Հարյուրավոր երեխաներ այդպես էլ Ամանորին տոնածառ էլի չպիտի կարողանան զարդարել…

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱՌ…
(մենք միշտ էլ անհրաժեշտը խառնում ենք շքեղության հետ)

Այս անգամ խոսելուց, չեմ ասի՝ աշխարհում, այս անգամ կասեմ՝ Հայաստանում աղքատ ու սոված երեխաների թիվը զարգացած երկրների հետ համեմատության մեջ, տոկոսային հարաբերությամբ, գերազանցում են աշխարհի աղքատ երեխաների թվին։ Հարյուրավոր, գուցե եւ հազարավոր երեխաներ, աչքերը հեռուն հառած, սպասում են, թե որեւե մեկն իրենց ձեռք կմեկնի ու ստեղծված անհուսալի վիճակից դուրս կքաշի։ Հայաստանում, հարյուրավոր երեխաներ օրվա չոր հացին կարոտ կուչ են գալիս փոքրիշատե հարմար մի անկյունում ու անիծելով իրենց բախը, փակում են աչքերը (այս պահին, ընթերցող, երբ գրեցի վերջին միտքս, աղջիկս փռշտաց) լուսաբացին, չուզենալով, որ նորից անցնեն այդ դժոխքի միջով։
Բայց, որպես կանոն այդպես չի լինում։ Որպես կանոն, ունեցողին տրվում է, չունեցողից վերցվում։
Ինչեւէ…
Մի քանի օրից, այս տարին էլ կվերջանա, ու աշխարհի ժողովուրդները կթեւակոխեն մեր թվարկության 2019-րդ տարին։ Մեկն ուրախ, մյուսը թախծոտ, երրորդը՝ արցունքակոխ աչքերով… բայց անպայման կդիմավորեն նորը, նոր տարին։ Շատ երեխաներ այդպես էլ կարոտ մնալով՝ հացի, տաք հագուստի ու տան կտուրի։
Երեխաներ էլ կան, որ իրենց վերջին հույսը կապել են Ամանորին իրենց «թաքուն այցելող Ձմեռ Պապի» հետ, որն այդպես էլ շատ զբաղված լինելու պատճառով պիտի չհասցնի կատարել իրենց ցանկությունը։ Մինչդեռ, հայրենի իշխանությունն ու կառավարությունը «Նոր Հայաստանի չորրորդ հանրապետության» ամանորյա առաջին տոնակատարության առիթով, միայն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի համար 71 միլիոն դրամ կծախսեն, պատշաճ կերպով դիմավորելու համար սովորական օրերի նման մթնող-լուսացող օրը։
Կարելի էր խնայել, կարելի էր այդ գումարով մի քանի տխուր ու անհույս երեխաների դեմքին ժպիտ նկարել, որ իրենք էլ զգային Հայրենիքում շրջող «հեղափոխության մունետիկի» շունչն իրենց ականջի տակ։
Կարելի էր չէ՞…
Ակամայից հիշեցի Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունուն, երբ պետական այցով գտնվում էր հարեւան Թիֆլիսում։ Քաղաքապետը տեսնելով վարչապետի ոչ պատշաճ հագ ու կապը, ձմեռային մի տաք վերարկու է նվիրում։ Վարչապետը, հրաժարվելով այդ տաք նվերից, արագ վրա է բերում. Հայրենիքում դեռ սոված ու անօգնական մանուկներ կան, ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ։
Համեմատե՞նք…
Դրսում XXI դարն է… Պիտի, որ այլեւս աշխարհը փոխված լիներ դեպի լույսը, բայց, ինչպես տեսնում ենք դեռ փողոցներում թափառում են սոված ու անտուն, երազանքներով լեցուն ու հավատը կորցրած մանուկները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.
Հիշե՛նք. Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառն արժե 71 միլիոն դրամ, ասել է թե՝ 150 000 ամերիկյան դոլար։ Մի այդքան էլ (եթե ոչ ավելին) կծախսվի մնացած միջոցառնումների համար ու մի քանի օր ուրախ զվարթ թռթռալուց հետո կավարտվի ամեն բան, բայց փողոցներում կշարունակեն թափառել սեւ հացին կարոտ մանուկները։
Սիրելի պետական այրեր, այդպես չե՛ն կառուցում երկիրը, այդպես հավասարության նշան չե՛ն դնում հայրենի ժողովրդի մեջ, մեր եւ ձեր երեխաների մեջ, ախր նրանք հավասար են երկնքի, երկրի ու հանուր մարդկության առաջ…

Հարյուրավոր երեխաներ այդպես էլ Ամանորին տոնածառ էլի չպիտի կարողանան զարդարել…

Արա Նախշքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով