Իշխանությունները վրեժխնդիր են լինում շախմատիստներից. Լավագույն շախմատիստները լքում են Հայաստանը, դպրոցներն էլ՝ փակվում

Analitik.am-ին հայտնի դարձավ, որ մի շարք շախմատի դպրոցներ փակվել են և շարունակում են փակվել, հասկանալու համար պատճառը,   կապ հաստատեցինք «Նարվա»  շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանի հետ, ով ասաց, որ հեղափոխությունից հետո ներկա իշխանությունները վրեժխնդիր են լինում շախմատիստներից. «Սպորտի նախարարությունը լավագույն մարզիկների ցանկ է հրապարակում, որտեղ չկա Լևոն Արոնյանը, և չկա ոչ մի շախմատիստ: Ներկայիս իշխանիկները հեղափոխությունից հետո, մեղմ ասած, վրեժխնդիր են լինում շախմատիստներից՝ փակելով շախմատի դպրոցները և այլ գործողություններ իրականացնելով շախմատիստների դեմ»:

Հարցին, թե ինչի՞ համար են ներկա իշխանությունները վրեժխնդիր լինում, պարոն Վարազդատյանն ասաց, որ պատճառն այն է, որ ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է. «Ես և դպրոցում սովորող աշակերտների ծնողները բազմիցս դիմել ենք ԿԳ նախարարին, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Հիմա էլ դիմելու իմաստ չկա, որովհետև լավագույն շախմատիստներն ու մարզիչները հեռանում են երկրից: Միայն կասեմ, որ իշխանություններից ստացել եմ հետևյալ պատասխանը՝ սովետի վախտով մի հատ շախմատի տուն կար, չէր ըլնը՞մ»:
Վարազդատյանը նաև նշեց, որ իր դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց դեռևս սեպտեմբերին. «Սեփական միջոցներով պահեցի դպրոցը, որից հետո արդեն անհնար էր լուծել ընթացիկ ծախսերի հարցը, որովհետև բոլոր խմբակային պարապմունքներն անվճար էին»:

Ինչ վերաբերում է այլ հովանավորներ փնտրելուն,   «Նարվա» շախմատի դպրոցի տնօրենն ասաց, որ իմաստ չի տեսնում, որովհետև մարդիկ շախմատի անունը լսելիս սարսափում են. «Խնդիրն այն է, որ շախմատն ասոցացվում է Սերժ Սարգսյանի անվան հետ: Դպրոցը 2 մասի էր բաժանվել՝ ես խոսում եմ մինչև սեպտեմբեր տեղի ունեցած իրավիճակի մասին՝ մի մասը կարծում էր, որ պետք է միանալ փողոցային պայքարին՝ դասադուլների միջոցով, իսկ մյուս մասը չէր ցանկանում դա անել: Ցավալին այն փաստն է, որ գրեթե 200 երեխա զրկվեց անվճար ուսումից:»

Մյուս հարցին, թե ինչ-որ քայլեր է ձեռնարկել ֆինանսական աջակցություն ստանալու համար, պարոն Վարազդատյանն ասաց, որ փորձել է կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ, բայց անպատասխան են մնացել բոլոր դիմումները, հետո Իսպանիայից հրավեր է ստացել ու մեկնել այնտեղ. «Դիմել ենք նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ին, Beeline-ին և տարբեր միջազգային կառույցների, բայց նրանցից ոչ ոք չցանկացավ տարածքով օգտակար լինել, հովանավոր գտնելն էլ չհաջողվեց: Կարելի է ասել, վախի մթնոլորտ կա և հեղափոխությունից հետո կազմակերպությունները վախենում են աջակցել շախմատի դպրոցներին: Լավագույն սաներիս հետ ինքս եմ շարունակում պարապել սկայպի միջոցով: Սերժ Սարգսյանի շնորհիվ այս փոքրիկ երկիրը դարձել էր շախմատային գերտերություն, իսկ հիմա ի՞նչ ունենք՝ ոչինչ, որովհետև լավագույնները լքում են երկիրը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Կներկայացնենք նաև այլ տեսակետներ այս խնդրի հետ կապված:

Նշենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների Լևոն Արոնյանը նույնպես պատրաստվում է լքել Հայաստանը:

Օֆելի Իսրայելյան

analitik.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով