Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ օրերս տարբեր վնասվածքներով տեղափոխվել է 4 զինծառայող:
«Արմենպրես»ի հետ զրույցում հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը տեղեկացրեց, որ 3 զինծառայող Արցախից է, մեկը՝ Սիսիանից:
«Գևորգ Հովհաննիսյանի մոտ եղել է ձախ ոտնաթաթի ամպուտացիա, դեմքի ձախ կեսի պատռվածքով վերքեր՝ ակնագնդի վնասումով։ Վիրահատություններ արվել են թե՛ Արցախում, թե՛ Երևանում, այժմ նա հսկողության տակ է: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Արգիշտի Հակոբյանն ունեցել է հրազենային գնդակային թափանցիկ վիրավորում՝ որովայնը, կրծքավանդակն աջից վնասված են եղել: Վիճակը կրկին կայուն ծանր է:
Մյուս զինծառայողը Ռաֆիկ Վահանյանն է, ով ձախ ակնագնդի վիրավորում ուներ: Նա տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, այնտեղ հետազոտում են, եթե հարկ լինի՝ կվիրահատեն: Արմեն Հարությունյանն, ով Սիսիանից է մեզ մոտ տեղափոխվել, ուներ ձախ գոտկային շրջանում հրազենային վիրավորում: Բոլորը հսկողության ներքո են»,-ասաց Վահան Գևորգյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով