Երեկ՝ հունվարի 29-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իր մոտ էր հրավիրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Նման ընթացակարգ, սակայն, օրենսդրությամբ նախատեսված չի:
Դռնփակ քննարկումներից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ տեղի է ունեցել ոչ թե խմբակցության նիստ, այլ աշխատանքային քննարկում խմբակցության ներսում՝ գերատեսչության ղեկավարի հետ։ Մակունցի խոսքով, նման քննարկումներ լինելու են նաև այլ գերատեսչությունների ղեկավարների հետ։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ իրավական հիմքերով է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրավիրվել խորհրդարան՝ Մակունցը վստահաբար պնդեց, որ նման քննարկումներ կարող են հրավիրել ԱԺ այլ խմբակցություններ ևս։
Հնարավոր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը դիմել է այդ քայլին, որպեսզի պարգևատրումների հարցով բացատրություն տալու համար Անանյանը չհրավիրվի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: