«Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Փաշինյանն Արցախի հարցում հայեցակարգ չունի, Դուշանբեի վերելակում ինքն ընկել է Ալիևի թակարդը»

168.am-ի հարցազրույցը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Պարոն Շարմազանով, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են պատերազմական ռիսկերի նվազեցմանը, և դրան ավելացել է Դուշանբեն։

– Ես առիթ ունեցել եմ ասելու, որ վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ջանքերի շնորհիվ Հայաստանի և Արցախի նպաստավոր դիրքերը, որ ստեղծվել էր ապրիլյան պատերազմից հետո ՀՀ իշխանության և նախագահ Սարգսյանի կոշտ ու հստակ քաղաքականության և դիրքորոշման արդյունքում, թուլացել են, և մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանն ու Արցախը բանակցային գործընթացում կորցնում են իրենց քաղաքական կապիտալը։ Ապրիլյան պատերազմից հետո մեր կողմը հստակ նշեց, որ պետք է իրականացվեն միջոցառումներ, ապա նոր բանակցությունները մտնեն բովանդակային փուլ։

Մենք հասանք նրան, որ ընդունվեցին Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք ամրագրվեցին համանախագահների հայտարարությամբ, որտեղ ամրագրված են 3 սկզբունքները, նաև ինքնորոշման իրավունքի իրացումը և այն պահանջները, որն առաջարկում էր հայկական կողմը, և որի հետ համաձայնել էին համանախագահները։ Եվ դա ստացել էր փաստաթղթի տեսք՝ հայտարարության ձևով։ Դրան հաջորդեց Ալիևի հմուտ հնարքը Դուշանբեի վերելակում, իսկ անփորձ Փաշինյանը, ինձ թվում է, ընկավ այդ թակարդը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես չեմ ուզում Փաշինյանին մեղադրել հայրենասեր չլինելու մեջ, Արցախի դեմ գործընթացներ իրականացնելու մեջ, բայց ակնհայտ է, որ Դուշանբեում Փաշինյանն ընկավ Ալիևի թակարդը, և դա, դժբախտաբար, շարունակվեց նաև Դավոսում։ Որովհետև ակնհայտ է, որ Դուշանբեի թակարդից հետո համանախագահների հայտարարության մեջ սկզբունքներ չկան։ Ասվում է՝ արդար լուծում։ Ո՞րն է այդ արդար լուծումը։

Ադրբեջանցու համար արդար լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի իր տարածքում։ Դուշանբեի վերելակային թակարդից հետո Ալիևը և Մամեդյարովը հստակ նշել են, որ Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան ինքնավարությունը։

Հայաստանից ո՛չ Փաշինյանը, ո՛չ Մնացականյանը ծպտուն չեն հանել, թե՝ ա՛յ տղա, ի՞նչ խնդիր կա, ի՞նչ ինքնավարություն, մենք ենք երաշխավորը Արցախի ժողովրդի, և շատ հստակ նշված են 3 սկզբունքները։ Մենք դա չտեսանք։

Նույնն այսօր է, որ ասում է՝ դրան միացավ Դուշանբեն։ Իսկ Դուշանբեն ի՞նչ էր։ Դուշանբեից հետո Մամեդյարովն ասել է՝ 2019 թվականը կարող է շրջադարձային լինել, Ալիևը հույս է կապել Փաշինյանի նոր իշխանության հետ՝ Սերժ Սարգսյանին և մեր իշխանությանն անվանելով հանցագործ։

Հիմա հարց եմ տալիս՝ Ալիևին էդ ի՞նչն է էդպես դրական հույսեր ներշնչել։ Երրորդը և ամենակարևորը՝ ի՞նչ խաղաղություն, ի՞նչ պատրաստել խաղաղության։ Ադրբեջանն իր բանակն օր օրի ուժեղացնում է, հոխորտում է, ասում է՝ բանակը պետք է լինի կառավարության նիստին, Ալիևը հայտարարում է, որ ադրբեջանական բանակը թիվ մեկ երաշխիքն է տարածքներ ազատագրելու և վերադարձնելու, մենք խաղաղությա՞ն ենք պատրաստվում։ Սա ի՞նչ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղասիրական թեզեր են։

Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, ո՞վ չի ուզում, բայց խաղաղությունը պետք է պարտադրել։ Ես կարծում եմ՝ մենք պետք է հասնենք արժանապատիվ խաղաղության, ոչ թե ամեն գնով խաղաղության։ Մեր խնդիրն արժանապատիվ ապրելն է մեր հայրենիքում, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Խաղաղությունը չի կարող լինել՝ ի հաշիվ Արցախի անվտանգության և անկախության։

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտը դավաճանություն է, ով գնաց դրան, նա դավաճան է։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայեցակարգն այսօր առաջ է տանում Ադրբեջանը, հրապարակ են նետում տարբեր ռուսական և արևմտյան քաղաքագետներ, իսկ Փաշինյանն ու Մնացականյանը ծպտուն չեն հանում։ Թող այսօր Եռաբլուրում կանգնեին ու ասեին՝ Ղարաբաղը պիտի անկախ լինի, ու այլընտրանք չկա։ Ինչո՞ւ չի ասել։

Փաշինյանն Արցախի հարցում հայեցակարգ չունի, Դուշանբեի վերելակում ինքն ընկել է Ալիևի թակարդը, հրաժարվել է Սանկտ Պետերբուրգից։ Ավելին՝ Դիլիջանում լրագրողներին ինքն է ասել, որ ադրբեջանցիներն ասել են, թե Սանկտ Պետերբուրգում նման պայմանավորվածություն չի եղել։ Հիմա Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ Սանկտ Պետերբուրգն ուժի մեջ է։ Ա՛յ, մեռնեմ հորդ Աստծուն, քո շեֆը՝ վարչապետ Փաշինյանը, իր բերանով ասել է, որ Ադրբեջանը չի ընդունում դա, դու ո՞նց ես ասում՝ ուժի մեջ է։ Եթե ուժի մեջ է, ուրեմն Փաշինյանն է սուտ խոսում։ Բայց այդպես չի լինում, նույնիսկ «սվաղելը» չի ստացվում արդեն։

– Բայց, ըստ էության, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի նպատակը մեկն էր՝ շփման գծում լարվածության նվազումը։

– Ոչ, նպատակը միայն դա չէր, նպատակը եղել է հետաքննություն կատարելը, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնումը։

– Եվ այդ ամենը նրա համար, որ դադարեն կրակոցները։

– Այո, և նաև հետաքննվի, թե ով է առաջին կրակողը։ Սա է խնդիրը, նոր դրանից հետո անցնեն բովանդակային բանակցությունների։ Մնացականյանն ու Մամեդյարովը 4 ժամ եղանակի տեսությունի՞ց էին խոսում։ Կամ՝ ես հարց եմ տալիս՝ երկրի ղեկավարները Դավոսում հանդիպում են պատահակա՞ն։ Նման բան լինո՞ւմ է։ Դա ձեր մոտ մտահոգություն չի՞ առաջացնում։ Հո խնամինե՞ր չեն, որ իրար տեսան, նստեցին՝ 1.5 ժամ սրճեցին։ Ինձ նույնիսկ թվում է, որ Փաշինյանը մի 10 րոպե առաջ է իմացել, որ Ալիևին պետք է հանդիպի։ Ինչո՞ւ էր շշկռված նստել։ Ինքն էր, չէ՞, ասում՝ հպա՜րտ։ Դուք այդ նկարից հպարտ բան տեսա՞ք, կամ դրանից հետո խոսելուց։

Մեզ մեղադրում էին վիզը ծուռ քաղաքականության մեջ, հիմա հպարտները եկել են, տեսանք՝ հպարտներն ով են։ Ժողովուրդն ասում է՝ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։ Սա ի՞նչ է նշանակում։

Դավոսի 1.5 ժամ հանդիպումն ի՞նչ է տվել։ Ասում է՝ կոռեկտ չի՝ դրա մասին խոսեմ։ Բա ինչպե՞ս է, որ առաջին անգամ բարև ես տալիս ու լայվում պատմում ես՝ ինչ կա-չկա, հիմա արդեն ոչ մի բան չես ասո՞ւմ։ Ինչի՞ շուրջ են բանակցում։ Մնացականյանն ու Մամեդյարովը 5 անգամ են հանդիպել, Փաշինյանն ու Ալիևը՝ 3 անգամ, որից վերջինը՝ Դավոսում 1.5 ժամ։ Ինչի՞ շուրջ են բանակցել։

– Հայաստանում իշխանափոխությունից հետո տրամադրվածությունները հասկանալու համար պետք չե՞ն նման երկարատև հանդիպումներ։

– Մենք բանակցություններին դեմ չենք, մենք ասում ենք՝ ինչի՞ շուրջ են բանակցում։ Հայաստանն ու Ադրբեջանը ո՛չ գործընկերներ են, ո՛չ դաշնակիցներ։ Մենք հակառակորդ երկրներ ենք։ Ադրբեջանում մինչ օրս հայատյացություն է քարոզվում։ Ալիևն այն մարդն է, որն ահաբեկչական պատերազմ էր սանձազերծել 2016-ի ապրիլին, որը Սաֆարովին է հերոսացրել։ Ի՞նչ են այդքան քննարկում, թող կանգնի, ժողովրդին ասի։ Փաշինյանը խորհրդարանում էլ ասեց՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան։ 3 անգամ ինքն է հանդիպել, 5 անգամ՝ Մնացականյանը, ո՞ւր են Արցախի ներկայացուցիչները։ Ո՛չ Բակո Սահակյանը կա, ո՛չ էլ Մասիս Մայիլյանը։

– Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Արցախի վերադարձը «պրակտիկ» հարց է։

– Ի՞նչ պրակտիկ։ Այդ պրակտիկ հարցը մենք վաղուց լուծել ենք։ Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք։ ԵԱՀԿ դիտորդները, համանախագահները միշտ էլ գնացել են Ղարաբաղ, հանդիպել են Արցախի նախագահի հետ։ Դու ասել ես՝ Բակո Սահակյանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Ինչի՞ չես արել։ Ո՞վ էր իր լեզվից քաշել։ Սա հերթական սուտն է ու պոպուլիզմը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով