Փաշինյանի հասցրած վնասը ՀՀ ՀՆԱ-ին կազմում է առնվազն 460,000,000 մլն դոլար․ հնարավոր են նույնիսկ՝ պատերազմական իրավիճակներ

Հրապարակախոս Արթուր Դանիլեյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով 6 ամսում Փաշինյանի հասցրած վնասը ՀՀ ՀՆԱ-ին կազմում է առնվազն $460,000,000։ ԿԲ-ի պահուստները դեռ չեմ տեսել, բայց երևի մի էդքան էլ այնտեղ է պակասել»։

Politik.am-ը կապ է հաստատել Արթուր Դանելյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ վնասի մասին է խոսքը, և ինչպե՞ս են ստացվել այդ թվերը: Արթուր Դանիելյանը պատասխանել է նաև մեր մի շարք այլ հարցերի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ին հասցրած վնասի մասին Արթուր Դանիելյանն ասում է.«2017 թվականին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) պլանավորված աճի տոկոսը կազմել է 3,2: Դրա փոխարեն ունեցել ենք 7,5%-անոց աճ: Դա, իհարկե, մասամբ արդյունք էր միջազգային շուկայում եղած դրական ֆոնի, որը պահպանվել է տարվա առնվազն կեսը: 2018 թվականի համար պլանավորված աճը 6,5% էր, մենք տարվա առաջին 4 ամիսները սկսել ենք 9.4 %-անոց աճով, հեղափոխությունից հետո կտրուկ անկում ապրեց աճի տեմպը, և հոկտեմբերի դրությամբ մենք ունենք 5,7%: Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց ներդրումային դաշտը: Կոպիտ ասած, հաշվարկը հետևյալն է՝ կոնսերվատիվ հաշվարկով պետք է լիներ 9,5%-անոց աճ, այսինքն՝ մեր 11.5 միլիարդ դոլարանոց ՀՆԱ-ն պետք է աճեր 9,5%-ով, բայց դրա փոխարեն աճում է 5,7%-ով: Տարբերությունը 460.000.000 դոլար է, մինչդեռ որոշ փորձագետներ հաստատում են, որ իրականում աճը դրանից նույնիսկ ավել պետք է լիներ՝ մոտ 10-12%: Այսինքն՝ մենք այս տարի նույնպես պետք է կրկնակի գերազանցեինք անցած տարվա պլանավորածը: Ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ լինելու օրոք կունենայինք 10-12 % աճ, բայց 9-9,5-ը շատ ռեալիստական է, որը այլևս չի լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ լուրջ ներդրում է ունեցել այդ հարցում:»:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, տնտեսագետը պատասխանում է.«Երբ դու սպառնում ես ասֆալտին փռել տնտեսվարող սուբյեկտներին, սպառնալիքներով խոսել, ներդրողները և բիզնեսմենները, և նույնիսկ մանր և միջին խավի գործարարները սկսում են շատ ավելի զգույշ աշխատել շուկայում: Օրինակ՝  եթե փոքր խանութ ունես, դու քո պահեստում կարող ես ունենալ 30%-ով ավել ապրանք մոտակա երկու ամսվա համար, բայց քեզ համար անկանխատեսելի է տնտեսական վիճակը, դու պահեստում շատ ապրանք չես պահում, որովհետև դա կարող է խնդրահարույց լինել: Նույնը վերաբերում է խոշորներին: Մենք գիտենք, որ մի քանի հարյուր միլիոն դոլարր ներդրումային ծրագրեր միանգամից փակվեցին: Մասնավորապես, Տաշիրի՝ հէկ կառուցելու ծրագիրը, Ամուլսարի խնդիրները և այլն»:

