Միրզոյանը հասկացավ, որ ճիշտը երազը ջրին պատմելն է, մտահոգություններն էլ՝ ԱԱԾ-ին

Թե ինչ կոշմար էր տեսել Արարատ Միրզոյանը մանդատների հանձնման նախորդ գիշեր, դժվար է գուշակել։ Մի բան է միայն հաստատ, որ այդ վատ երազն այնքան սարսափելի էր եղել, որ խեղճ մարդուն հանգիստ չէր թողել նաև արթնանալուց հետո։

Երեկ կառավարության նիստին նա շատ անհանգիստ էր, երեսին գույն էլ չկար․ պարզ երևում էր, որ մտատանջվում է և կասկածի որդը ոչ միայն կրծում է հոգին, այլև մտացրիվ մտքերը հավաքելը շատ դժվար է։ Մանդատ ստանալն էր պատճառը, թե աշխատանքի բնույթը փոխելու վախը, հայտնի չէ, միայն կարողացավ արտաբերել, որ տխուր չէ իր գնալու համար։ Արարատին ոչ ոք այդպես մտախոհ չէր տեսել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիշերվա երազը ջրին պատմելու նպաստավոր ժամն արդեն կորած էր, հարկավոր էր մի բան անել, հարկավոր էր գործընկերներին պատմել ու թեթևանալ։ Բայց ինչպե՞ս, թարսի նման նիստի օրակարգում շատ հարց չկար։ Հիմնական մասը չզեկուցվող էր ու անհնար էր ինժեներիայի, կամ միջուկային անվտանգության թեմայի հետ կապել սեփական մտավախություններն ու արտահայտվել, որ վատ տպավորությունը անցնի։ Այս խոհերն էին նրան համակել, երբ երկարատև քննարկում ծավալվեց երեխաների որդեգրման խնդրի շուրջ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակներ է ստանում, որ որդեգրման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան, թեև հասկանալի է, որ հարցը նուրբ է: Նա հետաքրքրվեց, թե քայլերի ի՞նչ հերթականությամբ է որդեգրում իրականացվում:

Հարցը սթափեցրեց Միրզոյանին։ Նա վերագտավ իրեն, հավաքեց մտքերն ու «Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ, պարոն վարչապետ, և ես իմ գործունեության վերջին մի քանի ամիսներին փորձել եմ համառորեն էդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չի և շատ մոտ ա ամեն ինչ բացահայտվելուն, բայց այդպես էլ չեմ կարողացել վերջնարդյունք գրանցել»,- ասաց Ա.Միրզոյանը:

Մի շնչով արտասանեց նա՝ յուրաքանչյուր բառի հետ ավելի ու ավելի գունատվելով։ Երազն անցնում էր, միտքը պայծառանում, հին Արարատը վերադառնում էր։ Խոսքերը հորդում էին ինքնաբուխ, նա հետո տեսագրությունից կտեղեկանա, որ ասել է․ «Որդեգրման ոլորտում շրջանառվող գումարները միայն «այսբերգի գագաթն» է, շատ ավելի ցավալի իրողություն կա՝ երեխաների օրգանների վաճառք, այդ թվում՝ արտասահման որդեգրվող»: Նա հայտնեց, որ արդարադատության նախարարի հետ այցելել են ստուգելու, մինչ օրս որևէ դեպք չի բացահայտվել, եղածը գոհացուցիչ է, բայց շարունակաբար հիմնավոր, թե անհիմն կասկածներ կան, որ 3 ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները հայտնի են վատ առումով, և կարող է որդեգրված երեխան զրկվի, օրինակ, մի երիկամից, այդպիսի դեպքեր կան աշխարհում: Աշխարհի անարդարությունն իր ուսերին վերցրած և դրա դեմ պայքարի բաղադրատոմս որոնողի խոսք էր արդեն սա, հստակ, կշռադատված և խորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդպիսի դեպք է գրանցվե՞լ»,- հարցրեց Փաշինյանը: «Չէ, էդ եմ ուզում ասել, որ էսպես ձևակերպեմ՝ օդում կախված համառ լուրեր կան, որ էսպիսի բաներ կան»,- պատասխանեց Ա.Միրզոյանը: «Դրանք շատ զգայուն թեմաներ են, կներեք, ես մի քիչ էս ընթացքում բան եղա, ճնշումս բարձրացավ մի քիչ»,- ասաց Փաշինյանը: Միրզոյանը հայտարարեց, թե ուզում է ասել, որ այստեղ լրջագույն վերահսկողության կարիք կա, որ հանկարծ այդ ռիսկերն իրականություն չդառնան: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երբևէ

Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո. «Մինչ օրս ՀՀ-ից, որ երեխա որդեգրեն և օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, և մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»: Նիստն ավարտվեց, կոշմարն անցյալում է։ Երկնքից խնձորներ չընկան, բայց Միրզոյանը մանդատ ստացավ ու հասկացավ, որ ճիշտը երազը ջրին պատմելն է, մտահոգություններն էլ՝ ԱԱԾ-ին։ Լավ էր, որ կառավարությունում մարդ չվատացավ։

Armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով