Հայաստանը պատերազմի՞ է նախապատրաստվում. ի՞նչ է ակնարկում Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտասահմանյան այցելություններից անմիջապես հետո (այստեղ ուշագրավը մանավանդ Ալիևի հետ դավոսյան հանդիպումն է)  Փաշինյանի այցը՝ պաշտպանության նախարարություն, թերևս, անչափ խորհրդանշանակ պետք է համարել: Այն, ըստ էության, կարելի է ընկալել որպես արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի յուրատեսակ բնութագրիչ, բացահայտիչ այն բանի, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում:

Կարելի՞ է, արդյոք, Փաշինյանի հնչեցրած խոսքը համարել վերահաս պատերազմին պատրաստ լինելուն միտված կոչ՝ զինված ուժերին, թե՞ ոչ: Ակնհայտորեն՝ այո. վարչապետը փաստացի հայտաարում է, որ ՀՀ դիրքորոշումն Արցախի ու Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերում անփոփոխ է մնացել՝ չնայած տեղի ուենցած իշխանափոխությանը և որ հույսը պետք է դնել հայոց բազկի ուժի վրա, ինչը կարելի է ընկալել որպես համապատասխան ազդանշան՝ ՊՆ-ին:

Մյուս կողմից՝ Փաշինյանի խոսքերն ակնհայտորեն վկայում են հայկական կողմի ինզիջում դիրքորոշման մասին, ինչը չափազանց կարևոր ազդակ է հատկապես այն իմաստով, որ փաստացի հօդս են ցնդում ոմանց կողմից հրապարակ նետված այն կեղծ թեզերը, թե իբր Փաշինյանը բավարար չափով սկզբունքային չէ ու հակված է տարածքային զիջումների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ այլ կարևոր հանգմանք է նաև այն, որ Փաշինյանը, փաստորեն, որպես միակ երաշխիք հռչակում է Արցախի ու Հայաստանի զինված ուժերը՝ չհիշատակելով արտաքին դաշնակիցներին ու ՀԱՊԿ-ը: Սա, թերևս, ուշագրավ դրվագ է՝ հատկապես Մոսկվա վերջին այցի ֆոնին:

Ի՞նչ են ասել Մոսկվայում Փաշինյանին, պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը մտադի՞ր է կատարել իր պարտավորոթյունները ՀՀ-ի նկատմամբ, թե՞ Փաշինյանին հասկացրել են, որ մտադիր չեն միջամտել հակամարտությանն ու ուղղակիորեն կանգնել Երևանի կողքին՝ խուսափելու համար հնարավոր աշխարհաքաղաքական բարդություններից:

Հարցականներն, իհարկե, շատ են, սակայն մեկ բան իսկապես անքննարկելի է. միակ հույսն ու երաշխիքը եղել, կա ու մնալու է հայ զինվորի բազկի հզորությունն՝ անկախ այն հանգամանքից՝ որ ռազմաքաղաքական բլոկում է Հայաստանը, քանի արտաքին դաշնակից ունի կամ չունի, ով է թշնամին:

Norlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով