Լրատվական գործունեություն իրականացնողի տարածքն անձեռնմխելի չէ օրինական լիազորություններ իրականացնող ոստիկանության ծառայողների համար. Հովհաննես Քոչարյան

 

Ոստիկանության ծառայողները վերջերս իրազեկման, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելում են տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ, որը քննադատվում է  մամուլի ներկայացուցիչների կողմից: Ոստիկանության գործողությունների,սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հրապարակված տեսանյութերի վերաբերյալ լրատվամիջոցներից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու,մամուլի հետ աշխատանքի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Պարոն Քոչարյան,վերջերս news.am-ի խմբագրակազմը հայտնեց, որ ոստիկանությունը կայքի խմբագրությունում է, այնուհետև պարզաբանվեց ոստիկանության կողմից, որ ոստիկանության ծառայողը միայնակ գնացել է խմբագրություն՝ գրություն փոխանցելու: Դեկտեմբերի 10-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին  ոստիկանության գործողությունների վերաբերյալ, մասնավորապես նշվել է, որ դրանք ապօրինի են, զավեշտալի: Հակիրճ՝ իրավապահները մեղադրվել են ԶԼՄ-ների նկատմամբ կամայականություններ թույլ տալու մեջ: Ո՞րն է ոստիկանության դիրքորոշումը  դրա վերաբերյալ, ոստիկանությունն ինչո՞ւ պարզաբանում չտվեց:

-Գիտեք, հաշվի առնելով ԶԼՄ-ների հետ ոստիկանության փոխգործակցության բացառիկ կարևորությունը` ես կփորձեմ ընդհանրական ներկայացնել ոստիկանության լիազորությունների շրջանակը ԶԼՄ-ների հետ իրավահարաբերությունների մեջ մտնելիս, քանի որ բազմաթիվ են դեպքերը, իրավական անիրազեկվածության ու ինչ-որ ենթագիտակցական վախերով պայմանավորված` իրավապահ մարմինները ենթարկվում են անհիմն քննադատությունների, երբեմն էլ «տեղեկատվական հարձակումների»:

Նախ  նշեմ, որ երբ  սոլիդարիզմի մղումներով ոստիկանության վերաբերյալ ընդունվում է «պարսավանքի բանաձև», ապա պաշտոնական պարզաբանումներ տարածելու եղանակով  խնդիրը հանրային օրակարգից դուրս չես հանի:  Ճիշտ կլինի, որ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ մեկնաբանությունները տրվեն այլ ֆորմատով, որովհետև ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, որը տրվել էր  դեկտեմբերի 7-ին,  «չնկատվեց»:

– Պարոն Քոչարյան, հրապարակումների վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումները լրատվամիջոցի հետ միջադեպի առիթ են դառնում: Վերջերս քննարկման թեմա դարձավ News.am-ի միջադեպը, խմբագրությունը հայտնեց, որ դա ճնշում է իրենց նկատմամբ, սակայն ոստիկանության պարզաբանման մեջ նշվում էր, որ երկու լրատվամիջոցի է նման գրություն հանձնվել, սակայն, ինչպես պարզվեց, մյուս լրատվամիջոցը անգամ այդ մասին չհայտնեց: Ինչպե՞ս աշխատել լրատվամիջոցների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Կոնկրետ միջադեպի հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությանը դատախազության կողմից հաճախ են ուղարկվում ԶԼՄ-ների հրապարակումներ այս կամ այն տեղեկությունը ստուգելու հանձնարարություններով կամ առաջարկությամբ: Եթե հանցագործության մասին ԶԼՄ-ով հրապարակված տեղեկությունը կոնկրետ է, դեպքը և այն ենթադրաբար կատարած անձանց շրջանակը հնարավոր է նույնականացնել, ոստիկանությունը, որպես կանոն, ԶԼՄ-ի հաղորդումը դիտարկում է որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հարուցում քրեական գործ: Իսկ եթե տարածված տեղեկություններն իրենց բնույթով վերացական են, ապա դրանք գնահատվում են որպես հանցագործությունների մասին տեղեկություններ և ստուգվում ու «հարստացվում» են օպերատիվ-հետախուզական միջոցառումներով:

News.am խմբագրություն ոստիկաններն այցելել են Գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա, որով դատախազը խնդրել էր ստուգել  կայքի կողմից հրապարակված մի շարք հանգամանքներ:

– Այո, բայց news.am-ը հրապարակել էր Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները: Ինչու՞ պետք է ոստիկանությունը պահանջներ ներկայացներ կայքի խմբագրությանը: Հիմնական քննադատությունը ուղղված էր դրան, որ ցանկացած լրատվամիջոց օրական բազմաթիվ հրապարակումներ է անում, և բոլորի վերաբերյալ կրկնակի բացատրություն չի տալու, մանավանդ, երբ աղբյուրը հայտնի է:

– Պարոն Շարմազանովի հայտարարություններում խոսքը գնում էր երկու խումբ հանգամանքների վերաբերյալ, որ ՀՀԿ-ի աջակիցներին ոստիկանությունը հրավիրում է բացատրական զրույցների, և երկրորդ` սկսել են մարդկանց փնտրել, որոնք ցուցմունք կտան մեծ հեղինակություն ունեցող պատգամավորների դեմ, իբր թե վերջիններիս կողմից գումարներ առաջարկելու կապակցությամբ: Երկու դեպքում էլ խոսքը ենթադրյալ պաշտոնական հանցագործությունների մասին էր, որոնք, սակայն, իրենց անորոշ ու վերացական բնույթով պայմանավորված, չէին կարող դիտարկվել որպես քրեական գործ հարուցելու առիթ: Ավելի պարզ ասած` այդ տեղեկությունները պետք է ստուգվեին օպերատիվ ճանապարհով: Ի դեպ, երբ ես խոսում եմ օպերատիվ ստուգման մասին, չպետք է կարծել, թե պարտադիր պիտի իրականացվի գաղտնագործունեություն: Ստուգումներն իրականացվում են նաև բացահայտ օպերատիվ միջոցառումներով, ինչը և կատարվել է news.am-ի խմբագրությունում:

– Պարոն Քոչարյան, ԶԼՄ-ները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության իրենց աղբյուրը, եթե չկա աղբյուրը բացահայտելու` դատարանի պարտավորեցնող որոշում: Ինչու՞ է լրատվամիջոցին ներկայացվել նման պահանջ, մանավանդ, որ կոնկրետ դեպքում հայտնի է տեղեկատվության աղբյուրը` պարոն Շարմազանովը:

– Շարունակեմ. ոստիկանները տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջ չեն ներկայացրել, ներկայացվել է երկու գրավոր հարցում, մոտավորապես հետևյալ բովանդակությամբ, թե խմբագրությանը վերը նշված տեղեկությունները հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր հայտնի են, թե` ոչ, եթե այո, ապա խնդրում ենք դրանք տրամադրել:

Խմբագրությունը ուղղակի կարող էր պատասխանել, օրինակ, որ ոչ, հայտնի չեն: Բայց օպերատիվ ծառայողները, անկախ պատասխանի կանխատեսելիությունից, պարտավոր են ապահովել օպերատիվ ստուգման բազմակողմանիությունը և լրիվությունը, և հարցման ենթարկել տեղեկությունների ենթադրյալ աղբյուր բոլոր սուբյեկտներին:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ լրատվամիջոցը ոստիկանության «կամայականության» մասին տեղեկություն տարածեց հենց նշածս «օպերատիվ հարցում» միջոցառումը իրականացնելու կապակցությամբ: Ուշադրություն դարձրեք մեկ այլ հանգամանքի վրա ևս. հարցումը պարունակել է տեղեկություն տրամադրելու խնդրանք և ոչ թե պահանջ, եթե իհարկե, ըստ հարցման, նման տեղեկություններ հարցվողը տնօրինում էր: Վերջապես, լրատվական գործունեություն իրականացնողի տարածքը անձեռնմխելի  չէ օրինական լիազորություններ իրականացնող ոստիկանության ծառայողների    համար:

-Նշեցիք, որ օպերատիվ-հետախուզական միջոցսռում անցկացնելու համար պարտադիր չէ գաղտանգործունեությունը: Ինչի՞ մասին է  խոսքը:

– Ոչ գաղտնի օպերատիվ հարցումները նախատեսված են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածով, որի համաձայն` հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով: Օպերատիվ հարցում կատարելու ոստիկանության լիազորությունը ամրագրված է հիշյալ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Այլ կերպ ասած`օպերատիվ ծառայողները գործել են օրենքով իրենց վերապահված լիազորության շրջանակներում: Հիմա հարց է առաջանում` օրինական գործողությունը ապօրինի  ներկայացնելու արարքը  ի՞նչ  նպատակ է հետապնդում: Հնարավոր պատասխանները գտնելը թողնում եմ հանրությանը:

-Նույն մամուլի ներկայացուցիչները, լրագրողները, երբ որևէ գրություն են ստացել լրացուցիչ տեղեկություն հայտնելու վերաբերյալ, որը վերաբերում է տեսանյութին, տեսանյութում կարծիք հայտնողին, հիմնականում նշվում է այն հակափաստարկը, որ տեսանյութը ամբողջությամբ հրապարակված է համացանցում, էլ ի՞նչ է անհրաժեշտ ոստիկանությանը:

-Երբեմն հրապարակվում է ոչ այն ամենը, ինչ նկատել է լրագրողը կամ օպերատորը, երբեմն հրապարակված տեղեկատվության աղբյուրը ըստ կոնկրետ անձի պարզելու անհրաժեշտություն է առաջանում, որը շատ կարևոր է կոնկրետ տեսանյութը որպես թույլատրելի ապացույց ճանաչելու համար, ուստի մեր լրագրող գործընկերներին խնդրում ենք հուզական չեզոքություն պահպանել նման հարցումներ ստանալիս, համագործակցել քննության հետ, ինչը շատ ցանկալի է, կամ չհամագործակցել, տրամադրել օպերատիվ հարցմամբ խնդրվող տեղեկությունները, ինչը շատ կարևոր է, կամ չտրամադրել: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ոստիկանության այս գործողությունների առիթով իրավիճակը որպես իրավապահ մարմնի կողմից ԶԼՄ-ի նկատմամբ ոտնձգություն դիագնոզելու գայթակղությունից:

Իրավապահ որևէ մարմին չի կարող զերծ մնալ քննադատությունից, բայց քննադատության առիթը չպետք է լինի հնարածին, ստեղծական երևակայության ու վախերի արդյունք կամ ձեռք բերի «պրոֆիլակտիկ հակազդման» դրսևորում իրավապահ մարմիններին «տեղը դնելու» քողարկված նպատակով: Քննադատությունը պետք է ունենա գնահատելի փաստական հենք:

– Փաստորեն, կառուցողական աշխատանքի պակաս կա, այնուամենայնիվ, որքան էլ օրենքի շրջանակում է  գործում ոստիկանությունը, միևնույն է, ըստ էության, խնդիրներ առաջանում են և առանց որևէ բովանդակության, միայն այն, որ ոստիկանությունը որևէ լրատվամիջոցի խմբագրությունում է, բացասական ընկալում է  առաջացնում, թեկուզ եթե միայն գնացել է ծառայողը պարզապես գրություն փոխանցելու: Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար:

-Ոստիկանության կողմից միայն մեկ բան` մնալ Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Հին իներցիայով ոստիկանության հետ հարաբերվելը ժամանակավրեպ գործիք է: Այսօր ոստիկանությունն ունի հանրային վստահության բարձր մակարդակ, որին շատ դժվար ենք հասել, հասարակական վստահությունը մեզ համար շատ թանկ ձեռքբերում է: Մենք լավ ենք գիտակցում, որ լրատվամիջոցները խոսքի ազատության պահապաններ են, ու հարգանքով ենք վերաբերում նրանց հանրային առաքելությանը:

Լրատվամիջոցներից խնդրում ենք ոստիկանության հետ շփումներում իրենց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում նախ պարզաբանումներ պահանջել ոստիկանության պաշտոնատար անձանցից, այդ թվում` լրատվական վարչությունից, պատշաճ իրավական խորհրդատվություն ստանալ ոստիկանության լիազորությունների վերաբերյալ, հատկապես բացահայտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասով, որոնք շատ նման են քննչական գործողություններին և որոնք կարգավորող իրավական ակտերը քրեական դատավարության օրենսգրքի պես հասանելի ու ապրոբացված չեն: Եթե նման գործողությունները արդյունք չեն տալիս կամ չեն տվել, իհարկե, նաև փաստեր հրապարակայնեցնել` հանրային քննարկում ու ճնշում խթանելու նպատակով:

Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության թիվ մեկ երաշխիքը հանրային պատշաճ վստահությունն է: Իրավապահ մարմնի նկատմամբ հանրային վստահությունը տատանող ցանկացած հրապարակում պետք է մատուցվի լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով ու նրբանկատությամբ, ինչու՞, որովհետև իրավապահ մարմնի նկատմամբ տարածվող նեգատիվ տեղեկատվությունը, հատկապես չստուգված ու չհաստատված կամ քաղաքական ու խմբային շահերով երանգավորված, շատ դժվար է դուրս գալիս հանրային գիտակցության շերտերից:

Մեր օրերում, երբ պետական ամբողջ ապարատը կրում է լիարժեք պատասխանատություն հասարակության առջև, ոստիկանությունը միշտ ձգտելու է փոխվստահելի հարաբերություններ պահպանել քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ:

Բացասական օրինակներն ու ոստիկանության սխալներն անցյալում են:

Աղբյուրը՝tert.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով