Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am–ից. գործակալության հայտարարությունը

Նախընտրական քարոզարշավի շրջանակում NEWS.am–ը հրապարակել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ուղիղ միացումները  և գրառումները` նպատակ ունենալով ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի` հավասար պայմաններում լուսաբանվելու հնարավորությունը։

Այսպես, հրապարակվել են նաև ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց»  և «ՀՀԿ-ի աջակիցներին հրավիրում են ոստիկանություն՝ բացատրական զրույցների․ Շարմազանով»  վերտառությամբ տեղեկությունները։

Դեկտեմբերի 7–ի երեկոյան NEWS.am–ի խմբագրություն է այցելել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը և պահանջել տրամադրել վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։

Փաստաբանների միջամտությունից հետո ոստիկանության աշխատակիցը NEWS.am–ին հանձնել է երկու գրություն, որոնցում մեջբերված են վերոնշյալ հրապարակումները և խնդրում են տրամադրել «վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր»։

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաև, որ սա իր վերջին այցը չէ, և այսուհետ պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել Ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով և ինչ նպատակով է այցելել գրասենյակ և պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել։

Նշենք, որ գրությունների բովանդակությունից ակնհայտ է, որ հարցում կատարողները գիտակցել են, որ խոսքը Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերի սղագրության մասին է և, բնականաբար, խմբագրությունում չէին կարող լինել «վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր», կամ, ինչպես բանավոր են ներկայացվել` ապացույցներ։

Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի և Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք և համակողմանի լուսաբանումը։

Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը։

NEWS.am–ը հայտարարում է, որ ինչպես և նախկինում, այսուհետ էլ աշխատելու է իր որդեգրած գործելաոճով, այն է` հասարակությանն ապահովել անաչառ և բազմակողմանի լրատվությամբ, և թույլ չի տա իր իրավունքների որևէ ոտնահարում, ինչպես նաև իր վրա ճնշման ուղղակի և անուղղակի որևէ փորձ։

 

 

 

 

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Վերջին 10 օրերին ՀՀԿ-ին ավելի շատ են անդամագրվել,... Այսօր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում նախարարների տեղակալներ, վարչության պ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով