Եթե տեսնեք՝ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթեւեկում են շարասյունով, զանգեք. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրաժարվեց հայտնել՝ արդյո՞ք ոստիկանությունը գիտի Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե՞ ոչ։ Կառավարության նիստից հետո, լրագրողի հարցի ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։

«Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին. յուրաքանչյուր հետախուզվողի եւ յուրաքանչյուր դեպքով ժամանակ է հարկավոր։ Թույլ տվեք այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք: Կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Վահագն Հարությունյանը, ըստ պաշտպանի, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։ Դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացրել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցների կեղծում կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետ, «Հայկական ժամանակ»-ի լրագրողը Օսիպյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք շարունակում են «ասֆալտին փռելու» օպերացիան իրականացնել, քանի որ տեւական ժամանակ է՝ ոստիկանությունն այդ մասով հաղորդագրություններ չի տարածում:

«Կան մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել ու ճիշտ կանեն՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում «կփռվեն ասֆալտին»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե նկատել ենք՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես էր քարոզարշավին շարասյուներով շրջում, իսկ գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ ավտոշարասյունով երեկոյան ժամերին այցելում է իր «Ռոսիա Մոլ»-ի տարածք, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես ձեզ համար կփոխանցեմ, հենց տեսնեք նման բան, զանգեք»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որոնք ավտոշարասյունով են երթեւեկում, «փռել ասֆալտին»:

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով