Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ. 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում

Թեև Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 2018 թվականին գնաճը կանխատեսվածից ավելի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատարած շրջացի արդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրինակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, որի արդյունքում էլ առաջնային մթերք համարվող հացը մի շարք խանութներում 100 դրամի փոխարեն՝ սկսել են վաճառել 120 դրամով: Սակայն, եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ-որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. այս առումով այնքան էլ խոստումնալից չէ: Ավելին, 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում:

Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապված է Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգին ինտեգրվելու շարունակական գործընթացի հետ: Բանն այն է, որ ՀՀ-ի և ԵԱՏՄ այլ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբերություն, և 2014թ. որոշվեց այդ ապրանքների մի մասի՝ շուրջ 800 ապրանքատեսակի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ այդպիսով նպատակ ունենալով մեղմել կենսական նշանակություն ունեցող ապրանքների կտրուկ թանկացումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի առանձին հավելվածով: Համաձայն վերջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտացոլվի նաև ապրանքների շուկայական գների վրա: Այդ ապրանքատեսակներն են.

1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծվող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով:

2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ 22%-ով։

3. Գյուղմթերք: Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով: Սա ևս վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծվում են 3-րդ երկրից, որի մեջ հիմնականում մտնում են ցիտրուսային մրգերը և ձմեռային սեզոնում ներմուծվող բանջարեղենը:

4. Գյուղատնտեսական նշանակության ապրանքներ: Այս ոլորտում ևս արձանագրվելու է մաքսատուրքերի ավելացում, որի արդյունքում առնվազն մաքսատուրքերի չափով թանկանալու են պարարտանյութերը՝ 4%-ով, հացահատիկն ու կենդանական կերերը՝ 2-4 %-ով, գյուղատնտեսական գործիքները՝ 3-6%-ով։ Հատկանշական է, որ հատկապես այս ապրանքների թանկացումը հանգեցնելու է նաև գյուղոլորտի տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացման:

5. Շինանյութ և տնտեսական ապրանքներ: Առաջիկայում 2-5 %-ով թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները: Սպիտակեղենը և անկողնային պարագաները կթանկանան 10 %-ով, փայտե արտադրանքը՝ 5-10 %-ով, կերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները՝ 10 %-ով, լուսավորության համար օգտագործվող լամպերը՝ 12 %-ով, իսկ այլ տեսակի շինանյութը՝ ավելի քան 5 %-ով:

Սպասվող ցանկը սրանով չի սահմանափակվում, և այստեղ անհրաժեշտ է ավելացնել նաև, որ վերոնշյալ ապրանքների թանկացման արդյունքում կարձանագրվի նաև փոխկապակցված ապրանքների գների բարձրացում, որը կբերի ընդհանուր թանկացումների տնտեսության բոլոր ոլորտներում:

Թանկացումների երկրորդ ալիքը պայմանավորված է սպասվող հարկային բարեփոխումներով: Մասնավորապես նախատեսվում է, որ նոր փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո կթանկանան ալկոհոլային և շաքար պարունակող խմիչքները, ծխախոտը, քանի որ կբարձրացվի ապրանքատեսակների ակցիզային հարկը: Կավելանան նաև բնօգտագործման և բնապահպանական վճարները:

Թանկացումների երրորդ ալիքը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ: Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 1-ից սկսած ռուսական գազը Հայաստանի համար վաճառվում է 1000 խմ-ի համար 165 դոլար սակագնով, ինչը 15 դոլարով ավելի է, քան նախորդ տարվա սակագինը: Թեև իշխանությունը խոստացել է, որ բնակչության համար գազը չի թանկանա, սակայն այն անկասկած բացասական ազդեցություն կունենա տնտեսական զարգացումների վրա, որի մասին առավել մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում:

Ի դեպ, եթե թանկացումների առաջին ալիքն իր բնույթով ինտեգրացիոն է, ապա 2-րդն իրենից ներկայացնում է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության տնտեսական քաղաքականության արգասիքը, և այն կարելի է համարել «թավշյա թանկացումներ»: Իսկ ինչ վերաբերում է 3-րդ ալիքին՝ գազի թանկացմանը, ապա այստեղ, բացի թավշյայից, գործ ունենք նաև «ոչ բռնի և ժողովրդական» թանկացումների հետ, քանի որ վարչապետի մակարդակով ՌԴ-ի հետ գազի սակագնի քննարկման ժամանակ Ֆեյսբուքում քվեարկություն սկսվեց, որի համաձայն՝ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրեցին թանկ գազ՝ իբր ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի դիմաց, այդպիսով թանկացումներին հաղորդելով նաև պատմության մեջ աննախադեպ՝ ժողովրդական բնույթ:

Այս ամենին մնում է միայն ԱԱԾ ոճով ավելացնել մեկ ԾԱՆՈՒՑՈՒՄ: 2018 թվականին ՀՀ-ում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, նվազագույն աշխատավարձը շարունակում է մնալ 55.000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 2018 թվականին կազմել է 62.330 դրամ: Սույն հոդվածում քննարկված ապրանքատեսակները կազմում են սպառողական զամբյուղի մի զգալի մասը, և կառավարության կողմից հակադարձ քայլեր չձեռնարկելն էլ ավելի կխորացնի բնակչության անապահով խավի սոցիալական ծանր վիճակը։

Հայկ Բեջանյան

168.am

Նմանատիպ նորություններ

Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի ... Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի 27-հայտնի ցուցակի ներկայացուցիչները՝ Շիրխանյանը, որն իրեն վարչապետ էր կարգել, Ջհանգիրյանը, որին ...
Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրու... «Քահանայի մեղքը» (Պրեմիերա) Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Քահանայի մեղքը» ֆիլմի անոնսը, որն իր...
Նիկոլն այլևս չի կարող քննադատելով իր հանապազօրյա հ... Նիկոլն այլևս ընդդիմադիր չէ, որ քննադատելով իր հանապազօրյա հացը վաստակի: Նիկոլը Հայաստանի ոչ բարով վարչապետն է և պետք է քարը քարին դնելով՝ ժողովրդի ...
Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր...   Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ «Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ...
Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է... Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ...
«Դիմակները հանելու ժամանակը».Վահան Բաբայան... Տուգանքից մինչև սփոփանք: 2016թ Փաշինյանը թեև կողմ քվեարկեց 1000 դրամների օրինագծին ասում էր«Պարոնայք, երբեմն տպավորություն է, որ մենք ուզում են...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով