Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին, նրանք անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը. Հ. Մարգարյան

Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց: Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի քաղաքական ուժի իշխանություն, որը, իր ձեռքում կենտրոնացնելով օրենսդիր, գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունը, չորրորդ իշխանությունը: Խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն հատկանիշը՝ իշխանության հակակշռելիությունն ու հաշվետվողականության սկզբունքը: Չափազանց մեծ է վտանգը անձնակենտրոն իշխանության ձևավորման համար»,- նշեց Հ. Մարգարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը: «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ ու անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով ետ քցել զարգացումից»,- հավելեց նա:

Հրանտ Մարգարյանը նկատեց, որ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել երկրի վտանգներին դիմագրավելու համար: Նա ասաց, որ իրենք շարունակելու են լինել ժողովրդի կողքին ու չեն թողնելու, որ կառավարությունն ու խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն: «Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով