shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի վայրում մահացածները տատ ու թոռ են, և նրանք վրաերթի են ենթարկվել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի