Նոր Հայաստանի հինգ մարզպետ որոշել է ամանորյա տոներից առաջ պարգևատրել մարզպետարանի որոշ աշխատակիցների, և նրանցից չորսը նաև ինքնապարգևատրվել է:
Քննարկումների մի կողմը սա օրինաչափ է համարում՝ «Լավ են արել, ինքնապարգևատրվել են, ձեր աչքն էլ հանել են, ձեզնի՞ց պետք է հարցնեն»: Մյուս մասն իսկապես վստահ է, որ ժողովրդից պե՛տք է հարցնել. «Բա Փաշինյանը չէ՞ր ասողը, որ ժողովուրդն է որոշում կայացնողը»:
Ինձ համար իսկապես հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի գնահատականը: Սակայն այս հարցին առայժմ վարչապետը չի անդրադարձել: Քաղաքացու հետ իր վերջին զրույցում նա հայտարարեց գեղեցիկ ֆլեշմոբ և կարդաց Սիլվա Կապուտիկյանի «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը:
ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է անդրադարձել այս խնդրին՝ ասելով, որ այն, ինչը օրինաչափ է և սահմանված է օրենքով, ինքը դեմ լինել չի կարող:
Օրենքը
Նախ, Մակունցի ասած, «օրենքով է կարգավորվում հարցը» հիշեցրեց ՀՀԿ-ականների պատասխանը՝ Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի վերաբերյալ: Գալով օրենքին՝ նշենք, որ այս հարցը կարգավորում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»օրենքի 22-րդ հոդվածը:
Համաձայն որի՝ անձը պարգևատրվում է կիսամյակային հաշվետվության հիման վրա: Սա նշանակում է, որ չի կարող պարգևատրվել կամ ինքնապարգևատրվել անձը, ով 2.5 ամիս է աշխատել: Տվյալ դեպքում խոսքը Սյունիքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետների մասին է (նաև մարզպետարանների բոլոր այն աշխատակիցների՝ փոխմարզպետներ, օգնականներ, խորհրդականներ, որոնք չունեն կիսամյակային ստաժ): Հիշյալ երեք մարզպետներն, օրինակ, աշխատանքի են անցել հոկտեմբերի կեսերին, իսկ դեկտեմբերի վերջին ինքնապարգևատրվել են:
Պարգևատրման համար նաև օրենքը կոնկրետ հիմքեր է մատնանշում: Այդ հիմքերը հրապարակված չեն, հանրությանը հայտնի չեն:
Հին պրակտիկան, որ ամենամյա պարգևատրումներ են եղել, հիմք լինել չի կարող, դրանք չեն կարող ավանդույթի ուժով շարունակվել, եթե երկրում իրավիճակ է փոխվել:
Ի վերջո, նոր Հայաստան հայտարարությունների մակարդակով չի կառուցվում: Մարզպետներից մեկն, օրինակ՝ Գարիկ Սարգսյանը, հայտարարում էր, որ ինքը հրաժարվում է ծառայողական մեքենայից և աշխատանքի կգնա հեծանիվով, հիմա նա 104 տոկոսով է պարգևատրել ինքն իրեն, այն դեպքում, երբ օրենքում պարգևատրման նման չափ գոյություն չունի:
Եվ ընդհանրապես «պարգևատրում» եզրույթին օրենքը շատ գեղեցիկ ձևով սահմանում է տալիս: Եթե գումարի դուրսգրումը այդ սահմանմանը չի համապատասխանում, դա դադարում է «պարգևատրում» համարվելուց, անկախ նրանից՝ ինչ են դրել անունը կամ օրենքի ինչպիսի հղում են արել:
Կոնկրետ դեպքը պարգևատրում որակելը սխալ է: Մարդիկ գումար են դուրս գրել, միգուցե վերցրել են, բայց սա պարգևատրում չէ: Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում (2015 թ.) փայլուն կերպով տալիս է այս հարցի պատասխանը:
«Բա թալանը ո՞նց է լինում: Որ ասում ենք՝ ՀՀ իշխանությունները ժողովրդին թալանում են, հո նկատի չունենք, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մտնում են մեր տները, մեր դիվանը ամենքը մի ծերից բռնում տնից դուրս ա հանում… բա թալանն էս ա»:
Տվյալ դեպքում ևս մենք նկատի չունենք, թե տվյալ պարոնայք մտել են մեր տուն, գողություն են արել, բայց գումար են վերցրել, որ պարգևատրում չէ: Այդ գումարը վերցրել են պետական գանձարանից: Ինչո՞ւ են վերցրել: Այս հարցի պատասխանը պետք է ստանա հանրությունը:
Տեղի ունեցածը թալան է
Արդյո՞ք տեղի ունեցածը թալան է: Եթե ոչ, ուրեմն պարոն վարչապետը պետք է բացատրի, թե ինչու մի դեպքում թալան որակելը ճիշտ է, մյուսում սխալ: Եթե սա թալան է, ուրեմն ի՞նչ քայլեր ու հետևություն պետք է արվի: Այս հարցի պատասխանը ևս Փաշինյանի ելույթների մեջ կա: Ամռանը Տավուշի մարզում վարչապետը համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հենց այս դեպքերի մասին էր հիշատակում՝ ասելով, որ թալանը չի հանդուրժելու:
«Եթե ուզում ենք բյուջեն մեծանա, ապա պետք է արդյունավետ օգտագործենք այն: Այս վիճակը չի հանդուրժվելու: Ես չեմ ուզում լարվածություն լինի, բայց նրանք, ովքեր հին տրամաբանությամբ կշարունակեն, կներեք, ոչ մի բան չենք կարող անել, ստիպված ենք լինելու բռնել: Մենք չենք կարող հանդուրժել թալանը»,- ասում էր Փաշինյանն ամռանը:
Չպետք է հանդուրժել թալանը: Եվ ընդհանրապես «ընտրակաշառք, կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել» Փաշինյանի ձևակերպումն այս դեպքերի համար էլ է գործելու:
Առանց հիմքերի վերցնողի, գումարը դուրս գրողի, թալանողի, կաշառք և ընտրակաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել՝ չակերտների մեջ: Պետք է «կտրել» հենց այսօր, երբ հեղափոխությունից հետո պետականաշինության հիմքեր գցելու հույսեր դեռ կան: Այս մարդիկ առնվազն պետք է բացատրեն ժողովրդին, թե ինչու են որոշել պարգևատրել իրենք իրենց: Ի՞նչ են փոխել Արմավիրում, Տավուշում, Արարատում, Սյունիքում ու մյուս տեղերում: Որքանո՞վ է պակասել աղքատությունը: Այլապես, «եթե ինձնից առաջինները ստացել են, ես էլ պետք է ստանամ» ձևակերպումը կործանում տանող է:
Ի վերջո, իրավականից բացի հարցը շատ ավելի կարևոր կողմ ունի՝ բարոյականը: Եթե հանրությունը և այսօրվա իշխանությունը նախկիններին քննադատում էր ավելորդ «ճոխությունների», երկիրը թալանելու համար, արժե՞ր արդյոք այդ ֆոնի վրա 100%-ոց պարգևատրումներ շնորհել սեփական անձին ու մերձավոր շրջապատին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե նախկիններն ի չարս էին տրամադրված, մենք՝ ի բարին»:
Պետությունից անհիմն վերցրածը պետք է վերադարձնել պետությանը, սա առնվազն, և բացատրել հանրությանը, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, և շարունակել աշխատել: Այլապես լռել կնշանակի պարտակել, լեգիտիմացնել, քարտ բլանշ տալ, գցել թալանի ու կոռուպցիայի հիմքեր:
Նախկին ռեժիմը հենց խարսխված էր այս արժեքների վրա: Իսկ Սերժ Սարգսյանը մշտապես հայտարարում էր՝ թղթերով ամեն ինչ նորմալ է:
Քրիստինա Մկրտչյան
galatv.am