Երեսուն տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում:

Երեսուն տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:Պաշտոնական տվյալներով` զոհվել էր ավելի քան 25 հազ. մարդ, 19 հազարը դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթեւան էր մնացել:

Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը: Ավերվել էին 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ, ոչնչացվել էր  Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային, սոցիալական եւ արտադրական ֆոնդի 80%-ը:  Ավերածություններ էին տեղի ունեցել նաեւ հանրապետության երրորդ քաղաքում` Կիրովականում (ներկայիս Վանաձոր):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարած հանձնաժողովը։

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։

Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մատույցներում։ Այդ վայրում կա նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով