Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Ազգաշյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը և 47-ամյա Վահան Ղազարյանը:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև կրակոցի հետևանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի