Չգիտեմ տերն ով էր, բայց վարորդը նախարար էր. Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները՝ նախարարական Camry-ով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է նախարարի մեքենային։ Վնասի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ, որը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։ Վթարի հետևանքով որևէ մարդ չի տուժել։ Մեքենան նորոգվել է և հիմա շարունակում է սպասարկել նախարարին։ Ի դեպ, սա այս մեքենայի առաջին վթարն է, նախկինում այն սպասարկում էր Հրանուշ Հակոբյանին, և գործածության ողջ ընթացքում ընդամենը մի անգամ խազել են այս մեքենան, որի համար, մեր տեղեկություններով, Հրանուշ Հակոբյանը կոպիտ նկատողություն էր արել իր վարորդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց սա միակ վթարը չէ նախարարական մեքենաների մասնակցությամբ։ Մենք պարզեցինք, որ 2-3 ամիս առաջ էլ՝ հոկտեմբերին, վթարի է ենթարկվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին սպասարկող Toyota Camry ավտոմեքենան։ Ընդ որում, այս դեպքում վթարի մեղավորն ու վարորդը հենց ինքը՝ նախարարն է եղել՝ տիկին Թանդիլյանը։ Նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ զանգերին նամակով պատասխանեց, որ չի կարող խոսել, առաջարկեց Ֆեյսբուքով իրեն նամակ գրել, բայց նամակին էլ չարձագանքեց։ Վթարը տեղի է ունեցել Երևանում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է ոչ այնքան վթարի փաստը, որքան այն, որ ղեկին հենց նախարարն է եղել։

Պարզվում է՝ Մանե Թանդիլյանը վարորդ չի պահել, իբրև թե ֆինանսական խնայողության նպատակով։ Ավելի ճիշտ՝ նրա վարորդը, որը երկար տարվա վարորդ է ու մինչ այդ տարբեր նախարարների է սպասարկել, այդ թվում՝ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Թանդիլյանի հետ մոտ երկու ամիս աշխատելուց հետո դուրս է եկել աշխատանքից։ Դրանից հետո Մանե Թանդիլյանը նոր վարորդ չի ընդունել, որ փող խնայի, բայց իր վթարով, պարզվում է, ավելի շատ ծախսի տակ է գցել պետությանը, քան խնայողություն արել։

Իսկ ինչպե՞ս է «յոլա գնացել» առանց վարորդի։ Շատ պարզ՝ փոխնախարարների ու նախարարության մյուս վարորդների օգնությամբ։ Մեզ ասացին, որ ամեն անգամ մեկին խնդրել է մեքենան վարել։ Բայց շատ հաճախ կեսից իրեն ինչ-որ կետ տեղափոխած վարորդից մեքենայի բանալիները վերցրել է, որ ինքը վարի, ու վարորդին ոտքով հետ է ուղարկել։ Դարձել է «Կարգին հաղորդման» հայտնի անեկդոտը՝ չգիտեմ տերն ով էր, բայց վարորդը նախարար էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ Թանդիլյանի այս տարօրինակ սովորության պատճառով նախարարության վարորդները դժգոհում էին ու երբեմն հրաժարվում նրա հետ երկար ճամփա գնալուց, քանի որ կարող է գնային հասնեին աշխարհի ծայրը, ու նախարարն իրենց ոտքով հետ ուղարկեր, ինքը մնար մեքենայով։ Թե ինչ է փորձել թաքցնել Թանդիլյանը վարորդներից, որ կեսից հրաժարվել է նրանցից, ուր է գնացել հետո ինքը ծառայողական մեքենայով, որ չի ցանկացել՝ այդ մասին իմանան վարորդները, ենթադրությունների տեղիք է տվել։ Վթարն էլ, հավանաբար, այդ դեպքերից մեկի ժամանակ է եղել, երբ վարորդին ուղարկել է տուն, ու ինքը նստել ղեկին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով