Հունվարի 26-ին անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքի վրա: Արդյունքում կոտրվել է գնացքի պատուհանը: Տուժածներ չկան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 18:00-ից 18:10-ն ընկած ժամանակահատվածում «Սասունցի Դավիթ» կայարանից «Զորավար Անդրանիկ» տանող կայարանի ճանապարհային բացօթյա հատվածում:
«Գնացքի կարգավարը դեպքի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը: Գործն այժմ Ոստիկանության տիրույթում է: Նման դեպք նախկինում չէր գրանցվել: Ցավոք, մետրոպոլիտենի տեսախցիկները չեն կարողացել ֆիքսել, թե ով է հարվածում, որովհետև հարվածը եղել է ճանապարհային բացօթյա հատվածում: Հարվածողը քարը նետել է փողոցից, չի գտնվել մետրոյի տարածքում»,- նշեց նա:
Ըստ մամուլի խոսնակի՝ կոտրված ապակին թափվել է գնացքի մեջ. բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել: Իսկ վնասված գնացքը, Խաչատրյանի խոսքով, վերանորոգվում է:
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը հույս հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենի ու Ոստիկանության համագործակցության արդյունքում մեղավորները կպատժվեն: