Բարեւ ձեզ մեր շատ սիրելի հու-հուներ ջան: Քանի որ «Մեր Լոնգը» ցեղախմբի վոժդը Հու-հու-դըմփ Առաջինը վերջերս ջղայնացել է ու ասել է, որ ջունգլիների մեր հատվածում լրատվամիջոցների 90 տոկոսը պատկանում է մեզ չսիրող ուրիշ ցեղախմբերի վոժդերին, այսուհետ մենք հիմնում ենք նոր լրատվամիջոց «Տումբու-լյումբու մեր Լոնգը», որին դուք պետք է բոլորդ լսեք ու կարդաք, իսկ ով կարդալ չգիտի պետք է պահանջի, որ ով կարդալ գիտի բարձրաձայն կարդա:
Սկսենք նրանից, որ մեր վոժդը ջունգլիների ամենախելոք վոժդն ա, շատ դուխով ա, բայց ջղայնացել ա, որովհետեւ մի քանի հատ հու-հու չջոգելով ինչ են անում փակել են ջունգլիների մեջի մի քանի արահետներ եւ պահանջում են, որ մեր ամենադուխով վոժդ Հու-հու-դըմփ I-ը վանդակ նստացնի Ծեր Տուշոնկա-յումբույին: Այդ պատճառով վոժդը ջղայնացաել է ու ասել. «Արա՛, դուք վապշե ո՞վ դառաք, որ արահետ փակեք, էդ մենակ ես կարամ էս ջունգլիներում արահետ փակել, որովհետեւ բոլոր հու-հուները ինձ են լիազորել, որ ես արահետ փակեմ-բացեմ: Հանգիստ նստեք տեղներդ»: Այնուհետեւ վոժդը նշեց, որ մենակ ինքը գիտի ում բռնի, ում բաց թողնի, ում նստացնի վանդակում, ում վանդակից ազատի, ում ուտի, ում չուտի, գյորմագյորներ:
Ինչ վերբերվում ա Մեր Լոնգայի կառավարությանը, ապա այստեղ վոժդը դեռ մտածելու բաներ ունի: Դրա համար հանգիստ նստեք տեղներդ, թող ոչ ոքի մտքով չանցնի, որ վոժդը չգիտի ինչ անի: Իսկ ում մտքով նման բան կանցնի, վոժդը նրան կփռի արեւին եւ կհանձնարարի, որ հու-հուները քարեր նետեն նրա վրա:
Միջազգային ասպարեզում մեր վոժդը անում ա ամեն ինչ լավ, բայց ցեղախմբի խորհրդի անդամ Քոնջոր Վարունգան երեկ սխալ բաներ ասեց մեր հարեւանի համար: Նա խոստացավ, որ էլ չի անի, բայց այդ թեմայով վոժդը արգելեց տարածվել եւ հանձնարարեց` հանգիստ նստեք տեղներդ` ամեն մեկդ ձեր ծառի տակ:
Մեր վոժդի գլխավոր սնխչի Թորոս Դդուման խորհորդ է տալիս բոլոր հու-հուներին չհիվանադնալու համար չհազալ եւ չփռշտալ: Բոլոր նրանք, ով կհիվանդանա, կհամարվի նախորդ հանցավոր վոժդի շպիոն եւ նրան կներկեն սեւ գույնի ներկով, որ բոլորը իմանան, թե ով է նա, իսկ հու-հուներին կհանձնարարվի քարեր նետել նրա վրա:
Վերջում պետք է հաղորդենք ձեզ մեր սիրելի հու-հուներ, որ մեր պայծառափայլ վոժդ նորին վոժդություն Հու-հու-դըմփ առաջինը ձեզ բոլորիդ սիրում է եւ հանձնարարում է լինել երջանիկ: Ով չի լինի երջանիկ նրան նույնպես կփռեն արեւին եւ հու-հուներին կհանձնարարվի նրա վրա քարեր շպրտել:
Կեցցե՜նք մենք, փառք «Մեր Լոնգին», կեցցե՜ մեր առաջնորդ Հու-հու-դըմփ առաջինը: Մինչեւ վաղը, ուրիշ լրատվամիջոց չկարդալ, չլսել, չտեսնել: Վաղը մենք ձեզ նորից կբացատրենք ինչ կա-չկա, իսկ մինչեւ այդ հանգիստ նստեք տեղներդ: