Հաշվի առնելով այն, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պատրաստվում են ներում շնորհել, Analitik.am-ը զրուցեց սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր՝ Միխաիլ Աղաջանովի և քույր Ելենա Աղաջանովայի հետ:
Միխաիլ Աղաջանովն ասաց, որ խիստ բացասական է վերաբերվում Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն. «Ես հատուկ ներկայացնելու համար իմ կարծիքը բացել եմ ՖԲ էջ,որտեղ մանրամասն գրել եմ, թե ինչու չի կարելի Մհեր Ենոքյանի նման մարդուն ներել: Այդ մարդը մինչև հիմա ներողություն չի խնդրել, նա չի ընդունում, որ ինքն ինչ-որ մեղք է գործել:23 տարիների ընթացքում նա մի անգամ չի մեղանչել, չի ասել, որ ես մեղավոր եմ, ինչ-որ բան եմ արել, ուղղակի այդ սև PR-ն իրեն դարձրեց ազգի փրկիչ: Ես ուղղակի զայրանում եմ այդ ամենից: Ինքն օգտագործեց իր բանտարկությունը:
Մի ամբողջ խումբ է աշխատում, որ նրան դարձնեն ազգի հերոս: Լրագրողների մի խումբ է աշխատում: Նրանք ամեն կերպ ուզում են, որ Մհերը դուրս գա: Երկու անգամ նա փախուստի է դիմել, նրան բռնել են, տարել են հետ են նստացրել, բայց, միևնույն է, ասում են՝ մեկ է, նա շատ լավ մարդ է, նա մտավորական է, նա գրքեր է գրում, նա չգիտեմ ինչ է անում: