ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով ՀՀ իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին և ԶԼՄ-ներին, հայտնելով, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:
Tert.am-ը պատգամավորի թեկնածուի հրապարակման ընթացքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությանը հարցրեց, թե արդյոք տեղյակ են հրապարակման մասին, և արդյոք որևէ քայլ ձեռնարկվել է դրան ընթացք տալու ուղղությամբ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ հրապարակման մասին տեղյակ են. «Տեղյակ ենք արված հրապարակման մասին և դրա հիման վրա Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) նյութեր են նախապատրաստվում»:
Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը մասնավորապես գրել էր. «Արդեն քանի օր է՝ իմ հանդեպ տարբեր տիպի սպառնալիքներ են հնչում՝ կապված իմ նախընտրական գործունեության հետ: Հիմա ինձ արդեն խորհուրդ են տալիս ընտանիքով լքել իմ երկիրը իմ քաղաքական հայացքների համար»: