Ամանորին ու հետամանորյա օրերին Հայաստանում մշտապես գրանցվում են պայթուցիկներից վնասվելու դեպքեր: Շատերը, այդ թվում՝ անչափահասները, փորձում են ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրություն ապահովել, մինչդեռ երբեմն լինում է հակառակ արդյունքը:
Ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տասնյակից ավելի դժբախտ պատահար է գրանցվում, սակայն դա խրատ չի լինում: Այսօր էլ մայրաքաղաքի փողոցներում, գետնանցումներում առանց արգելքի պայթուցիկներ են վաճառում, ցավոք սրտի, գնողների մեծ մասը անչափահասներ են:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանն այս տարի ևս կոչով դիմում է ծնողներին՝ Ամանորին ընդառաջ երեխաներին հնարավորինս զերծ պահել այդ կարգի «ուրախությունից»:
«Ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ՝ մի գնեք և երեխաներին էլ արգելեք գնել այդ պայթուցիկները: Ավելի լավ է մեկ անգամ արգելել, քան հետո ամբողջ կյանքում մեղադրեք ինքներդ ձեզ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է վիրաբույժը:
Նշենք, որ նախորդ տարի Panorama.am-ն անդրադարձել էր պայթուցիկների խնդրին: Արամ Սահակյանը մեզ տրամադրել էր սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնք գուցե սթափեցնեին մարդականց: Վիրաբույժի խոսքով՝ այդ լուսանկարները, կարծես թե, որոշ չափով զգոնության կոչ են եղել, քանի որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում նախորդ տարիների համեմատ համեմատաբար քիչ դեպքեր են գրանցվել:
«Ամեն տարի դեկտեմբերի 27-ից սկսած լուրջ վնասվածներով դեպքեր ենք ունենում: 2016 թ-ի դեկտեմբերին և 2017 թ-ի հունվարին ընդհանուր առմամբ ունեցել ենք 28 դեպք, իսկ 2018 թ-ին՝ 18 դեպք: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնենք: Որքան շատ իրազեկման աշխատանքներ տարվեն, այդքան քիչ երեխաներ կտուժեն»,- նշում է Արամ Սահակյանը՝ հավելելով, որ ընդհանրապես օրենքով պետք է արգելել պայթուցիկների և տարբեր հրավտանգ նյութերի վաճառքը:
Ըստ միկրովիրաբույժի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացնի ոստիկանությունը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը, պայթուցիկների դեմ քարոզչությունն ու բացատրական աշխատանքը պետք է տարվի անընդհատ, այլ ոչ միայն տոներից առաջ, քանի որ բազմաթիվ երեխաներ դրա պատճառով հաշմանդամ են դառնում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում