Իտալիայի հյուսիսային Պիեմոնտ մարզում գտնվող Լոկանա գեղատեսիլ բնակավայրի իշխանությունները բնակչության թվի նվազումից, ինչպես նաև բնակավայրի ամայացումից խուսափելու համար 10 000 դոլար են առաջարկում այն ընտանիքներին, որոնք կհամաձայնեն տեղափոխվել այնտեղ և երեխա ունենալ, գրում է Daily Mail-ը:
Բնակավայրի քաղաքապետը՝ Ջովաննի Բրունո Մատիեն, նախ այս առաջարկով դիմել է Իտալիայում բնակվող իտալացիներին և օտարերկրացիներին, ապա, արձագանք չգտնելով, միջազգային հանրությանը:
Բնակչության կրճատման պատճառով լեռնային այս գողտրիկ բնակավայրում փակվել են շատ ռեստորաններ, խանութներ, բարեր, տեղի միակ դպրոցը նույնպես փակվելու վտանգի տակ է:
Հայտնի է, որ նախորդ դարի սկզբում Լոկանայի բնակչությունը ավելի քան 7000 է եղել, իսկ ներկայում այնտեղ 1500-ից պակաս մարդ է ապրում:
Վերջին շրջանում Իտալիայում մի շարք բնակավայրեր հանդես էին եկել նման առաջարկներով. դրանց նպատակը նույնն է՝ հնարավորինս շատ մարդ գրավել դեպի դատարկվող քաղաքներ:
Ցածր հարկերը, էժան ծառայությունները, տների մատչելի գները, կյանքի բարձր որակն ու բնությանը մոտ լինելու հեռանկարը շատ օտարերկրացի թոշակառուների համար այս վայրերն իդեալական են դարձնում:
tert.am