետությունից Երևանի կենտրոնն ազատագրելու սեփական պայքարը, եթե մասնավորապես՝ խոստանա Լֆիկ Սամոյից ազատագրել և վերականգնել երևանցիների Փակ շուկան, ապա թող կտրվի այն պատգամավորի ձեռքը, ով կքվեարկի մեկ այլ թեկնածուի օգտին: Ամեն դեպքում պատգամավորները պետք է քվեարկեն իրենց խղճի մտոք և ընտրողների առջև պատասխանատվություն կրեն իրենց քվեարկությունների համար: Արդեն եկել են ու հասել են ԱԺ՝ հիմա էլ պետք է սեփական կարծիք չունենա՞ն, սեփական քայլերի համար պատասխանատվություն չկրե՞ն ու ամբողջ պատասխանատվությունը թողնե՞ն Նիկոլի վրա:

-Իշխող ուժը աննախադեպ մեծ՝ 88-հոգանոց խմբակցություն ունի, այսինքն՝ կայուն սահմանադրական մեծամասնություն։ Կկարողանա՞ արդյոք «Իմ քայլը» դաշինքը իրացնել ընտրողների բոլոր ցանկությունները, թե՞ վարկանիշի որոշակի անկում կգրանցվի։

-Նորընտիր Ազգային ժողովը դեռ նոր պետք է սկսի իր աշխատանքը: Ես ուզում եմ Հայաստանի քաղաքագետների միության անունից ցանկանալ բոլոր պատգամավորներին հաջողություն: Խորհրդարանի այս կազմին, որը ձևավորվել է սերժսարգսյանական «ընտրական օրենսգրքով», առջևում սպասում են բազում փորձություններ: Աշխարհի բոլոր պարլամենտները պետք է իրականացնեն երկու հիմնական գործառույթներ՝ բարձրագույն ներկայացուցչական և բարձրագույն օրենսդիր ատյանի գործառույթները: Այն, որ ԱԺ այս կազմը չի բավարարում բարձրագույն ներկայացուցչական մարմնի չափանիշներին, ակնհայտ է: Խախտված է ոչ միայն ներկայացուցչության ամբողջականությունը՝ չկան ոչ ազգայնականները, ոչ սոցիալ- դեմոկրատները, ոչ սոցիալիստներն ու ձախերն ընդհանրապես, այլ անհեթեթ ընտրական օրենսգրքի ու քարոզարշավի թերի լինելու պատճառով՝ խախտվել են ներկայության համաչափությունները, որոնք սահմանված են ոչ թե ընտրողների քվեյով, այլ համաձայն սերժսարգսյանական ընտրական օրենսգրքի: Կարելի է համակրել կամ չհամակրել ՀՅԴ-ին, բայց չի կարելի ժխտել այն, որ անհեթեթություն է, երբ հարյուր հազար ձայն ստացած ԲՀԿ-ն ստանում է 27 մանդատ, իսկ հիսուն հազար ձայն ստացած ՀՅԴ-ն՝ ոչ մի մանդատ չի ստանում և դուրս է մնում: Եվ այս աբսուրդի պատճառը սերժսարգսյանական ընտրական օրենսգիրքն է… Վատ կամ լավ, բայց մի իրավիճակում, երբ մյուս երկու սփյուռքի ավանդական կուսակցություններն արդեն վաղուց ներկայացված չեն ԱԺ-ում, գոնե ՀՅԴ-ն այդ բացը լրացնում էր ու ընտրական շեմի իջեցման դեպքում կշարունակեր ներկայացնել մեր ԱԺ-ն եվրոպական Սոցինտերնի կազմում: Թարսի նման սփյուռքի հետ փոխհարաբերություններում առաջացող այս նոր իրավիճակում նաև որոշվեց վերացնել սփյուռքի հարցերով նախարարությունը: Հույսով լինենք, որ պատմությունը չի կրկնվի ու մեզանում նորից չեն գտնվի պաշտոնյաներ, ովքեր «նարինջուտողներ» կանվանեն սփյուռքահայերին, իսկ դաշնակցությունը սփյուռքում մի նոր խաչակրաց պատերազմ, ինչպես իրենք են արդեն պիտակավորում՝ «նեոհհշականների» դեմ, չի սկսի:

-Ակտիվացել են նաև ակնհայտ ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերն ու գործիչները։ Ի՞նչ վտանգներ է այս հանգամանքը պարունակում։

– Իրավիճակը չափազանց բարդ է, քանզի ԱՄՆ-ի ու Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ հեռու են կարգավորումից: Մյուս կողմից՝ Թրամփի վարչակազմը հեռու է ժողովրդավարության տարածմանը նպաստելու դեմոկրատներին հատուկ պատրաստակամությունից: Դեմոկրատների իդեալիստական լայնախոհությանը Թրամփը հակադրում է իր յուրահատուկ աշխարհաքաղաքական պրագմատիզմը: Արդյունքում՝ չնայած Արարատ Միրզոյանի լոբբիստական ջանքերին, այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Նիկոլ Փաշինյանի աուդենցիան Թրամփի մոտ, որը մեր վարչապետը փորձեց փոխհատուցել Պուտինի մոտ հաճախակի աշխատանքային այցերով: Կրեմլին այդ մեր ձախողումը, իհարկե, աննկատ չմնաց, ինչպես նաև Սպիտակ Տունը նույնպես արձանագրեց մեր ձախողումները Մոսկվայի հետ փոխհարաբերություններում: Մասնավորապես մեր տարածաշրջանով զբաղվող և ԱՄՆ պետքարտուղարությանը մոտ կանգնած Փոլ Գոբլը վերջերս բացիեբաց հայտարարեց, որ իր դիտարկումներով Մոսկվան պատրաստ է Հայաստանը և Արցախը զոհաբերել հանուն Ադրբեջանին իր կողմը գրավելուն: Մյուս կողմից, ինչպես ցույց տվեցին Ջոն Բոլթոնի այցը և վերջինիս կողմից այստեղ արված հայտարարությունները, ամերիկացիները նույնպես գերադասում են Արցախի հարցում Բաքվի ախորժակները խրախուսելու մարտավարությունը:

Ամերիկացիները հույս ունեին, որ հայկական հեղափոխությունը կազդի Ռուսաստանի հեղափոխականացման վրա, սակայն Նիկոլ Փաշինյանի ուղղակի ժողովրդավարության քարոզը Ռուսաստանին չապակայունացրեց, բայց յուրահատուկ արձագանքներ ունեցավ Ֆրանսիայում, որտեղ ԱՄՆ-ի դաշնակից Էմանուել Մաքրոնը հայտնվեց անհուսալի վիճակում: Այս պայմաններում մեր երիտասարդ կառավարիչները ստիպված են հաշվի նստել այն դաժան իրականության հետ, որ հայկական հեղափոխության համար ոչ ոք չի ցանկանում վճարել, այլ, ընդհակառակը, բոլորը փորձում են օգտագործել այն սեփական քարոզչական և այլ նպատակներով: Մյուս կողմից ակնհայտ դարձավ, որ ցանկացած թուլացում աշխարհաքաղաքական կենտրոններից որևե մեկի հետ փոխհարաբերություններում անխուսափելիորեն բերում է թուլացման նաև մյուսի հետ փոխհարաբերություններում: Կոպիտ ասած, եթե դու պետքը չես Մոսկվային, ապա պետքը չես լինելու նաև Վաշինգթոնին, և հակառակը՝ սրանք փոխկապակցված սրվակների սկզբունքով մեկը մյուսով է պայմանավորված: Ամենալավը սույն փիլիսոփայությունն յուրացրել է Անկարան, որին հաջողվեց Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու միջոցով ստիպել Վաշինգթոնին ձեռ քաշել քռդերից: Ալիևը փորձում է կրկնօրինակել թուրքական այս դիվանագիտության հմտությունները, և մենք պետք է շատ զգույշ լինենք և աչալուրջ: Մեր դիվանագիտության ամենամեծ թերությունը զգացմունքայնությունն է. մենք աշխարհում ամենաերազկոտ և ամենամիամիտ ժողովուրդն ենք: Մեզ թվում է, որ մեզանով շատ են հետաքրքրված, մեզանով զբաղվում են, բայց իրականում վտանգը հենց այն է, որ մենք ավելի շուտ մատնված ենք անուշադրության ու անտեսված ենք: Մեզ չի հաջողվում դարձնել մեր հեղափոխությունը բրենդ, որպեսզի հետո կապիտալիզացնենք այն ու ստանանք կոնկրետ դիվիդենտներ: Ավաղ, մեծ հույսեր չունեմ, որ նորընտիր ԱԺ-ին կհաջողվի հասնել այդ նպատակին. երիտասարդների մոտ զգացմունքայնությունն ավելի է գերակշռում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով