Օրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին բազմիցս է լուսաբանվել, անգամ ՀՀ վարչապետի կողմից եղել են մեկնաբանություններ՝ կապված եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման մասին: Նախագծում առկա դրույթների վերաբերյալ կարծիքներ են հնչեցվել նաև տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից: Մի խոսքով` կարող ենք համարել, որ հարկային օրենսգրքի փոփոխության այս նախագիծը տեղը տեղին հանրային քննարկման է ենթարկվել:

Փոփոխության այս փաթեթին չէինք անդրադառնա, եթե մեզ չահազանգեին այն մասին, որ մինչև այս պահը եղած փաթեթի նախագծում խոսք անգամ չի եղել փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակման մասին, իսկ ահա իբրև հանրային քննարկում անցած նախագիծ, շրջանառվում է նոր տարբերակը, այն էլ այնպիսի նոր դրույթով, որն, ըստ էության, վատթարացնող իրավիճակ է ստեղծում այդ մեծ համայնքների ներկայացուցիչների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շրջանառության հարկի համակարգում աշխատող փաստաբանները հիմնականում սպասարկում են քաղաքացիներին և փոքր ու միջին բիզնեսին, իսկ հաշվապահները և խորհրդատուները՝ միայն փոքր ու միջին բիզնեսին: Ի տարբերություն այս հատվածի, խոշոր իրավաբանական և հաշվապահական ընկերությունները սպասարկում են խոշոր ընկերություններին կամ պետական գնումների շրջանակներում նաև պետական մարմիններին, վերջիններս իրենք են շահագրգռված որպեսզի ծառայություններ մատուցողները աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում: Հետևաբար փաստարկել, որ այս դրույթով բոլորի համար հավասար դաշտ է ստեղծվում, լրիվ անտրամաբանական է:

Միաժամանակ անտրամաբանական է նաև այն գաղափարը, որ փաստաբանները, խորհրդատուները և հաշվապահները այնքան գիտելիք ունեն, որ կարող են ինքնուրույն ավելացված արժեքի հարկ հաշվարկեն: Շրջանառության հարկի համակարգը միայն հաշվառման խնդիր չի լուծում, այն նաև փոքր և միջին բիզնեսի համար հարկային բեռ է թեթևացնում:

Հիմա պատկերացնենք` ինչ կկատարվի, եթե այս դրույթը ընդունվի: Բնականաբար անհամեմատ կբարձարանա այս մասնագիտական գործունեություն իրականացնողների հարկային բեռը, 5%-ից հասնելով առնվազն 30%-ի: Եթե փաստաբանը, հաշվապահը կամ խորհրդատուն հաճախորդի հետ ներքին պայմանավորվածությամբ թերհայտարարագրեն իրենց պայմանագրային եկամուտները, կամ նույնիսկ անհրաժեշտության դեպքում ամբողջապես թաքցնեն, հարկային մարմինը գործնականում չի կարող իր վարչարարությամբ բացահայտել դրանք: Իսկ ենթադրվում է, որ հաստատ կթերհայտարարագրեն, հակառակ դեպքում պետք է փակվեն, թանկացնել չեն կարող, քանի որ շուկայում գործող հաշվապահների մի ստվար հատված աշխատում է ստվերում, իսկ մինչև այժմ հարկային մարմինը նրանց նկատմամբ ոչ մի միջոցառում և բացահայտում չի իրականացրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այն հարցին, թե արդյոք դա անձնական և խմբային շահերի դրսևորում կարող է լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիսանում է Հայաստանում գործող խոշոր «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» հաշվապահական-խորհրդատվական ընկերության համասեփականատեր, մեզ պատասխանեցին, որ չեն կարծում ներկայիս իշխանությունները նման երևույթ հանդուրժեն, սակայն ոչինչ էլ չեն բացառում:

Մտավախություն կա, որ շարունակվում է հանրահայտ արատավոր պրակտիկան, երբ մեկ նախագիծ դրվում է շրջանառության մեջ, մեկ այլ նախագիծ՝ ներկայացվում կառավարության նիստի օրակարգ, իսկ հանրության մի զգալի հատվածի կյանքը վատթարացնող իրավական ակտը ցանկանում են ընդունել՝ առանց այդ հատվածի կարծիքը հաշվի առնելու: Այս պահին նախագիծը տեղադրված է e-draft.am կայքում, և հույս ունենանք, որ հապճեպության սկզբունքով այն չի ներառվի կառավարության նիստի օրակարգ, այլ կդրվի հանրային քննարկման՝ հաշվի առնելու մասնագետների և փորձագետների կարծիքներն ու հիմնավորումները:

Համոզված ենք երկրի քաղաքական իշխանությունը մանրամասն տեղյակ չի այս դրույթից ու դրա բացասական հետևանքներից, հետևաբար սպասենք դրական զարգացումների:

 

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

lurer.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով