Մեզ պետք չէ այնպիսի սեր, որը վերջանալու է օղու վրա մեր նկարներով կամ մոմի վրա մեր պատկերով. Արմեն Աշոտյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

–Հեղափոխությունից հետո ուսումնասիրելով ձեր անցած գործունեությունը՝ հասկացա՞ք, թե ժողովուրդը ինչու չի սիրում ՀՀԿ-ին։

– Ի՞նչ է նշանակում՝ չի սիրում։ Եթե չի սիրում, բա ո՞նց Արմեն Աշոտյանը ստացավ ամենապատկառելի ձայներից մեկը բոլոր ուժերի մեջ՝ «Իմ քայլը» հանած։ Ոչ շտաբ եմ ունեցել, ո՛չ քարոզչական գործունեություն եմ ծավալել, ո՛չ փողեր եմ ծախսել։ Ատելության մթնոլորտը այսօր շատ արագ փոխվում է։ Ես չեմ ասում, որ սկսում են մեզ սիրել։ Մեզ պետք չէ այնպիսի սեր, որը վերջանալու է օղու վրա մեր նկարներով կամ մոմի վրա մեր պատկերով։ Դա սեր չէ։ Սա ֆանատիզմ է, կռապաշտություն, դա քաղաքական կապիտալ չէ։ Մենք՝ որպես պետականամետ ուժ, հակված ենք, որ ֆորս- մաժոր չլինի։ Եթե այսօրվա իշխանավորները մի քիչ խելոք լինեն, մի քիչ պակաս մեծամիտ, մի քիչ պակաս լոպազ, ապա ականջ կդնեին այն քննադատությանը, որի նպատակն է ցույց տալ սխալներ, կանխել սխալ որոշումներ, չեզոքացնել վտանգներ։ Ես գիտեմ՝ իրենց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից նոր հանձնարարական է իջեցվել չարձագանքել ՀՀԿ-ականների քննադատությանը, որպեսզի մոռացության մատնեն կամ անտեսեն։

Սա ջայլամային քաղաքականություն է։ Ասենք թե չեք տեսնում այն քննադատությունը, որը մենք անում ենք, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվում, դրանից փոխվո՞ւմ են Արցախյան հակամարտության համար մեր անհանգստությունները, թե՞ ինվեստորներն են Դավոսում շարվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությանը ներկայացնելու ներդրումային ծրագրեր։ «Դըմբ-Դըմբ հու»-ով արտաքին, տնտեսական, անվտանգային քաղաքականություն իրականացնել չի ստացվի: Լավ, անցյալ տարին էլ միջազգային հանրության վրա վաճառեցին ժողովրդավար, թավշյա Հայաստանի իշխանությունների իմիջը, բա հետո՞։ Սպառվեց այդ բրենդը։ Լավ, մի 4-5 ամիս էլ կխոսեն դրա մասին։ Իսկ ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացման ռատիֆիկացիայի մասին չե՞ն ուզում խոսել։ Իսկ ՀԱՊԿ-ում Հայաստանի նոր իշխանությունների ապիկար քաղաքականության պատճառով թուլացած դիրքերի մասին չե՞ն ուզում խոսել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով