Սմբատ Գոգյյան. «180 տոկոսով պարգեւատրել եմ տեղակալիս եւ դրա պատասխանատուն եմ»

ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ 2016թ. ՀՀ-ում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017թ.` 394, իսկ 2018-ին` 359: «Քանակը գնալով նվազում է, ինչը ունի մի քանի պատճառ:

Օրինակ, մի պահ չինովնիկական մեծ ներհոսք եղավ դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ: Նրանց մի մասն արդեն հագեցել է եւ ունի աստիճաններ: Որոշ մասնագիտություններում կան կադրային լուրջ խնդիրներ` ասպիրանտուրայի տեղերի թափուր մնալը եւ այլն, որոնք բերում են այդ հետեւանքներին»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ 2017թ. մերժվել է 1 ատենախոսություն, որը 2018-ին նորից պաշտպանվել է, իսկ 2018-ին, իր պաշտոնավարման շրջանում մերժվել է 6 ատենախոսություն` արտագրությունների եւ հղումների հետ կապված պատճառներով: Ասաց նաեւ, որ ԲՈԿ-ում մի քանի խնդրահարույց գործեր կան, եւ հնարավոր է, որ մերժված ատենախոսությունների թիվը աճի: «Պահանջում են, որ ԲՈԿ-ը բացահայտի արտագրությունները, խարդախությունները, բայց եկեք ընդունենք, որ մենք ընդամենը գիտական հիմնարկ ենք, որի գործառույթն է կազմակերպել եւ վերահսկել գործընթացը: Մենք մասնագիտորեն իրավունք չունենք ատենախոսության մեջ մուտք գործել եւ մասնագիտական եզրահանգումներ տալ»,-ընդգծեց Սմբատ Գոգյանը:

Նա մի զավեշտալի դեպք պատմեց. «Մի շաբաթ առաջ մեկը եկավ մեզ մոտ եւ ասաց` ո՞նց կարելի էր այսինչ մարդու դոկտորական ատենախոսությունը հաստատել: Երբ նա գնաց, ես մեր բաժնի աշխատողին ասացի, որ մարդը բողոքում է ատենախոսությունից: Աշխատակիցն էլ ասաց, որ հենց այդ մարդն էլ խորհրդի կազմում գովել էր նույն ատենախոսությունը…Նման դեպքեր կան եւ դրանց դեմը ԲՈԿ-ը չի կարող առնել»: Նա ասաց, որ իրեն հարցրել են, թե ճի՞շտ է, որ ԲՈԿ-ի նախագահի նոր տեղակալն իր ընկերոջ կինն է: «Դա իրականությանը չի համապատասխանում: Նրա ամուսնուն կյանքումս տեսել եմ երկու անգամ. մեկը նշանակումից մեկ-երկու օր առաջ, երբ իմիջային խնդիր կար` շատերը մամուլում տարածված սուտ տեղեկատվության պատճառով (սկսած սեռական կողմնորոշումից մինչեւ կենսակերպ) խուսափում էին ինձ հետ շփվել:

Ինձ համար իսկապես դժվար էր կադրային քաղաքականություն վարել: Մի խոսքով, իմ տեղակալի ամուսնուն մի անգամ նշանակումից հետո եմ տեսել, մի անգամ էլ հունվարին ենք առնչվել»,- վստահեցրեց Սմբատ Գոգյանը: Պարգեւատրումներին էլ անդրադարձավ. «Հարցրել են` արդյոք ճի՞շտ է, որ իմ տեղակալը ստացել է 180 տոկոսի չափով պարգեւավճար: Ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը, բայց դա արվել է այն պատճառով, որ ամբողջ կոլեկտիվը ստացել է 80 տոկոս, անձամբ ես պարգեւավճար չեմ ստացել, միայն տեղակալին եմ տվել, որովհետեւ նա մեր հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում էր աշխատանքին; Այդ պատճառով ես նրան պարգեւատրել եմ եւ դրա պատասխանատուն եմ: Իսկ գումարի չափն ասել չեմ կարող»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով