Պառլամենտից դուրս քաղաքական կյանքը ավելի թեժ է լինելու.Սմբատ Ղահրամանյան

Հարցազրույց ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եւ հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրանտ Սմբատ Ղահրամանյանի հետ.

-Պարոն Ղահրամանյան, ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ ինձ հետաքրքրում է ինչպես կգնահատեք այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Անկեղծ ասած, իսկապես հետաքրքիր ընտրություններ էին մի քանի պատճառով: Նախ չէի սպասում, որ «Իմ քայլը» դաշինքը այդքան մեծ քվե կստանա, ինչպես նաեւ անակնկալ էր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի խորհրդարան չանցնելը: Ընդհանուր առմամբ որպես քաղաքագետ ինձ համար պարզ էր գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու շարունակության անխուսափելիությունը, սակայն արդյունքներն իսկապես հետաքրքիր էին, բայց մի փոքր անհանգստացնող: հետաքրքիր նոր քաղաքական համակարգի հիմնական դերակատարներ դառնալու եւ պառլամենտում հայտնված կուսակցությունների դիրքավորման առումով, սակայն մտահոգիչ, որովհետեւ փաստացի Նիկոլ Փաշինյանի գլխավոր դաշինքը բացարձակ, եթե չասենք սահմանադրական մեծամասնություն ունեցավ խորհրդարանում, ինչը իհարկե բնական է եւ ընդունելի, որովհետեւ հանրությունն է այդպես ցանկացել, սակայն մյուս կողմից ժողովրդավարության, պառլամենտարիզմի, քաղաքական հակակշիռների, իշխանություն եւ ընդդիմություն քաղաքագիտական դիխոտոմիայի տեսանկյունից փոքր ինչ դժվար ընկալելի, սակայն ունենք այն ինչ ունենք:

-Ինչպե՞ս եք տեսնում նոր խորհրդարանը, արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքը կունենա ուժեղ ու գաղափարական ընդդիմություն:

– Այս պահի դրությամբ սխալ կլինի կանխատեսումներ անելը, ոչ թե որովհետեւ հնարավոր չէ, այլ ճիշտ չէ, քանզի խորհրդարանը դեռ չի ձեւավորվել ու չի անցել իր բնականոն աշխատանքին: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով հստակ սահմանվում է, թե որ ուժը կամ ուժերն են ընդդիմադիր, սակայն քաղաքագիտորեն բացատրությունը այլ է՝ ընդդիմադիր են բոլոր այն կուսակցությունները, որոնք ունեն տրամագծորեն այլ քաղաքական օրակարգ ու առաջնայնություններ, ովքեր սկզբունքային մոտեցումներ ունեն պետական կառավարման եւ առհասարակ քաղաքականության իրականացման վերաբերյալ: Ժամանակը ցույց կտա, արդյո՞ք «Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայստանը» կլինեն կամ կարող են լինել ընդդիմադիրներ, թե ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ինչպիսին կլինը քաղաքական գործընթացները պառլամենտի պատերից դուրս:

– Պետք է խոստովանեմ, որ իրավիճակը այստեղ ավելի հետաքրքիր ու ինտրիգային է լինելու, որովհետեւ ըստ էության արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում հասունացել է նոր քաղաքական եւ կուսակցական համակարգ ձեւավորելու հրամայականը, ինչը նշանակում է, որ նոր ստեղծված կամ նոր ստեղծվելիք ուժերը կարող են կենսունալ լինել նաեւ խորհրդարանից դուրս, եթե կարողանան ճիշտ ռազմավարություն, կուսակցական կառավարման մոդել, լավ պատրաստված ու գաղափարական մարդկանց համախմբել ու քաղաքական այլընտրանքային օրակարգ ձեւավորել: Ես չեմ խոսում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին, իմ կարծիքով այդ ուժերը ամբողջությամբ սպառել են իրենց, իսկ եթե ոչ, ապա այդ գործընթացի մեջ են: Խոսքը բոլորովին նոր քաղաքական կուսակցությունների, նոր դերակատարների մասին է, որոնք կարող են այլընտրանք լինել պառլամենտին՝ հատկապես Փաշինյանի թիմին՝ դառնալով նրա գլխավոր ընդդիմադիր գաղափարախոսը: Այս իմաստով, վստահ եմ, որ պառլամենտից դուրս քաղաքական կյանքը ավելի թեժ է լինելու:

-Ի՞նչ եք կարծում իշխանություններին կհաջողվի իրականացնել խոստացված բարեփոխումները:

– Վարչապետի գլխավոր դաշինքը ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, կառավարությունը իրենք են, պետական իշխանության բոլոր մարմինները ենթարկվում են երկրի ղեկավարին, ըստ էության Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին ոչինչ չի խանգարում որ կատարեն իրենց խոստումները եւ ապացուցեն հանրությանը, որ այդ տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր ձայները հենց այնպես չեն ու նրանք կրում են քաղաքական պատասխանատվություն քաղաքացու բարեկեցության ու պետության ապագայի համար: Հուսանք, որ իսկապես երկրում տեղի կունենանք լրջագույն բարեփոխումները, ընդորում դրանք անհրաժեշտ են բոլոր ոլորտներին, իսկ եթե այդուհանդերձ ինչ ինչ պատճառաբանություններով դրանք տեղի չունենան, իմ կարծիքով մարդիկ կհիասթափվեն եւ կգնան այն քաղաքական ուժի հետեւից, ով նոր օրակարգ, նոր քաղաքական միտք ու գաղափարներ կառաջարկի, իսկ ով կամ որը կլինի այդ ուժը՝ ապագայում համոզված եմ բոլորս ականատեսը կդառնանք:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով