Ընտրություններն ավարտվեցին, խնդիրները մնացին․ «Հայոց աշխարհ»

Загрузка...

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն։ Խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որն էլ կձեւավորի կառավարության կաբինետը։

Թե նախկին կառավարության անդամներից ովքեր տեղ կգտնեն նոր կաբինետում, ցույց կտա ժամանակը։ Մի բան փաստ է, որ նախորդ կառավարության գործունեությունը, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, դժվար է արդյունավետ համարել։

Կարճատեւ աշխատանքի ընթացքում այն աչքի ընկավ խնդիրների վերաբերյալ իր անտեղյակությամբ, անփորձությամբ, ոչ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Կառավարության գործունեությունը ոչնչով չտեղավորվեց ժամանակին տրված խոստումների մեջ։ Չհաջողվեց որեւէ դրական փոփոխություն կատարել սոցիալական կյանքում։

Նախորդ կառավարությունն առանձնացավ տնտեսական գործընթացները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու մոլուցքով՝ հաշվի չառնելով դրա հնարավոր ծանր հետեւանքները։ Հայաստանի տնտեսությունը երբեւէ այնպիսի անտարբերության մատնված չէր եղել, ինչպես իշխանափոխությունից հետ։

Տնտեսական կյանքը կարծես կանգ էր առել։ Իր գործունեության ընթացքում կառավարությունը հնարավոր ամեն ինչ արեց տնտեսությունը խնդիրների առջեւ կանգնեցնելու համար։ Որքան էլ զավեշտալի է, դա նրան հաջողվեց։

Ի հայտ եկած ռիսկերը ստիպեցին շատերին ձեռնպահ մնալ իրենց տնտեսական մտադրությունների իրականացումից։ Հարցականի տակ հայտնվեցին մի շարք ներդրումնային նախագծեր, այդ թվում՝ արդեն ավարտական փուլում գտնվող։

Այս պայմաններում պատահական չէր, որ չնայած կառավարության հորդորներին, այնուհանդերձ դադարեցին դրսից ներդրումներ գալ Հայաստան։ Մինչդեռ իշխանափոխությունից առաջ խոսվում էր ներդրումային բում ապահովելու մասին։ Ներդրումներ բերելու իր անկարողությունը կառավարությունը փորձեց քողարկել նախկին խորհրդարանի գոյությամբ, թեեւ այն բոլոր հնարավոր միջոցներով օժանդակում էր գործադիրի նախաձեռնություններին։

Ընտրությունների շրջանում հայտարարվեց որոշ ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ Նույնիսկ ստորագրվեց հուշագիր Հայաստանում ռուսական մի ընկերության կողմից ավելի քան 300 մլն դոլարի ներդրումներ կատարելու՝ սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, ինչպես նաեւ ապակի արտադրելու մասին։

Բայց շուտով պարզվեց, որ խոսքը մի ընկերության մասին է, որը զբաղվում է շինարարական բիզնեսով եւ ունի շատ համեստ ֆինանսական ու տնտեսական հնարավորություններ։ Ու դեռ հարց է, այդ ներդրումները կլինե՞ն, թե՞ գործ կունենանք նախընտրական հնարքի հետ։ Մի բան, ինչը իշխանությունը փորձեց կիրառել տարբեր ոլորտներում ու տարբեր ձեւերով։

Անկախ ամեն ինչից՝ փաստ է, որ նախորդ կառավարության գործունեության յոթ ամիսների ընթացքում տնտեսական կյանքը Հայաստանում կտրուկ նահանջ ապրեց։ Տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում ակտիվության տեմպը ընկավ, առանձին դեպքերում նույնիսկ անկում գրանցվեց։

Տարվա առաջին կեսին արձանագրված 8,3 տոկոս աճից հետո՝ 2018թ. ընթացքում ակնկալվում է ընդամենը 5 տոկոսին մոտ տնտեսական աճ։ Քաղաքական շահարկումների հետեւից ընկնելով՝ կառավարությունը գրեթե ոչինչ չարեց տնտեսության կայունությունը երկրում պահպանելու համար։

Հարցականի տակ է նույնիսկ պետական բյուջեի եկամուտների կատարողականը։ Մինչդեռ կառավարությունը խոստացել էր շոշափելիորեն ավելի շատ մուտքեր ապահովել, քան նախատեսել էր նախորդ իշխանությունը։

Ինը ամիսների տվյալներով բյուջեի կատարողականը 28 մլրդ դրամով նույնիսկ զիջեց ճշգրտված պլանը։ Բոլոր հիմքերը կան ասելու, որ տարեվերջին տարբերությունը շատ ավելին կլինի։

Սոցիալական ոլորտում նախկին կառավարությունը չկարողացավ որեւէ էական առաջընթաց ապահովել։ Աշխատավարձերը իշխանափոխությունից հետո չփոխվեցին, թոշակները եւս մնացին նույնը։ Այս առումով կառավարությունը չկարողացավ հիմքեր ստեղծել նաեւ հաջորդ տարվա համար։

Այնպես որ, հասարակության կյանքում դրական փոփոխությունների ակնկալիքները մնացին չիրականացված։ Ընդհակառակը գնաճային դրսեւորումները, հատկապես որոշ ապրանքների գների զգալի բարձրացումը մեծացրեց սոցիալական ճնշումը։

Քաղաքական իշխանությունը տվեց բազմաթիվ խոստումներ, բայց ի վիճակի չեղավ դրանք կատարել։ Այդ հանգամանքը չխանգարեց, որ գործադիրի ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններում ստանա իր գործունեությունը շարունակելու եւ նոր կառավարություն ձեւավորելու մանդատ։

Վերջինս, սակայն, այլեւս չի ունենա մանեւրելու այն հնարավորությունը, ինչն ուներ նախկինում։ Կառավարությունը ստիպված է լինելու առաջիկայում բախվել տնտեսության ներսում առկա եւ հասարակությանը հուզող բազում խնդիրների լուծման հետ։ Ու այլեւս անհնարին է լինելու դա պատճառաբանել նախկին իշխանությունների գործոնով։

Տեղին-անտեղի մարդկանց տրվել են բազմաթիվ խոստումներ։ Մինչ օրս հաջողվել է տարբեր պատճառաբանություններով խուսափել դրանց կատարումից։ Այսուհետ շատ ավելի դժվար է լինելու։ Եկել է կատարելու ժամանակը։

Ինչպե՞ս է պատրաստվում խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող նոր կառավարությունը դուրս գալ այդ ամենի տակից, կերեւա գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո։ Անորոշ խոստումները, որոնք կային նախորդ կառավարության ծրագրում, այլեւս չեն կարող բավարարել հասարակությանը։ Մարդիկ սպասում են կոնկրետ արդյունքների։

Կառավարությունն այս փուլում խնդիր ունի կանգնեցնել նախ եւ առաջ տնտեսության հետընթացը, թեպետ խոստացել է իրականացնել տնտեսական հեղափոխությունն ու թռիչքաձեւ աճը»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...