Անգիտությամբ կատարված իշխանափոխությունն իշխանակործանման է վերածվում

Պատմական անցքերին անտեղյակությունը երբեմն դատավճիռ է դառնում: Անգիտությամբ կատարված իշխանափոխությունը վերածվում է իշխանակործանման: Ադպես եղավ դարեր առաջ, երբ Հռոմի պապից շահադիտորեն դժգոհ կարդինալները միահամուռ որոշեցին՝ փոխել իրենց հովվապետին: Պապը չհամառեց և խռովարարների կոնկլավը նոր առաջնորդ ընտրեց: Ամիսներ անց դժգոհությունը նոր պապից ավելի սաստիկ բնույթ ստացավ և կարդինալները, այլ հավակնորդ չգտնելով՝ վերընտրեցին առժամ հեռացած պապին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատմական այս եղելությունն առավել ուսանելի է՝ կարճ ընթացքում կաթոլիկ եկեղեցին կործանման շեմին մոտեցրած պապացուի խոստովանանքի շնորհով: Նա արդարացել է իր անփորձությամբ ու բացատրել. երբ բոլորս դժգոհ էինք պապից՝ միասին կանգնած էինք սուրբ Պետրոսի տաճարի պարտեզում և ես տեսնում էի մինչև ցանկապատը ու ամեն ինչ պարզ էր, երբ ինձ առաջադրեցիք՝ ես բարձրացա պապի սենյակ և պատուհանից տեսա ողջ պապական հողերն ու հիացա, երբ ինձ պապ ընտրեցիք՝ ես բարձրացա զանգակատան ամենաբարձր աստիճանին ու երկար դիտեցի ողջ հորիզոնը և հասկացա՝ որ ոչինչ չեմ տեսնում:

Երբ համալսարանական գերազանցիկ Նիկոլը ֆելիետոններ էր գրում՝ արդեն համոզված էր իր բացառիկության ու ամենագիտության մեջ: Երբ Վանոն նրան առաջարկեց՝ դառնալ հհշական իշխանության լավ վարձատրվող խոսափողը, նա իր եզակի տաղանդն ու անսխալականությունն ապացուցված համարեց: Երբ հղփացած ու ազգադավ լինելու պատճառով հհշականությունը հրաժարվեց պետականության ծանրացրած բեռը կրելուց՝ վաստակելու համար նա ստիպված էր կոշտ հարվածներ կրել անսխալ ու նուրբ հաշվենկատությամբ ընտրած թիրախներից՝ սեփանակատեր դեռ չդարձած օլիգարխներից:

Երբ ռևանշի համար հհշն փորձեց վերստին քաոսի մատնել երկիրը ու սադրիչ քայլերով կազմակերպեց մարտիմեկյան ոճրագործությունը՝ նա իր քայքայիչ մտքի ու կործանարար խոսքի շնորհիվ համարվեց ԼՏՊ-ին արժանի հոգեզավակ և ժառանգ: Երբ աններելի չարագործությանը հաջորդած տևական պահմտոցիից ու միայն շեֆի հոգեզավակին վայել հեռանկարակերտ բանտարկության 7 տարիները 22 ամսում անցկանելուց հետո նրան պատգամավորի մանդատ շնորհվեց՝ նա հաղթահարած համարեց բոլոր հնարավոր արգելանքները: Եվ անարգել ու արագ կառուցեց իր բացառիկ ու անսխալական եսին արժանի միանձնյա իշխանակալությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդկության անցյալին անտեղյակ լինելը, ինչպես՝ օրենք չիմանալը, անգետին չի ազատում պատասխանատվությունից: Պատասխանատվություն անհրաժեշտորեն պետք է պարտադրել հատկապես պետական բարձրագույն պաշտոնյաներին. որ պետության միջոցներով ու պաշտոնական պարտականությունների փոխարեն՝ հայտնի հեծանիվը նորից չհնարեն և իրենք իրենց սին գյուտարարության համար մինաձնյա իշխանակալությամբ չպարգևատրեն: Բռնակալությունը ամենուր ու միշտ է միանման անխոհեմ, անառակ, անօրեն, պատրանքային ու կարճատև:

Անիմաստ ու անպետք է, իհարկե, իր հաշվարկներում դաժանորեն վրիպածի, իր քայլերում ու ընտրանքում անթույլատրելիորեն սխալվածի, մերժվածի ու դեռ մերժվողի ցանկացած կերպով վերադարձը: Մանավարդ, որ՝ նրան փոխարինածը քայլ առ քայլ, բայց վատն ընդօրինակելու իրեն հատուկ բացառիկ արագությամբ ու շնորհքով, ամեն օր էլ ավելի է նմանվում մերժվածին, բազմապատկում ու թարմացնում տհաճ հիշողությունը:

Թեև խիստ անհրաժեշտ, բայց նույնքան անիմաստ է՝ խոստովանանք ակնկալել մերօրյա միանձնյա իշխանակալից: Ճիշտ է, նրան կարողացան քայլ առ քայլ հասցնել բացարձակ միապետության բարձրակետին, բայց ո՛չ նրա ստնտուների անաչառությունը, ո՛չ էլ նրա անսխալական ինքնագնահատականը թույլ չեն տա խոստովանել, որ իշխանական ողջ հորիզոնին հակված՝ նա ոչինչ չի տեսնում ու չգիտի՝ ինչ անել:

Դրա համար բացառիկ ազնվություն և սխալները գիտակցելու առողջ միտք է անհրաժեշտ:

 

Տիգրան Ուզունյան

yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով