«Պրեմյա» յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին. «Փաստ»

Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանգստյան օրերի հիմնական տեղեկատվական առիթը պարգևավճարների թեման էր: Մի շարք մարզպետներ Ամանորի շեմին որոշել էին իրենց և իրենց տեղակալներին, օգնականներին բարձր պարգևավճարներ տրամադրել: Նոր իշխանությունների ցանկացած քայլ, այդ թվում՝ ֆինանսական գործարքների հետ առնչվող, գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է: Նախորդ իշխանության հետ կապված կարծրատիպերը վերջնականապես արմատախիլ չեն եղել, իսկ իշխանության վարքը դեռևս այդ կարծրատիպերին որոշակի կենսունակություն է հաղորդում:

Խնդիրը, սակայն, ոչ թե պարգևավճարն է ինքնին, այլ այն, որ իշխանությունները շարունակում են անփութորեն վատնել իրենց վստահված ահռելի քաղաքական կապիտալը: Հասարակությունն ակնկալում է որակապես նոր մակարդակի վերնախավ, որի հանդեպ, բնականաբար, խստապահանջ է, իսկ վերնախավը ոչ միայն հեռու է ասկետիզմի դրսևորումներից, այլ լրիվ հակառակը: Ավելին՝ նույնիսկ նեղսրտում են, թե ինչո՞ւ են համեմատվում ՀՀԿ–ի հետ կամ արդյո՞ք իրավունք չունեն խաշ ուտելու:

Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Իշխանությունները անընդհատ հայտարարում են կառավարության օպտիմալացման և արդյունավետության բարձրացման մասին, որոնք ենթադրում են որոշակի ցավոտ ռեֆորմներ: Արդեն սեղանին կա դրված կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, և ենթադրվում է, որ որոշ նախարարություններ կմիավորվեն, որոշները ընդհանրապես կփակվեն:

Եվ այս պայմաններում պարգևավճարների աղմկահարույց թեման, անշուշտ, կուռ հակափաստարկ է ընդդեմ այդ փոփոխությունների: Ստացվում է՝ այդ փոփոխություններն արվում են այլոց, բայց ոչ երբեք քաղաքական թիմի հաշվին: Մոտավորապես նույն կերպ էլ փաստացի բաժանվել են պարգևավճարները՝ իրենք իրենց, բայց ոչ ստորին և միջին օղակի աշխատողներին, որոնք ունեն այդ պարգևավճարների և դրանցով մոտիվացվելու կարիքը: Փոխարենն այդ ստորին և միջին օղակի աշխատողների գլխին անընդհատ թափահարվում է օպտիմալացման սպառնալիքը: Բացի կադրային սնանկությունից, այս քաղաքականությունը կարող է տանել մեկ այլ տեղ ևս, երբ օպտիմալացման վախից բոլոր օղակներում սկսվի կուսակցականացման պրոցես, պարզապես այս դեպքում ՀՀԿ–ի փոխարեն կսկսվի հոսք դեպի ՔՊ՝ բնականաբար աշխատանքը չկորցնելու նկրտումներից ելնելով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...