Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, մի մասն էլ՝ Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալի և Սիսիանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավյանի գլխավորությամբ։