ԲՀԿ-ական կեղծ դիտորդների ցուցակում հայտնվել է անգամ Լիլիթ Մակունցի հայրը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ, որոնց մեջ կային ինչպես հայտնի իրավապաշտպան ՀԿ-ներ, այնպես էլ անհայտ անուններով ու ծագմամբ կազմակերպություններ։

«Հետքը» նոյեմբերի 24-ին գրեց այդ ՀԿ-ների մասին, ինչից հետո ավելի քան 21 500 դիտորդներ ներկայացրած 4 ՀԿ-ներից 3-ի հավատարմագրումը չեղարկվեց ԿԸՀ-ի կողմից։ Փոխարենը, սակայն, դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստացավ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն, որը, տարօրինակ զուգադիպությամբ, ներկայացրել էր 5 406 դիտորդ՝ ճիշտ այնքան, որքան ներկայացրել էր ԿԸՀ-ի կողմից մերժված «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն։

Հաշվի առնելով դիտորդների այդպիսի մեծ թիվը, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն այն մասին, որ իր մահացած հոր անունը հայտնվել է «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ դիտորդների ցուցակում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am-ի թիմը որոշեց ուսումնասիրել այդ ցուցակը։

Մենք, նախ, որոշեցինք դասավորել դիտորդների ցուցակն այբբենական կարգով, ինչի արդյունքում մի հետաքրքիր օրինաչափություն ստացվեց։ Մասնավորապես, ակնհայտ դարձավ, որ ցուցակում առկա են բազմաթիվ կրկնվող անուններ (կրնվում է անունը, ազգանունը և հայրանունը), որոնք, սակայն, ընտրողների ռեգիստրում հանդիպում են ընդամենը մեկ անգամ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ընդհանրապես բացակայում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, վերոնշյալ ՀԿ-ի դիտորդների ցուցակում 5 406-ից 1 120 անուն նշված է ավելի քան մեկ անգամ, այնինչ այդ տվյալներով մարդիկ միակն են ՀՀ ընտրողներիռեգիստրում, (որը հասանելի է ԿԸՀ-ի կայքում)։

381 անուն ընդհանրապես չկա ընտրողների ռեգիստրում (այս անձինք կամ մահացած են, կամ անչափահաս են, կամ ՀՀ քաղաքացիներ չեն, կամ պարզապես հորինված են), իսկ 512-ի դեպքում երկու և ավելի նույնանուն դիտորդների տվյալները նույն քանակով կային նաև ռեգիստրում (քիչ հավանական զուգադիպություն է, որ նույն ՀԿ ցուցակում կարող են հանդիպել լիովին նույն տվյալներ ունեցող անձինք)։

Ուշագրավ է նաև այն, որ ցուցակն ուսումնասիրելիս մեզ հանդիպեցին նաև բավականին հայտնի անուններ, որոնց առկայությունը «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ դիտորդների ցուցակում առնվազն զավեշտալի է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվեց, որ, ի թիվս այլոց, «Աբովյանի ուսանողական խորհրդի» կազմով «դիտորդություն» են իրականացրել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հայրը՝ Կամո Մակունցը, ինչպես նաև բազմաթիվ անձինք, որոնք երկրում չեն եղել, եղել են տարբեր կուսակցությունների վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ կամ պարզապես մարդիկ, որոնք, բացի ընտրելուց, որևէ այլ կերպ չեն մասնակցել ընտրական գործընթացներին։

Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում զարմանք արտահայտեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հերքեց իր հոր կապը այդ կազմակերպության հետ: Հովսեփ Խուրշուդյանը ևս տեղյակ չէր, թե ինչպես է իր անունը հայտնվել այդ կազմակերպության դիտորդների ցանկում:

Օրինակ` Գեղազնիկ Անդեյանը եղել է ՀՅԴ վստահված անձ, Քամալյան Գոհարը եղել է հանձնաժողովի անդամ 24/1 տեղամասում, Մետաքսյա Դավթյանը ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին և այլն:

Վերոնշյալ անձինք տեղյակ չեն եղել, որ «դիտորդություն» են իրականցրել, ավելին` իրենք երբևէ կապ չեն ունեցել «Աբովյանի ուսանողական խորհրդի» հետ։

Հիշեցնենք, որ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ ղեկավարը Վեներա Գյուլինյանն է, որն այս խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից՝ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում։

Այս ՀԿ-ի ներկայացրած ցուցակում առկա հազարավոր «վրիպակները» պատահական չեն և, անշուշտ, շատ որոշակի նպատակ են հետապնդել։ Սակայն օրենսդրական բացերի պատճառով  ԿԸՀ-ն նմանատիպ խախտումները հայտնաբերելուց հետո համապատասխան քայլերի դիմելու հնարավորություն չունի։

Օրենսդրական առումով, միակ լծակը, որն ուներ (բայց չօգտագործեց) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն էր, որ հասարակական այս կազմակերպությունը բացահայտ կերպով սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչը, ըստ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի՝ անհամատեղելի է դիտորդական առաքելություն իրականացնելու հետ:

Այս կազմակերպությունը ընտրությունների հետ կապված չի ներկայացրել որևէ զեկույց կամ դիտարկում և միջազգային չափանիշներով կարող է որակվել որպես կեղծ դիտորդական առաքելություն:

«Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի դիտորդների ամբողջական ցուցակը՝ այստեղ

 

fip.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով