Կապանի ինքնաթիռն արդեն Հայաստանում է

Կապանի օդանավակայանի համար նախատեսված չեխական «L-410UVP-E20» ինքնաթիռն այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Կարելի է ասել, որ սրանով ավարտվում է Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանի երկար սպասված վերագործարկման առաջին փուլը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզային նախորդ իշխանությունների հայտարարության համաձայն, ինքնաթիռը Հայաստան պիտի բերվեր դեռ այս տարվա մարտին, իսկ Կապանի օդանավակայանն էլ պիտի վերաբացվեր հունիս-հուլիսին: Ու չնայած առաջինն այլեւս փաստ է, օդանավակայանի շինաշխատանքները դեռ շարունակվում են: Դրանց ձգձգմանն ու վերաշահագործման վերաբերյալ Կապանում շրջանառվող խոսակցություններին անդրադարձել էինք օրերս: Չնայած մարզկենտրոնում լուրեր կան, որ մի քանի ամսով կհետաձգվի բացումը, բացի դրանից՝ նշվում էր, որ նոր մարզպետն առանձնապես հետաքրքրված չէ օդանավակայանի վերակառուցմամբ, մեր հարցմանն ի պատասխան մարզպետարանից նշել են, որ իրենք շահագրգռված են այս հարցում, քանի որ «տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը եւ դիվերսիֆիկացիան հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններից, եւ օդանավակայանի շահագործումը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության ռազմավարական ծրագրերից մեկը»:

Կապանի ինքնաթիռին շատ ենք անդրադարձել. միայն հիշեցնենք, որ արտարդրվել է 2015-ին եւ նույն տարում շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել. արտադրող «Aircraft Industries» ընկերությունը Չինաստանում եւ ԱՄՆ-ում այն ներկայացրել է որպես ցուցադրական նմուշ:

Դեռեւս չեխական OK-JPP գրանցում կրող օդանավը Կունովիցեից, որտեղ գտնվում է «Aircraft Industries»-ը, Երեւան է ժամանել 3 օրում. ամսի 8-ին Չեխիայից մեկնել է բուլղարական Բուրգաս, հաջորդ օրը թռել է թուրքական Սամսուն, իսկ այսօր այնտեղից եկել է Երեւան:

Շուտով օդանավը հայկական գրանցում կստանա: Նախորդ հոդվածում նշել էինք, որ չնայած ինքնաթիռի վրա նշված է հայկական օպերատորի անունը՝ «Atlantis Armenian Airlines», քաղավիացիայի կոմիտեի կայքում այն գրանցված է մեկ այլ փոխադրողի՝ «Մարս Ավիայի» անունով: Սա վրիպակ էր, ինչի համար ներողություն ենք խնդրում:

Պարզվում է, որ հունիսին որպես EK-4104 գրանցված «Մարս Ավիայի» ինքնաթիռը լրիվ այլ բորտ է: Այն մի փոքր այլ մոդել է՝ «L-410UVP-E», որը «E20»-ին զիջում է իր տեխնիկական բնութագրերով: Russianplanes.net-ի տվյալներով՝ «Մարս Ավիայի» օդանավը թողարկվել է 1986-ին, այսինքն՝ բավականին հին է՝ 32 տարեկան:

EK-4104-ը նախկինում կրում էր հունգարական HA-LAK գրանցումը (2000 թ.)

Ի սկզբանե բորտը շահագործվել է ԽՍՀՄ-ում, 1990-ականներին Ռուսաստանից տեղափոխվել է Ղազախստան, ապա գրանցում է ստացել Հունգարիայում, հետո կրկին հաստատվել Ղազախստանում: Ինչպես նշվեց, այս տարվա հունիսից ինքնաթիռը գրանցվել է Հայաստանում:

Ռուսական ato.ru կայքին «Atlantis European Airways»-ից հայտնել են, որ «Atlantis Armenian Airlines»-ը իրենց պատկանող ընկերություն է, որը զբաղվելու է ռեգիոնալ թռիչքներով:

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն՝ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010-ի նոյեմբերի 22-ին Սպարտակ Գիշյանի կողմից, ով հետագայում դուրս է եկել ընկերությունից: Գործունեության տեսակը օդային ուղեւորափոխադրումներն են: Գիշյանը ՔԱԳՎ նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի տեղակալ Արամ Մարությանի գործընկերներից է: Ժամանակին, երբ գրել էինք Մարությանի մասին, անդրադարձել էինք նաեւ նրա շրջապատին, այդ թվում՝ Ս. Գիշյանին: Կարճ ասած՝ «Atlantis Armenian Airlines»-ը նույնպես պատկանում է Արամ Մարությանին: Հարցն այն է, որ այս ընկերությունը, ի տարբերություն «Atlantis European Airways»-ի, չունի օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը պարտադիր պայման է առեւտրային չվերթներ իրականացնելու համար: Արդյոք նորեկը կդիմի քաղավիացիայի կոմիտեին նման փաստաթղթի համար, թե, ամեն դեպքում, օդանավը կշահագործվի «Atlantis European Airways»-ի ՕՇՎ-ով, կիմանանք առաջիկայում:

Առաջին լուսանկարում՝ Համո Սահյանի անունը կրող ինքնաթիռի մեկնումը (facebook.com)

Աղբյուր՝ hetq.am

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով