Փաշինյանի անեկդոտը եւ Մուկուչյանի պատասխանը aravot.am

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցություն նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ԱՄՆ է ուղարկում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Սարգսյանին զանգում է Օբաման ու ասում. «Քո արածն արա՞ծ է։ ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել»,- հանրության շրջանում հայտնի այս հումորն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նրանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը։ Ի դեպ, հաշվետվությունն առանձնակի հետաքրքրություն չառաջացրեց պատգամավորների շրջանում։ Հումորը պատմելուց հետո Փաշինյանը հավելեց. «Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը եւ օգտագործում է բանահյուսության մեջ։

Ընտրախախտումները շատ կարեւոր պետական հարց են, որի ֆոնին, ցավոք սրտի, ձեր կերպարն ահա այսպիսին է»։ Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով