Իրանական Mahan Air-ի հայաստանյան ներկայացուցչությունը ԱՄՆ դեսպանատան կողմից նախազգուշացումներ է ստացել

Загрузка...

Իրանական Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel ՍՊԸ-ն վերջին շրջանում մի քանի նախազգուշացում է ստացել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցրել են, որ ընկերությունը պատժամիջոցների տակ է հայտնվել։ Չնայած դրան՝ ընկերությունն առայժմ անխափան գործում է, էական սահմանափակումներ մինչ այս պահը չեն կիրառվել։

«Չգիտեմ, ճիշտն ասած, ինչ ասեմ։ Ես էլ եմ այսօր կարդացել։ Կարծում եմ՝ ճիշտ չէ հարևան երկրի հետ գործունեություն ծավալող Հայաստանի քաղաքացուն պատժամիջոցների տակ դնել։ Ես, իհարկե, ինֆորմացիա ունեցել եմ, բայց դա ոչ մի կապ չունի։ Ես գտնում եմ, որ ինքներս պետք է որոշենք՝ ում հետ գործունեություն ծավալել, ինչ անել», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Բելլա Գևորգյանը։

«Առայժմ ամեն ինչ նորմալ է, այս պահի դրությամբ մեզ մեր երկրում չեն անհանգստացնում։ Միացյալ Նահանգների դեսպանատունն է մի փոքր խոչընդոտներ ստեղծում, բայց դե ես էլ բացատրել եմ, որ Իրանը մեր հարևան երկիրն է, և ՀՀ քաղաքացին ինքը պետք է որոշի՝ ում հետ գործունեություն ծավալի», — ասաց մեր զրուցակիցը։

Բելլա Գևորգյանը նշեց, որ մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում վերջիններս հիշեցրել են, որ Հայաստանում գործող իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցներ են կիրառվելու, ինչն անմիջականորեն ազդելու է նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel ՍՊԸ-ի վրա։

«Ես սպասում եմ, թե կոնկրետ ինչի վրա է ազդելու», — ասաց ընկերության տնօրենը։

Հարցին՝ աշխատանքային գործընթացում որևէ կոնկրետ խոչընդոտ կամ սահմանափակում նկատե՞լ են, Բելլա Գևորգյանը բացասական պատասխան տվեց։

«Ուղղակի մի փոքր անհանգստություն կա։ Կրկնում եմ՝ ճիշտ չէ ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման պատժամիջոցներ կիրառել։ Այդ քաղաքացիները կարող են իրենց իրավունքները պաշտպանել», — ընդգծեց նա։

Flight Travel ՍՊԸ-ի տնօրենը նկատեց, որ հանդիպումների ընթացքում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները չեն փորձել փոխզիջման գնալ, պնդել են իրենց նկատառումները, որ վաղ թե ուշ Հայաստանում իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցներ են կիրառվելու։

«Մենք էլ ներկայացրել ենք, որ ՀՀ իշխանությունները տեղյակ են մեր ծավալած գործունեությունից, և ես գտնում եմ, որ հենց մեր իշխանությունները կարող են ինձ արգելել Հայաստանում գործունեություն ծավալել։ Ճիշտն ասած՝ ես մտածել եմ, որ եթե այսպես շարունակվի, հանդիպեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», — ասաց Բելլա Գևորգյանը։

Ավելի վաղ «Ամերիկայի Ձայն»-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք և զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel ընկերությունը:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Հայաստանում գործող Flight Travel ընկերությունը «լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» և շարունակել է գործել՝ ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում և Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ:

ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների և անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում:

Հեղինակ՝ Անի Ղազարյան

Աղբյուր՝aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...