Երբվանի՞ց է Հայոց Ցեղասպանությունը ԱԳ նախարարի բառապաշարում դարձել է «անցյալում տեղի ունեցած անցանկալի իրադարձություն»

Загрузка...

Նախ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո  էլ մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,- ինչին ի պատասխան Անկարայում Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում արձագանքել էին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման համար անհրաժեշտ է, որ

1․ Հայաստանը Արցախը հանձնի Ադրբեջանին
2․ Հայաստանը հրաժարվի Հայով Ցեղասպանության ճանաչման պահանջից։

Այստեղ տեղին է նշելը, որ Թուրքիան այն երկիրն է, որը Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին։ Թուրքիան բացմիցս է պաշտոնապես հայտարարել, որ մինչեւ վերջ կանգնած է Ադրբեջանի կողքին, եւ որեւէ որոշում, որ ընդունելի լինի Բաքվի համար, ընդունելի կլինի նաեւ Անկարայի համար Արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

Ըստ էության հերթական անգամ Անկարան վերահաստատում է իր կեցվածքը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ նորմալացնել Թուրքիայի հետ, դա լիովին ճշմարիտ է, սակայն նույնքան ճշմարիտ է նաեւ այն, որ բազմիցս էլ Անկարայից Էրդողանի, Չավուշօղլուի եւ այլոց շրթունքներով հնչել է պատասխան, որը կարելի է ասել՝ բառացիորեն նույնն է, ինչ արդեն այսօր հնչեցված հայտարարությունը։

Վերջին անգամ այս թեմային Թուրքիան պետության ղեկավարի՝ նախագահ Էրդողանի մակարդակով անդրադարձել է դեկտեմբերի 3-ին, Chatham House-ում ունեցած իր ծավալուն ելույթի ժամանակ, ինչպես հաղորդում է թուրքական «Միլլեթը»։ Ընդ որում, Էրդողանը ասել է բառացիորեն հետեւյալը․ «Թուրքիան նպաստում է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը։ Հայաստանը միակ երկիրն է, որը դուրս է մնում այդ պատկերից։ Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ Հայաստանի իշխանությունները կունենան ավելի հստակ տեսլական եւ կդրսեւորեն ավելի ողջամիտ մոտեցում» /մեջբերումն ըստ «Սպուտնիկ» ռադիոկայանի հայկական ծառայության/, ինչը Էրդողանի բառապաշարում արդեն հասկանալի է, թե ինչ կարող է նշանակել։ Հետեւաբար այստեղ արդեն անհասկանալի է, թե այս հայտարարության հնչեցումից մեկ շաբաթ հետո ինչու է

1․ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին, այն էլ այնպիսի տոնայնությամբ, կարծես թե այս հարցում կա մի բան, որը գաղտնի է պահվում եւ միայն ինքը գիտի կամ նեղ շրջանակով մարդիկ

2․ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատր Զոհրաբ Մնացականյանը հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը նոր էջ է բացում Հայաստանում բարեփոխումների համար եւ ապա անցել կրկին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցին։

Ընդ որում, նախարարի պաշտոնակատար Մնացականյանը երեւի թե «Փաշինյանի սրտի ավելցուկից» է խոսել, մանրամասնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը «պետք է լինի շարունակական պրոցես։ Երկու երկրների միջեւ անցյալում անցանկալի իրադարձություններ են տեղ գտել, սակայն մենք հանդես ենք գալիս առանց նախապայմանների բանակցությունների օգտին։ Դա կարող է բարդ թվալ, սակայն երկու երկրների հարաբերություններում պետք է նոր ուղի գտնել։ Այն ինչ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ անցյալում, չպետք է կրկնվի»/մեջբերումն ըստ «Անադոլու» լրատվական գործակալության ռուսական ծառայության հրապարակման/։

Այս անհասկանալի եւ նաեւ՝ վտանգավոր մեսիջների փոխանակության վրա ուշադրություն կարելի էր եւ չդարձնել, եթե իհարկե ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հայտարարության բառապաշարում Հայոց Ցեղասպանությունը չդառնար «երկու երկրների միջեւ անցյալում տեղ գտած անցանկալի իարդարձություններ», կամ «երկու երկրների միջեւ անցյալում տեղի ունեցած» ինչ որ բան։
Վերջում հիշեցնենք, որ Երեւանում այս օրերին տեղի էր ունենում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վահրամ Կեսսայան

armlife.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...