Այսօր Վերաքննիչ դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց գրավը վերացնելու և նրան կալանավորելու մասին։ Որոշման հրապարակումից հետո Գրիգորյանի փաստաբանները դատարանի հետնամուտքից էին դուրս եկել՝ հրաժարվելով հանդիպել լրագրողներին, տալ մեկնաբանություն։
Aysor.am-ի բազմաթիվ զանգերին Մկրտչյանը չէր պատասխանում, սակայն նա ելքը գտել է և իր ֆեյսբուքյան էջում կատարել կարճ գրառում.«Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»։
«Որոշումը օրինական ու հիմնավոր էր», – նիստերի դահլիճից դուրս գալուց հետո իր հերթին հայտարարել էր Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։