Արթուր Դանիելյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ն անձամբ երաշխավորելու է ներդրումների գումարները.«Նման բաներ անում են ավտորիտար երկրներում: ԱԱԾ-ն նման գործառույթ չպիտի ունենա, այն պետք է ազգային անվտանգության խնդիրներով զբաղվի, ոչ թե ներդրողներով: Երբ դու ներդրողներին տալիս ես ԱԱԾ-ի ձեռքը, նրանք սկսում են, այսպես ասած, նրանց «տանիքի տակ» աշխատել, ինչը շատ ավելի վնասակար է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Արթուր Դանիելյանի՝ իրավիճակը ճգնաժամային է.«Շատ դժվար է հիմա ասել՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Բայց, վստահաբար պետք են քայլեր, որոնք քաղաքական դաշտում դիալեկտիկա կառողջացնեն: Առաջին հերթին պետք է պայքարել օտարերկրյա գործակալների, ցանցերի հետ, որոնք Հայաստանում հրահրել են նախահեղաշրջումային իրավիճակ, հերոսացրել են մարդասպանների, և ստեղծել են բոլոր նախադրյալները, որ սահմանադրական կարգը տապալվի: Այդ պայքարի շրջանակներում պետք է խստացնել օրենսդրությունը, անել այնպես, որ քաղաքականությունը ունենա բովանդակություն, պոպուլիստները չգան առաջին պլան: Այս բոլորն անելու միջոցները կան, պարզապես անհրաժեշտ է երկար ու հետևողական աշխատել»:

Հարցին, թե ի՞նչ կարող ենք ակնկալել 2019-ից, Արթուր Դանիելյանը պատասխանում է.«2019 թվականի առաջին ամիսների տնտեսական անկումը կպահպանվի, բայց հետոն դժվարանում եմ կանխատեսել, որովհետև Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության ձախողումները հուշում են, որ հնարավոր են ֆորսմաժորային, նույնիսկ՝ պատերազմական իրավիճակներ, որոնք թույլ չեն տալիս ո՛չ դրական, ո՛չ բացասական կանխատեսումներ անել: 2019 թվականն ինձ համար լինելու է խիստ անկանխատեսելի»:

Վերը նշված ձախողումները, ըստ Արթուր Դանիելյանի, հետևյալն են.«Նիկոլ Փաշնյանի վարքագիծը մեր եվրոպական գործընկերների հետ, ԱՄՆ-ի՝ մեր հանդեպ ունեցած անլուրջ վերաբերմունքը: Փաշինյանը Եվրոպայից, երևի, մի քանի հարյուր միլիոն գրանտ էր ակնկալում, փոխարենը, ընդամենը 10-15 %-ով խոստացան ավելացնել մեզ տրամադրվող գրանտները: Այսինքն՝ հեղաշրջման, կամ, իր ասելով, հեղափոխության կապիտալիզացիան տապալվեց, և այդ ֆոնին կտրուկ վատթարացան մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Չգիտեմ՝ Փաշինյանը ինչ է Եվրոպային առաջարկելու, որ դրա դիմաց Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավվեն, բայց փաստ է, որ այն շրջանակային պայմանագիրը, որը ստորագրվել է, չի իրագործվում. արդեն 7 ամիս է՝ Փաշինյանը կամ չի ուզում, կամ չի կարողանում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ շատ լուրջ խնդիրներ ունենք: ՀԱՊԿ գործընկերնորի հետ՝ նույնպես: Ակնհայտ է նաև, որ թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ն շատ սառն են մեր հանդեպ: Իշխանությունները բարձրագույն մակարդակով մեզ հուշում են, որ Արցախյան հարցը պետք է լուծվի, որին Փաշինյանի անձնակազմը որևէ կերպ չի արձագանքում: Իրանը դժգոհությունները դեռ չի արտահայտել, բայց վստահաբար ունի: Իրանի հետ կապող օղակների քանակը (այս դեպքում՝ չվերթները)  էականորեն նվազել են, հետո պատժամիջոցներ կիրառեցինք Իրանի քաղաքացիների նկատմամբ: Այս ամենը չէր կարող Իրանի դժգոհությունը չառաջացնել, սակայն նրանք մեր հանդեպ շատ բարյացկամ են, դրա համար պաշտոնական շրջանակների դժգոհություններ չեն հնչել, բայց բոլոր ազդակներն ու նախադրյալները դրա համար կան»:

Զրուցեց՝ Մարիամ Սարգսյանը

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով