Երևանի 71 միլիոնանոց տոնածառը բերվել է ՊՆ-ի ինքնաթիռով. նոր մանրամասներ աղմուկի կենտրոնում հայտնված տոնածառից factor.am

Երևանի գլխավոր տոնածառը Հայաստան է տեղափոխվել Պաշտպանության նախարարության ինքնաթիռով: Մեր այս տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ՝ ՊՆ-ի ինքնաթիռը Ռուսաստանի Դաշնությունից նախարարության համար ինչ-որ բեռ է փոխադրել, որտեղ եղել է ազատ տեղ և կարողացել են նաև տոնածառը բերել: «Նախարարության բեռը փոխադրելուն զուգահեռ նաև այդ բեռն է տեղափոխվել:

Օդանավի մեջ ազատ տեղ է եղել և նախարարությունը սիրահոժար օգնել է քաղաքապետարանին»,- ասաց քաղաքապետի խոսնակը: Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում են նոր տոնածառի լույսերի և խաղալիքների տեղադրման աշխատանքները: Զարդարանքը համակարգում են ռուսական Green Trees ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տոնածառը Երևան է տեղափոխվել Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից: Նոր տոնածառն ունի 35 մետր բարձրություն, որը 3 մետրով բարձր է վերջին 7 տարիներին տեղադրվող տոնածառի բարձրությունից: Լույսերի երկարությունը հասնում է 220 կմ-ի, իսկ խաղալիքների թիվը՝ 1550-ի: Տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին: Նախատեսված է, որ դեկտեմբերի 21-ին կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը: Հիշեցնենք, որ նոր տոնածառի համար վճարվել է 71 մլն դրամ, որը համարժեք է 150 հազար ԱՄՆ դոլարին:

Գումարը հատկացվել է «Էրեբունի-Երևան» 2800-ամյակի միջոցառումներից տնտեսված 600 միլիոն դրամից:

Հայկ Վարդանյան 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով