Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ

Օպերայի մերձակայքում գտնվող բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, բայց գործարարներն արդեն անհեթեթ են անվանում այդ գաղափարը։

Երևանի քաղաքապետարանում բուռն քննարկումներ են ընթանում Երևանի կենտրոնում` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում գտնվող բոլոր սրճարաններն ու ռեստորանները քանդելու մասին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշումը քննարկվում է քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում. քաղաքապետարանը մտադիր է սրճարանների փոխարեն կանաչ գոտի ստեղծել։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց Օպերային թատրոնի շուրջ տեղակայված մի քանի հաստատությունների հետ` սրճարանատերերի կարծիքը պարզելու համար։

Սրճարաններից մեկում ասացին, որ քաղաքապետարանի գործողություններն անհեթեթ են, և սխալ է մի որոշումով քանդել զարգացող բիզնեսը, որը ստեղծվել է երկար տարիների քրտնաջան աշխատանքով։ Մեկ այլ ռեստորանում չզարմացան, երբ լսեցին քաղաքապետարանի քննարկումների մասին։ Նրանք խոստովանեցին, որ իրենք էլ են այդ լուրը լսել սեփական աղբյուրներից և պատրաստ են պայքարել այդ որոշման դեմ, եթե ընդունվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ այլ հաստատության տնօրեն Արսեն Մանուկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղաքային իշխանությունն իրավունք ունի պարտադրելու հաստատություններին դադարեցնել աշխատանքը, բայց եթե փոխհատուցում տան սեփականատերերին։

«Օրինակ` ես քաղաքապետարանի հետ համաձայնագիր ունեմ, որտեղ նշված է, որ մինչև 2026 թվականը վարձակալության եմ վերցնում տարածքը և բիզնես գործունեություն եմ իրականացնում», – ասաց Մանուկյանը։

Եթե քաղաքապետարանը որոշի քանդել սրճարանը, ինչի իրավունքն ունի, քանի որ տարածքի սեփականատերն է, ապա պարտավոր է փոխհատուցում վճարել նաև Մանուկյանին։ Համաձայնագրի մեջ գրված է, որ փոխհատուցումը վճարվում է համաձայնագիրը միակողմանի խզելու դեպքում։

«90 աշխատող ունեմ։ Ինչպե՞ս են նրանք փոխհատուցելու այդ ամենը` անհասկանալի է։ Ենթադրենք` քանդեն, կանաչապատ տարածք սարքեն, բայց չէ՞ որ իրենց հաշվեկշռի վրա առանց այդ էլ բազմաթիվ այգիներ կան, որոնք տեսնում ենք, թե ինչ վիճակում են։ Ստացվում է` արտասահմանյան ներդրողը ներդրող է, տեղականը` ո՞չ», – վրդովվեց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ ամեն կերպ նպաստում է ռեստորանային ոլորտի, բիզնեսի զարգացմանը, ներդրումներ է անում, որոնք կզրոյանան մի նախաձեռնության հետևանքով։

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե նման որոշում ընդունվի, Մանուկյանը կատակեց. «Կփակենք փողոցները, «դըմփ–դըմփ–հու» կգոռանք և կտեսնենք, թե ինչ կլինի հետո»։

Իսկ եթե լուրջ, ապա նա չի պատկերացնում, թե ինչպես քաղաքապետարանը կարող է նման որոշում ընդունել ոչ միայն երկար տարիներ իրականացվող բիզնես նախագծի, այլև քաղաքի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ վայելող ժամանցային վայրի վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունը պետք է լրջորեն մտածի և լավ ծանրութեթև անի։

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով