«18 տարեկաններին առաջնագծից հանելով՝ կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը». Ա. Տեր-Թադևոսյան. galatv.am

«Ես ողջունում եմ առաջնագծից 18 տարեկաններին հանելու տեսակետը: Եվ կողմնակից եմ, որ այն իրագործվի: Դրանով առաջին հերթին կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը: Առաջնագծում պետք է ամենապատրաստված մարդիկ լինեն»,- ԳԱԼԱ-իհետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ այդ հարցը ժամանակին մի քանի անգամ քննարկվել է հասարակական հարթակում, դրանց մասնակցել են ինքը, ազատամարտիկներ, մարտական փորձ ունեցած անձինք, սակայն հետո հարցը փակված է համարվել: Այն ժամանակ պաշտպանության նախարարությունը դա անիրագործելի համարեց, որովհետև նրանք, ովքեր ցանկանում էին առաջնագիծ գնալ, 45 տարեկանից բարձր տարիք ունեին, ինչը ռազմական գերատեսչությունը խանգարող հանգամանք էր համարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ սահմանին զոհեր տալու հետևանքով ՀՀ-ն դեմոգրաֆիական խնդիր է ունենում, ուստի պետք է մտածել հարցի օպտիմալ լուծման տարբերակ գտնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վաղուց ժամանակն է, որ առաջնագծից դուրս բերվեն 18-ամյա զինծառայողները: Դրան ի պատասխան նրա ընդդիմախոսներն ասել էին, որ գաղափարի իրագործման համար բավարար ֆինանսական միջոցներ չկան: Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին հակադարձել էր, թե առաջնագծի կառուցվածքային փոփոխությունը տնտեսական էֆեկտ կարող է ապահովել:

«Եթե առաջնագծի զինվորականները ստանան արժանապատիվ աշխատավարձ, նրանք այդ աշխատավարձը կներդնեն տվյալ տարածքում՝ իրենց ընտանիքները կմոտեցնեն տվյալ տարածքին՝ առաջնագծից հանելով 18 տարեկան երեխաներին, մենք նաև դեմոգրաֆիական խնդիրը կկարգավորենք, բնականաբար, մի քիչ ավելի ներքև կպատրաստենք նրանց որպես հերթափոխի մեր զինվորներ»,- նշել էր ԱԺ պատգամավորը: Նա ԱԺ հունվարի 18-ի նիստում ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԳԱԼԱ-ն փորձեց այս հարցի շուրջ ստանալ նաև ՀՀ ՊՆ արձագանքն ու տեսակետը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ առայժմ ինքը ձեռնպահ կմնա որևէ կարծիք հայտնելուց՝ նախընտրելով այդ մասին խոսել կառավարության ձևավորումից հետո: Հստակեցնող այն հարցին, թե ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից նախագիծ ներկայացնելու դեպքում ՊՆ-ն պատրա՞ստ է հարցը քննարկել և լուծման տարբերակներ առաջ քաշել, նախարարության խոսնակը նշեց, որ առարկայական խոսակցություն կարելի է ակնկալել ավելի ուշ՝ կոնկրետ քայլերի դեպքում:

Անահիտ Ավագյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով