Տնտեսության թռիչքը հետաձգվում է. «168 Ժամ»

Загрузка...

«168 Ժամ»-ը գրում է․

«Ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կգտնվի 5,2-5,3 տոկոսի սահմաններում։ Սա, անշուշտ, փոքր-ինչ բարձր է պետական բյուջեով պլանավորված 4,9 տոկոս ցուցանիշից։ Բայց արդյո՞ք դա թռիչքաձև աճ է, որի մասին ոչ վաղ անցյալում հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսական աճի այն ակնկալիքները, որը հաջորդ տարվա համար ունի կառավարությունը, շատ հեռու են թռիչքային լինելուց։ Ժամանակին 2019թ. համար ճիշտ նույնպիսի կանխատեսում ունեին նաև նախկին իշխանությունները, թեև նրանք երբևէ չէին խոսում թռիքաձև աճի մասին։

Ստացվում է, որ տնտեսական աճի վերաբերյալ նախկին ու ներկա իշխանությունների տեսակետներում ոչինչ չի փոխվել։ Եվ դա պատահական չէ։

Տնտեսության թռիչքաձև աճի մասին հայտարարությունները, որոնք ի հայտ եկան խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ոչ այլ ինչ էին, քան հասարակության շրջանում դրական սպասումներ ձևավորելու փորձ։ Մի բան, ինչը միանշանակ հաջողվեց։ Սակայն դրա և բազմաթիվ այլ չիրականացրած խոստումների պատճառով այսօր կառավարությունը կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առջև։ Չպատճառաբանված և չհիմնավորված հայտարարությունների հետևանքով կուտակվել են չափազանց բարձր սպասումներ, որոնք հեռու են իրականանալուց։ Ու դա սկսել է սպառնալ թավշյա հեղափոխությանն ու անձամբ դրա առաջնորդի հեղինակությանը։

Այս տարվա տնտեսական զարգացման ակնկալիքները վկայում են, որ կառավարությունն ինքը չի հավատում իր հայտարարած թռիչքաձև աճին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սպասվող ՀՆԱ 5,2 կամ 5,3 տոկոս ավելացումը գրեթե համարժեք է անցած տարվա ցուցանիշին։ Չնայած դեռևս չեն հայտարարվել 2018թ. տնտեսական աճի արդյունքները, այնուհանդերձ, կանխատեսումները 5 տոկոսի սահմաններում են։

Ի դեպ, այն բավականաչափ ցածր է նախորդող տարվա տեմպից։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց վերջին տարիների համար ռեկորդային բարձր`  7,5 տոկոս տնտեսական աճ։ Բայց անգամ այդ ժամանակ խոսք չեղավ տնտեսական թռիչքի մասին։ Ու հիմա, չնայած այս տարվա ակնկալիքները շատ ավելի համեստ են 2017թ. համեմատ, կառավարությունը թռիչքաձև զարգացումների ու տնտեսական հեղափոխության մասին է խոսում` շարունակելով ջուր լցնել հասարակության սպասումների վրա։

Այլևս պարզ է, որ մոտ ապագայում նման հույսեր չպետք է փայփայել։ Տնտեսական թռիչքը հետաձգվում է։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ուդեռ հարց է, թե դրա համար ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի։

Մոտակա ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացումների հեռանկարներ չեն տեսնում նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Մասնավորապես, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ Հաջորդ երկու տարվա կանխատեսումը 4,6 տոկոս է։ Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց և այնպես, շատ հեռու է թռիչքային լինելուց։

Որ կառավարությունն իր առջև թռիչքային զարգացումներ ապահովելու խնդիր է դրել, անշուշտ, լավ է։ Բայց դրա հիմքերը չեն երևում։ Այս ընթացքում կառավարությանը չհաջողվեց կանխել անգամ տնտեսական աճի հետընթացը։ Նույնիսկ իշխանափոխությունից ինն ամիս հետո միտումը դրական չէ։

Պատահական չէ, որ արդեն հնչում են մտահոգություններ՝ նաև հաջորդ տարվա պետական բյուջեի հարկային մուտքերի ապահովման հետ կապված։ Այդ մասին կառավարության անցած նիստում բարձրաձայնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահը. «2019 թվականը բավական ռիսկային տարի է հարկային ծրագրային ցուցանիշներն ապահովելու տեսակետից, քանի որ նվազեցվում են եկամտային հարկն ու շահութահարկը»։

ՊԵԿ նախագահի մտահոգությունները, անշուշտ, անտեղի չեն։ Դրանք կապված են տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների հետ, որոնք ամենևին էլ կառավարության օգտին չեն։ Ու եթե այս տեմպով պիտի շարունակվեն, շուտով կառավարությանը կանգնեցնելու են լուրջ փաստի առջև, այդ թվում` նաև բյուջեի մուտքերի ապահովման առումով։

Հայաստանի տնտեսությունը ոչ միայն պատրաստ չէ թռիչքային զարգացումների, այլև խնդիր ունի դիմանալու առկա բազմաթիվ մարտահարվերին։ Դրանք իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն պակասել, այլև ավելացել են։

Անգամ նոր Ազգային ժողովի ձևավորումից հետո չեն փարատվել Հայաստանի տնտեսության, ինչպես նաև՝ քաղաքական իրավիճակի նկատմամբ առկա մտահոգությունները։ Պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը մի տեսակ չի կարողանում կողմնորոշվել իր հետագա անելիքների հարցում։ Անորոշություններն ամենուրեք են։ Ու հիմա մարդիկ շվարած սպասում են, թե ինչ է լինելու հետո, դեռ որքան է այսպես շարունակվելու։

Գործընթացները Հայաստանում շատ դանդաղ են տեղից շարժվում։ 8-9 ամիս է, ինչ խոսվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին, որոնք իբր թե պետք է բարելավեն տնտեսական միջավայրը, բիզնեսի գործունեության պայմանները, բայց անարդյունք։ Ներդրումների լուրջ ակնկալիք ունեցող կառավարությունն այսքան ժամանակ փորձ չարեց անգամ մի կարգին ներդրումային օրենք մշակել, որի կարիքը չափազանց մեծ է։ Ինչքան էլ վարչապետը երաշխիքներ տա ներդրողներին, դա բավարար չէ ներդրումների պաշտպանության համար։ Մի բան, ինչով Հայաստանը չի փայլել նախկինում, առավել ևս, չի փայլում հիմա, երբ 90 տոկոսով իրականացված խոշոր ներդրումային ծրագիրը կարող է ամիսներով կասեցված մնալ։

Փոխարենը մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։

Պարզ չէ՞, որ նման պայմաններում ներդրումային մեծ հոսքեր, որոնք այդքան անհրաժեշտ են Հայաստանի տնտեսությանը, ոչ միայն տնտեսական թռիչք, այլև ընդհանրապես աճ ապահովելու համար, չեն լինելու։

Հայաստանի ոչ միայն ներդրումային, այլև տնտեսական օրենսդրության դաշտը լուրջ վերանայման կարիք ունի, եթե իսկապես կառավարությունն ուզում է տնտեսական հեղափոխություն անել։ Աշխատանքի չափազանց մեծ դաշտ կա, ցավոք, աշխատելու ձգտում չի նկատվում։

Ո՞ւմ և ինչի՞ է սպասում կառավարությունը, պարզ չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...