«Շրջանառության հարկի բարձրացումը կվնասի ՀՀ տնտեսությանը, այդ թվում՝ գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը». Դավիթ Երեմյան

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայկական ռեստորանների միությունը» հունվարի 3-ին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մեկ օրով միության 100-ից ավելի ռեստորաններ՝  ի նշան բողոքի, կփակեն իրենց  դռներն այցելուների առջև, քանի որ Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ հունվարի 1-ից շրջանառության հարկը 6 տոկոսից կդառնա 8 տոկոս, իսկ արդեն հաջորդ տարի՝ 10 տոկոս, այսինքն՝ կավելանա ևս երկու տոկոսով։

Այս հանգամանքը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Հայկական ռեստորանների միության» անդամների մոտ, որոնց կարծիքով՝ եթե պետությունն ավելացնում է շրջանառության հարկը, ապա իրենք ստիպված են բարձրացնել ռեստորանների գները, ինչը բացասական անդրադարձ կարող է ունենալ ՀՀ տնտեսության և տուրիզմի զարգացման վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը շրջանառության հարկի բարձրացման շուրջ զրուցեց  «Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորաններ, «Երևանի շաուրմա») գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ։

– Պարոն Երեմյան, «Ռեստորանների հայկական միության» անդամները որոշել են մեկ օրով փակել ռեստորաննների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։ Ձեր կարծիքով՝ շրջանառության հարկի բարձրացումը որքանո՞վ կվնասի Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացմանը, հատկապես, որ 2020 թվականին շրջանառության հարկը բարձրանալու է ևս 2 տոկոսով։

– Այն պահից, երբ գործածվեց շրջանառության հարկը, մեր կողմից վճարվող հարկերը բարձրացան  մոտավորապես 4-5 անգամ: Հիմա 6% է, իսկ եթե դառնա 8%, ապա ստացվում է, որ նախկինի համեմատ՝ մեր հարկերը կավելանան 6-7 անգամ: Հարկերի նման բարձրացումները նշանակում են, որ մենք ուղղակի թանկացնելու ենք մեր ծառայությունները: Մեր գները թանկանալու են, և  արդյունքում՝ մենք տարածաշրջանում դառնալու ենք ոչ մրցունակ, որքանո՞վ է դա պետք մեր երկրին, մեր պետությանը: Ռեստորանները նորից դառնալու են ճոխություն և ոչ հասանելի բոլորին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ձեր կարծիքով՝ այս խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի և որո՞նք են մեր կառավարության անելիքները։

– Իմ կարծիքով՝ այս խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ: Թողնել նույնը, ինչ 2018 վերջին 6 ամսվա ընթացքում եղավ, այսինքն՝  6%, մինուս 3% հաշվանցումը, ոչ պակաս, քան 4%: Այսինքն՝  այն մոտեցումը, ինչը 2018 թվականին կար, թողնել ամենաքիչը 5 տարի ևս, որպեսզի ռեստորանային ոլորտը կարողանա հարմարվել  այս փոփոխությանը, կարողանա  կազմակերպել, պլանավորել և զարգանալ այս միտումներով:

Իսկ պետությունն էլ հաշվանցման ապահովման մասով  կարողանա աշխատանքներն իրականցնել, քանի որ այսօր մեր  հարկային ծառայության կողմից կիրառվող մեթոդներն ամեն ինչ բարդում են գործարարների վրա, իսկ վերջիններս այսօր չունեն մեխանիզմներ, որոնցով կկարողանան այդ  հաշվանցումը կատարել:

Խնդրի լուծումն է՝ դեռևս թողնել նույն դրույքաչափը:

– Եթե շրջանառության հարկի բարձրացման որոշումը մնա անփոփոխ, որո՞նք են լինելու Ձեր հետագա  քայլերը։

– Մենք  փորձելու ենք տարբեր ակցիաների միջոցով մեր խնդիրը բարձրաձայնել, լսելի դարձնել մեր կառավարության համար: Թեպետ դա միայն մեր խնդիրը չէ, դա միայն մեզ չի վերաբերում, մենք, բացի մեր ոլորտը զարգացնելուց, մեր գործունեությամբ զարգացնում ենք նաև այլ ոլորտներ՝  գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և տնտեսության այլ ճյուղեր: Դրանով վնաս է հասցվելու նաև վերոնշյալ ոլորտներին: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ  և նույնիսկ վստահ եմ, որ մեր կառավարությունն անպայման կարձագանքի և ուշադրություն կդարձնի այս խնդրին և կլսի մեր ձայնը:

Զվարթ Խաչատրյան

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով