Ոստիկանությունը Վահե Էնֆիաջյանի դեմ գործը կարճել է՝ որոշելով, թե չենք կարողանում պատգամավորին գտնել

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու Թրանսփարենսի Ինթերնեյշն հակակոռուպցիան կենտրոնը նախընտրական քարոզարշավի մասին իրենց գնահատականներն ու դիտարկումները ներկայացրեցին:

Լրագրողները հարցրեցին՝ հանձնաժողովի նախագահների ու անդամների մեջ հիմնականում լինելու են ԲՀԿ, ՀՀԿ ներկայացուցիչներ, այդ հանձնաժողովականներին նախկինում դուք մեղադրում էիք տարբեր առիթներով՝ անգործություն ցուցաբերելու, խախտումերը չարձանագրելու եւ չնկատել տալու մեջ, եթե ոստիկանության հետ կապված կա հրահանգ, որ նորմալ աշխատեն, այս դեպքում ի՞նչը պետք է ստիպի այդ մարդկանց, որ լավ աշխատեն, ի վերջո նույն մարդիկ են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց. «Նույն մարդիկ են, բայց իրավիճակն է տարբեր: Խախտումներ կատարելու պահանջ չկա, մեր գործը հեշտանում է: Մարդիկ նույնն են, բայց պահանջը տարբեր է: Անպատժելիությունը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ նույն հանձնաժողովների անդամները աչք էին փակում, ուղղակի գիտեին, որ խախտումները որեւէ հետեւանք չէր ունենալու: Իսկ անպատժելիության մթնոլորտը վերացած է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սաքունցը հիշեց, որ սեպտեմբերին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած միջադեպը, երբ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւ մի խումբ երիտասարդներ ներխուժել էին «Մեդիա կենտրոն»՝ փորձելով տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը։ Պատճառն այն էր, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին։ Մանրամասները՝ ժամը 16:00-ի ասուլիսին, որ տալիս ենք «Մեդիա Կենտրոնում»։

Այս միջադեպի հետ կապված Սաքունցն ասաց, որ չնայած տեսանյութերը կան, թե ինչպես է ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչն իրեն պահում, ոստիկանության հետաքննիչը որոշել է քրեական հետապնդումը դադարեցրել՝ պատճառաբանելով, որ ԱԺ պատգամավորին չի կարողանում հայտնաբերել ու նրանից բացատրություն վերցնել. «Այդպես էլ սեւով սպիտակի վրա գրված է՝ չենք կարողացել պատգամավորին հայտնաբերել, բացատրություն վերցնել, դրա համար հետաքննությունը կարճվում է: Շատ տարօրինակ բան է, մենք, բնականաբար, բողոքարկում ենք, բայց սա բոլորովին լավ լույսի ներքո չի ներկայացնում…տվյալ միջադեպը վերաբերում է ԱԺ պատգամավորին, իրավապահ մարմնին: Եթե չեն կարողանում գտնել, ես կարող եմ այդ տեղը ցույց տալ, երբ որ նա հրապարակավ տարբեր տեղեր մամուլի ասուլիսներ է անցկացնում: Մենք ունենք մտահոգություններ՝ քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական նկատառումներից ելնելով՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքին ոչ հետեւողական լինելու հետ կապված»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

aravot.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով