Տնտեսական աճի կանխատեսումը նվազեցվել է. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը 1,3 կետով նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 6,2-ից դարձնելով 4,9 տոկոս։ Գլխավոր դրամատունն այլեւս չի հավատում բարձր աճի հավանականությանը։

Չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի տնտեսական աճի սպասումները գնահատվել են 4,6-5,1 տոկոս։ Սա զգալիորեն ցածր է նախորդ եռամսյակի կանխատեսումների համեմատ։ Ընդամենը երեք ամիս առաջ ակնկալիքները 5,6-6,9 տոկոսի միջակայքում էին։

Այդպիսով տնտեսության նվազագույն աճի հավանականությունը Կենտրոնական բանկն իջեցրել է մեկ տոկոսով։ Շատ ավելի կտրուկ փոփոխության է ենթարկվել առավելագույն աճի կանխատեսումը՝ միանգամից 1,8 տոկոս։

Կենտրոնական բանկի կանխատեսումները վկայում են, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատանում է։ Դրանում դժվար չէ համոզվել՝ հաշվի առնելով վերջին ամիսների միտումները։ Վերջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում նվազել է ավելի քան 4,6 տոկոսով։

Տարեվերջից երկու ամիս առաջ այն այլեւս տատանվում է 6 տոկոսի սահմաններում։ Դատելով Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներից՝ կարելի է ասել՝ առաջիկա երկու ամիսներին տնտեսական զարգացումները կշարունակեն բացասաբար ազդել աճի ցուցանիշների վրա։

Հիշեցնենք, որ առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճը կազմեց 8,3 տոկոս, ինչը վերջին տարիների լավագույն ցուցանիշն էր։ Սա մի պահ որոշակի հույսեր առաջացրեց, որ կհաջողվի ապահովել բավական բարձր տնտեսական աճ։ Սակայն կարճ ժամանակահատվածում նոր կառավարությունը լիովին մսխվեց կուտակված աճի պոտենցիալը։ Ոչ միայն չհաջողվեց պահպանել առաջին կիսամյակի ձեռքբերումները, այլեւ դրանք շոշափելիորեն նվազեցին։

Փոխանակ նպաստելու տնտեսական գործընթացների ակտիվացմանը՝ կառավարությունն իր գործողություններով նոր ռիսկեր ստեղծեց տնտեսության համար։ Դա արտահայտվեց տնտեսական աճի ցուցանիշների վատացման տեսքով։

Վերջին ամիսների դրսեւորումներից հետո կառավարությունը նույնպես դադարել է հավատալ բարձր տնտեսական աճի հավանականությանը։ Եթե հոկտեմբերի սկզբին կանխատեսվում էր համախառն ներքին արդյունքի ընդհուպ մինչեւ 6,9 տոկոս ավելացում, ապա արդեն նույն ամսվա վերջին գործադիրի սպասումները 5,1 տոկոսի սահմաններում էին։

Այս առումով Կենտրոնական բանկի եւ կառավարության կանխատեսումները շատ չեն տարբերվում։ Չնայած ԿԲ-ն չի բացառում նաեւ ավելի հոռետեսական սցենարի հավանականությունը։ Խոսքը՝ 4,6 տոկոս նվազագույն աճի մասին է, որը գրեթե համարժեք է պետական բյուջեով ծրագրված ցուցանիշին։ Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ամրագրված է 4,5 տոկոս տնտեսական աճ։

Հիմնվելով արձանագրվող ցուցանիշների եւ ներկայացվող կանխատեսումների վրա, կարելի է ասել, որ 2018թ. տնտեսական աճի մակարդակը զգալիորեն ցածր կլինի նախորդ տարվա համեմատ։ Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ 7,5 տոկոս ավելացում։
Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի սպասումները լավատեսական չեն նաեւ առաջիկա տարիների համար։ Մասնավորապես հաջորդ տարվա տնտեսական աճը Կենտրոնական բանկը գնահատել է 4,4-5,5 տոկոս։

ԿԲ-ն լավատես չէ նաեւ 2020թ. սպասումների առումով։ Ակնկալիքները նվազման ուղղությամբ վերանայելուց հետո 3,9-5,4 տոկոսի միջակայքում են։

Ի դեպ, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացումներին չեն հավատում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք իրենց կանխատեսումներում չափավոր աճ են ակնկալում։

Այս պահին այլ գնահատականներ անշուշտ դժվար է տալ՝ հաշվի առնելով թե՛ առկա իրողությունները, թե՛ առաջիկա սպասումները։ Զարգացումները բարվոք չեն լինի հատկապես 2019թ. սկզբին։ Կանխատեսվում է, որ տարին կմեկնարկի տնտեսական անկումով, ինչի նախանշանները երեւում են արդեն այժմ։ Ընթացիկ տարվա սկզբի բարձր ակտիվությունից հետո տարեվերջին տնտեսական զարգացումները մեծապես պասիվացել են։

Որեւէ հույս չկա, որ առաջիկա ամիսներին վիճակը կարող է էական փոփոխության ենթարկվել։ Հայաստանի տնտեսության զարգացումները մեծապես կախված են ներդրումներից։ Սակայն այդ առումով սպասումները չեն արդարանում։ Ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլեւ բազմապատիկ կրճատվել են։

Այս պայմաններում բնական է, որ տնտեսական աճի հետ կապված լուրջ հույսեր չկան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով